Լրահոս
Օրվա լրահոսը

«Վազգեն Սարգսյանն ասում էր՝ տղամարդը ծննդյան օր չի ունենում, պետք է նշել միայն կանանց ծնունդը»

Մարտ 05,2015 15:14

Այսօր Aravot.am-ը Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբորը՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին փոխանցեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի այն միտքը, որ եթե Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, ըստ էության ոչինչ չէր փոխելու, որովհետեւ շրջափակման մեջ ենք: Այսինքն, ըստ նրա, անձերը դեր չեն խաղում: Մեր հարցին՝ համաձա՞յն եք դրա հետ՝ Արամ Սարգսյանը պատասխանեց. «Ես բացարձակ համաձայն չեմ: Անձերը պատմության մեջ լուրջ դերակատարություն ունեն: Բայց չեմ էլ ուզում մեկնաբանեմ: Յուրաքանչյուր մարդ ազատ է իր տեսակետներն ասելու, իր մոտեցումներն ունենալու: Վազգենը, միանշանակ, կախարդական փայտիկ չուներ, որ իրավիճակը փոխեր: Բայց մինչեւ Հոկտեմբերի 27-ը Հայաստանի Հանրապետությունը, որպես պետություն, այլ կարգավիճակ ուներ: Տարածաշրջանում ինքը որոշիչ ու ազդեցիկ դեր ուներ: Իմ կարծիքով, Հոկտեմբերի 27-ից հետո էր, որ Հայաստանն իր դիրքերը զիջեց, իր սեփականությունն օտարեց, թուլացավ տարածաշրջանում՝ ասելիքի ու հեղինակության առումով: Հոկտեմբերի 27-ից հետո պիտի նայենք, թե ով օգտվեց, ովքեր հարստացան, ովքեր գույքը պարտքի դիմաց տվեցին օտարներին, այդ օտարներն ինչ ազդեցություն ունեցան ու այստեղ գալով՝ մեր հետ ինչ տոնով սկսեցին խոսել: Ես կասկածում եմ, որ որեւէ ռուս չինովնիկ Վազգենի ներկայությամբ կհամարձակվեր իրեն այդպես պահել»:

Այսօր Սպարապետի ծննդյան 56-ամյակն է, եւ մենք նաեւ հետաքրքրվեցինք, թե Վազգեն Սարգսյանը սովորաբար իր ծննդյան տարեդարձն ինչպե՞ս էր նշում: Արամ Սարգսյանը պատասխանեց. «Վազգեն Սարգսյանն ասում էր, որ տղամարդիկ ծննդյան օրերը չպետք է նշեն: Պետք է նշել միանշանակ միայն կանանց, աղջիկների, մայրերի ծնունդը: Տղամարդը ծննդյան օր չի ունենում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031