Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Աղաբաբյանը կմնա ԲՀԿ-ում

Մարտ 05,2015 14:53

Քիչ հետո կմեկնարկի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության արտահերթ 8-րդ համագումարը: Համագումարը լինելու է փակ: Այս համագումարի անհրաժեշտությունը, հիշեցնենք, առաջացավ փետրվարի 12-ին ՀՀԿ գործադիր մարմնի նիստում նախագահ Սերժ Սարգսյանի՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին նվիրված ծրագրային ելույթից հետո: Այս համագումարում ակնկալվում է, որ ԲՀԿ-ն ի վերջո կտա հարցերի պատասխանը, որոնք առաջացել են նախագահի ելույթին եւ դրան հաջորդած իրադարձություններից հետո:

Երեկ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը գաղտնազերծել էր համագումարի սցենարը՝ կլինի Գագիկ Ծառուկյանի կուսակցության ղեկավարի պաշտոնից հրաժարական, ԲՀԿ նոր նախագահ կընտրվի Նաիրա Զոհրաբյանը եւ, ամենայն հավանականությամբ, ԲՀԿ-ն կշարունակի իր քաղաքական գործունեությունը ոչ իշխանություն-ոչ ընդդիմություն՝ այլընտրանք դաշտում:

ԲՀԿ-ի համագումարը, ինչպես հայտնի է, տեղի է ունենալու կուսակցության կենտրոնական գրասենյակում: Գրասենյակն այժմ մարդաշատ է, պատվիրակները շտապում են համագումարի, բայց խուսափում են զրույցներից եւ մեկնաբանություններից:

Aravot.am-ի հարցին՝ շա՞տ են լինելու կուսակցությունը լքողները, ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանն ասաց. «Նո քոմենտ: Մեկ ժամից կստանաք բոլոր հարցերի պատասխանները»:

Մամուլում այսօր տեղեկություններ կային, որ ԲՀԿ-ն լքելու է նաեւ ԲՀԿ-ական պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը: Aravot.am-ի հետ զրույցում պարոն Աղաբաբյանն ասաց, որ դա ապատեղեկատվություն է ու երբեւէ իր մտքով չի անցել լքել կուսակցությունը:

Ի դեպ, տեղեկություններ են շրջանառվում նաեւ այն մասին, որ առաջիկայում մանդատից կհրաժարվի նաեւ ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: Այդ տեղեկությունների հավաստիությանը նպաստեց նաեւ երեկ ուշ երեկոյան Տիգրան Ուրիխանյանի ֆեյսբուքյան էջում հայտնված գրառումն այն մասին, որ արժանապատվությունն ավելի է, քան կարիերան:

Երեկ նաեւ խորհրդարանում ինչ-որ միջադեպ է եղել, որը լրագրողները եւս կապել են Տիգրան Ուրիխանյանի՝ մանդատը վայր դնելու հետ: Սակայն մեր տեղեկություններով, երեկ խորհրդարանում տեղի ունեցածը կենցաղային բնույթ է կրում եւ որեւէ առնչություն չունի Տիգրան Ուրիխանյանի հետագա քաղաքական գործունեության հետ:

Համենայնդեպս, Տիգրան Ուրիխանյանը դեռ չի մեկնաբանում մանդատը վայր դնելու մասին լուրերը, ավելի ճիշտ՝ չի պատասխանում հեռախոսազանգերին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031