«Ռուսաստանի քաղաքական դաշտում ընդդիմությունը աստիճանաբար մարգինալիզացվել է»,- մարտի 5-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմոցովի սպանությանը, ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
Խոսելով սպանության վարկածների մասին՝ նա նշեց, որ վարկածը, թե սպանության հետեւում կանգնած են իշխանությունները, մի քիչ կասկածելի է. «Իշխանության համար դա հանդես չի եկել որպես որեւէ մի խնդիր: Նույնիսկ այն պարագայում, երբ Նեմցովը պատրաստում էր զեկույց Ուկրաինայում տեղի ունեցող ճգնաժամում Ռուսաստանի ներգրավվածության մասին, դա առիթ կամ պատճառ չէր կարող հանդիսանալ ֆիզիկական ոչնչացման համար: Տվյալ վարկածը հասկանալի է, հասկանալի են դրդապատճառները, սակայն կասկածելի են այդ վարկածի հիմնավորումները»:
Պարոն Մարկարովի խոսքերով՝ Նեմցովի սպանությունում տարբեր սցենարներ են առկա, որոնցից յուրաքանչյուրն ունի իր հիմնավորումը, բայց անհասկանալի է, թե որքանով են արդարացված այդ հիմնավորումները: Ալեքսանդր Մարկարովը խոսեց նաեւ այդ սպանության հետեւանքների մասին. «Հետեւանքների մի մասը վերաբերում է Ռուսաստանի ոստիկանական ուժերին, որոնց համար անհրաժեշտ է գործը բացահայտել: Հետեւանք է նաեւ Ռուսաստանի իշխանությունների նկատմամբ որոշ ուժերի կողմից քարերի նետումը: Ռուսաստանում հայտնի են քաղաքական բնույթի այսպիսի սպանություններ, որոնց մի մասը բացահայտվել է, մի մասն էլ անցել է պատմության գիրկը: Սա ընդդիմության համար էական նշանակություն դժվար թե ունենա, որովհետեւ կան ուրիշ առաջնորդներ: Դժվար թե նրանք մոտակա ժամանակում կկարողանան այս սպանությունը օգտագործել որպես դրոշ»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ