Ազգային վիճակագրական ծառայության մակրոտնտեսական ցուցանիշների եւ ազգային հաշիվների բաժնի պետ Լուսյա Խաչատրյանը այսօր «Բլից Ինֆո» մամուլի ակումբում ամփոփելով 2014 թվականի համախառն ներքին արդյունքի ցուցանիշները, տեղեկացրեց, որ ընթացիկ շուկայական գներով ՀՆԱ-ն կազմել է 4 տրիլիոն 525 միլիարդ 875 միլիոն դրամ, որը 2013 թվականի համեմատ աճել է 3,4 տոկոսով:
«2014 թվականին այս ՀՆԱ-ի հավելաճը պայմանավորվել է գյուղատնտեսության, անտառային տնտեսության եւ ձկնորսության 7,8 տոկոս տնտեսական աճով: Արդյունաբերության ոլորտի կազմակերպություններից մշակող արդյունաբերությունում գրանցվել է 7,7 տոկոս տնտեսական աճ, 6,3 տոկոս տնտեսական աճ է ապահովել ջրամատակարարման ոլորտը»,-նշեց բանախոսը:
Ինչ վերաբերում է այն ոլորտներին, որոնք բացասական ազդեցություն են թողել 2014 թվականի ՀՆԱ-ի հավելաճի վրա, ապա առեւտրի ոլորտը ՀՆԱ-ի հավելաճին նպաստել է ընդամենը 0,1 տոկոսով, քանի որ ընդամենը ապահովել է 0,8 տոկոս տնտեսական աճ:
«2014 թվականին ՀՆԱ-ի աճին չեն նպաստել արդյունաբերության ոլորտի գործունեության բոլոր տեսակները, քանի որ այնպիսի տեսակները, ինչպիսիք են հանքագործական արդյունաբերությունը, բաց հանքերի շահագործումը, էլեկտրականության, գազի մատակարարման տեսակները, որոնք ՀՆԱ-ում զգալի կշիռ ունեն՝ միասին 7 տոկոս, չեն կարողացել ապահովել աճ: Հանքագործական արդյունաբերությունը գրանցել է տնտեսական անկում 5,8 տոկոսով, եւ 0,1 տոկոսով միայն նպաստել ՀՆԱ-ին: Էլեկտրականության, գազի մատակարարման տեսակներում գրանցվել է 15,1 տոկոս տնտեսական անկում»:
Ինչպես տեղեկացրեց տիկին Խաչատրյանը՝ նախորդ տարվա պես այս տարի եւս շինարարության ոլորտում գրանցվել է տնտեսական անկում՝ 3,3 տոկոս:
Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի ցուցանիշը 2014 թվականին կազմել է 3610 ԱՄՆ դոլար:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ