Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան. «Եթե այսօր Սպարապետն այստեղ լիներ, ուրախության պահեր կապրեր» (Տեսանյութ) 

Մարտ 05,2015 13:49

Այսօր ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 56-ամյակը շնորհավորելու համար այցելել էր Եռաբլուր:

Նախարարը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Վազգեն Սարգսյանը կարողացել է ստեղծել, կատարելագործել, զարգացնել այն կառույցը, որի համար հիմա ինքն է պատասխանատու՝ Հայկական բանակը. «Բանակը տեղում չի դոփում, այն մարտունակ է, կատարելագործվում է, զարգացնում է նաեւ իր փոխգործունակ կարողությունները՝ դրանով իսկ ստեղծելով միջազգային երաշխիքներ՝ մեր անվտանգության ապահովման համար: Անկասկած, այդ ամենը անդրադառնում է նրա մարտունակության վրա, որը ցույց է տալիս՝ մեր սահմանների պաշտպանությամբ: Գիտեք, որ մենք դժվար ժամանակներում ենք ապրում, եւ այդ դժվար ժամանակներն անհրաժեշտ են, որպեսզի բանակը կարողանա ապահովել մեր ժողովրդի խաղաղությունը: Թեկուզ եւ մեր ծառայակից ընկերների կյանքի գնով, նրանց հերոսություններով, քաջագործություններով, բայց, այնուամենայնիվ, մենք համեմատական հարաբերական հրադադարի պայմանները պահպանում ենք: Մեր ժողովուրդը կարողանում է խաղաղ արարել»:

Նա ասաց. «Եթե այսօր Սպարապետն այստեղ լիներ…ինքը եթե ոչ ֆիզիկապես, ապա հոգեպես մեզ հետ է: Ինքը երեւի թե ուրախության պահեր կապրեր, կհպարտանար մեր Հայկական բանակի, մեր այսօրվա Հայաստանի Հանրապետության, նրա անկախության, զարգացման համար»:

Լրագրողները հարցրեցին՝ եթե ողջ լիներ Վազգեն Սարգսյանը, ի՞նչ պաշտոն կունենար: Նախարարը պատասխանեց, որ դեմ է կանխագուշակումներին. «Կարծում եմ, ինքը եթե մեր հետ լիներ, իսկ ինքը մեր հետ է, նա իր ուրույն տեղը կունենար մեր պետական կառավարման համակարգում»:

Հարցին՝ մենք այսօր ապրում ենք այն Հայաստանում, որ Սպարապետը երազո՞ւմ էր՝ Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Մենք այսօր ապրում ենք այն Հայաստանում, որն ազատ է, անկախ է, նրա ժողովուրդը կարողանում է ազատ արարել, զարգանում է: Կարծում եմ, որ չկա համակարգ, որը թերություններ չունենա: Իր թերությունների հետ մեկտեղ այս ետպատերազմյան տարիները ցույց են տվել, որ մեր ամբողջ պատմության ընթացքում մենք ի վերջո կարողացել ենք ստեղծել պետական համակարգ՝ իր կառավարման բոլոր ճյուղերով, նաեւ ամենակարեւորը՝ ստեղծել ենք անվտանգության համակարգ, որն ապահովում է ՀՀ անվտանգությունը եւ ժողովրդի խաղաղ արարումը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031