Գործարար Սիլվա Համբարձումյանը ուրախությամբ է փաստում այն հանգամանքը, որ Հայաստանը դարձել է Եվրասիական տնտեսական միության անդամ:
«Ազդակ» ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ գործարարը հայտնեց, որ եվրոպական շուկա շատ ծանր է մտնելը, քանի որ իրենց թույլտվության համար 10 տարի ժամանակ կարող է անցնել, իսկ Ռուսաստանի համար նման թույլտվություն պետք չէ. «Հենց Հայաստանը մտավ Մաքսային միություն, այդ ժամանակ նոր Եվրոպան սկսեց Հայաստանին լավ պայմաններ առաջարկել, իսկ մինչեւ այդ Հայաստանին համարում էին 6-րդ կարգի պետություն: Թող շուտ այդ պայմանները առաջարկեին: Եվ վերջապես, ո՞վ ա փակելու այդքան պարտքերը»: Գործարարը վստահ է, որ Եվրոպան քանդվելու է եւ որ այն ԲՀԿ-ի նման փուչիկ է:
«Եթե այստեղ նորից զարգանա թեթեւ արդյունաբերությունը եւ արտադրությունը, շատ լավ պայմաններ կստեղծվեն ժողովրդի համար, ժողովուրդը կսկսի նորմալ ապրել»,-նշում է գործարարը եւ միանգամից հիշում Սովետական միության տարիները, թե ինչպես այդ ժամանակ ոչ մի աղքատ մարդ չկար: Գործարարը վստահ է, որ ամեն ինչ էլ հնարավոր կլինի վաճառել ռուսական շուկայում եւ հատկապես գյուղատնտեսական ապրանքները, քանի որ Լեհաստանի, Հոլանդիայի եւ այլ եվրոպական երկրների համար Ռուսաստանի դռները փակ են:
Նկատառմանը, թե Ռուսաստանի տնտեսությունը օրեցօր անկում է պարում, նավթի գներն էլ իրենց հերթին են անկում ապրում, ինչպե՞ս կարող է լավ ապագա սպասվել Հայաստանին, Սիլվա Համբարձումյանն ասաց. «Նավթի գինը Սովետական միության փլուզումից հետո միանգամից բարձրացավ, այն միշտ այդ ժամանակ 40 դոլար է եղել, Ամերիկան է այն արհեստականորեն բարձրացրել: Եթե 40 դոլար էլ մնա՝ Ռուսաստանը երբեք պրոբլեմ չի ունենա: Ամեն ինչ Ռուսաստանը ռուբլիով է վաճառում, ունի ոսկի, նավթ եւ գազ, էլ չեմ ասում, թե ինչքան արժույթ ունի»:
Կարդացեք նաև
Ըստ գործարարի կանխատեսումների՝ 2016 թվականը տնտեսական առումով ծանր տարի կլինի ոչ միայն Հայաստանի, այլ ողջ աշխարհի համար: Ըստ նրա՝ Հայաստանում տնտեսական դրությունը կսկսի բարելավվել 2018 թվականին: Կանխատեսում է, որ այդ ժամանակահատվածում ամեն ինչ, այդ թվում՝ հացը, «ոսկու» գնով ենք գնելու:
Սիլվա Համբարձումյանը վստահ է, որ Հայաստանում պետք է վերանա մենաշնորհը եւ հստակեցվի հարկային դաշտը. «Հարկային դաշտի հստակեցման դեպքում ներդրողներ կգան, սակայն նրանք վստահ չեն օրենքի վրա: Իրենք գիտեն, որ մեկը շաքար է բերում եւ մյուսին չի թողնում բերի, քանի որ գին է թելադրում»:
Ասուլիսին Սիլվա Համբարձումյանը նաեւ անդրադարձ կատարեց էներգետիկայի եւ բնական պաշարների ներկայիս եւ նախկին նախարարների գործունեությանը. «Եթե մենք լավ բանակցային նախարար ունենանք, ապա մեզ համար ԵՏՄ տարածքում գազի գինն էլ կնվազեցնի»:
Նա հիշեց, որ «Ազատություն» ռադիոկայանին տված իր հարցազրույցում ինքը ասել էր, որ պետք է նախկին նախարար Արմեն Մովսիսյանին քրեական պատասխանատվության ենթարկել. «Հիմա են հասկանում, որ այդպես էր պետք, քանի որ «Նաիրիտի» համար 200 միլիոն դոլարը օդ է ցնդել: Հիմա ինքը երեւի իր ամեն ինչը դրել է գրավ եւ փող է վերցնում, որ «Նաիրիտին» աշխատավարձ տա»: Գործարարն ասաց, որ ինքը տեղյակ է, որ Արմեն Մովսիսյանի ողջ ունեցվածքը, տունը, անգամ ՏԷՑ-ը գրավ են դրված. «Ինձ առաջարկեցին, որ ես ՏԷՑ-ը գնեմ, սակայն ես ասացի՝ ինչի՞ս է պետք»:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ