Մարտի 15-ին Շիրակի մարզի 5 համայնքներում՝ Հառիճում, Անուշավանում, Սարակապում, Կարմրավանում ու Արփենիում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ: Ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի տարածքային վարչության տեղական ինքնակառավարման եւ համայնքային ծառայության հարցերի բաժնի պետ Ռուբեն Հարությունյանը, բոլոր տեղերում համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել են երկուական թեկնածուներ, որոնցից մեկը գործող համայնքապետն է:
Սակայն, Հառիճում, Սարակապում ու Անուշավանում գյուղապետերի դեմ իրենց թեկնածությունն առաջադրած անձիք արդեն ինքնաբացարկ են հայտնել՝ հրաժարվելով մրցակցությունից: Վերջիններս, ըստ էության, իրենց թեկնածությունը առաջադրել են գյուղապետերի խնդրանքով, «Ընտրական օրենսգրքի» պահանջը բավարարելու համար, մեկ թեկնածուի առաջադրման դեպքում ընտրությունները բացառվում են: Այս առումով տարբեր է Աշոցքի տարածաշրջանի Կարմրավան գյուղը:
Այստեղ, ըստ Շիրակի մարզպետարանի պաշտոնյայի, իրական ու կատաղի պայքար է սկսվել երկու հարազատ հորեղբոր որդիների միջեւ եւ բացառիկ այն տեղանքն է, որտեղ նախընտրական քարոզչություն է իրականանում: 193 ընտրող ունեցող փոքրիկ այս գյուղում միմյանց դեմ դուրս եկած արյունակից երկու եղբայրներն էլ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ են: Գործող գյուղապետ Ֆելիքս Հարությունյանը, որը կրում է իր հոր անունը, ավելի երիտասարդ է՝ 1975 թվականին ծնված: Իսկ նրա մրցակից հորեղբոր որդին՝ Մանուկ Հարությունյանը, որին գյուղում ճանաչում են Մակեդոն անվամբ, մոտ 50-55 տարեկան է: Վերջինս գյուղի դպրոցի տնօրենի ամուսինն է, 1-ին անգամն է իր թեկնածությունն առաջադրում գյուղապետի պաշտոնի համար: Վերջինս զբաղվում է անասնապահությամբ ու գյուղատնտեսությամբ:
Աշոցքի Արփենի գյուղում միմյանց դեմ են դուրս եկել երկու հարազատ եղբայրներ: Մեկը գործող գյուղապետն է՝ ՀՀԿ-ական Արսեն Անդրանիկի Առաքելյանը, մյուսը նրա հարազատ եղբայրը, որն անկուսակցական է: Չնայած որ այս դեպքում եղբոր առաջադրվելը ձեւական բնույթ է կրում, քանի որ նրանք այս պահին թիվ 33 ընտրատարածքում են. եղբայրը ինքնաբացարկ է հայտարարում: Նկատենք, որ բացի Արփենի գյուղի համայնքապետից, որի թեկնածությունն առաջադրել է ՀՀԿ-ն, մյուսները ինքնաառաջադրվել են: Ի դեպ, Սարակապի գյուղապետ Արծրուն Խաչատրյանը ԲՀԿ-ից է, ի տարբերություն իր մյուս կուսակից ընկերների, նա այս կուսակցության շարքերը չի լքել: Նրան բնութագրում են որպես հավատարիմ կուսակցականի:
Կարդացեք նաև
Մենք Շիրակի մարզպետարանի պաշտոնյանից հետաքրքրվեցինք՝ երբեւէ նման դեպք եղե՞լ է, որ եղբայրը հանուն պաշտոնի դուրս գար եղբոր դեմ, հորեղբոր որդիները միմյանց դեմ, Ռուբեն Հարությունյանը հիշեցրեց Ջրաձոր գյուղի համայնքապետի ընտրությունները, երբ Ջրաձորցի Հովակյան Գեւորիկի կինը դուրս էր ելել նրա դեմ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ