«Ամենամեծ մարտահրավերն այսօր ունի ՀՀԿ-ն: Սերժ Սարգսյանն այնպիսի մի ելույթ է ունեցել, որը ոչ միայն տարածվել է ԲՀԿ առաջնորդի վրա, այլ մեծապես տարածվել է նաև իր թիմի վրա՝ տգիտության, մեծ ախորժակի, աշխատանքի չգնալու, մանդատ վայելելու հետ կապված»,-այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի կարծիք հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը:
Ըստ նրա՝ վերջին ներքաղաքական զարգացումներից հետո ՀՀԿ-ն ամենևին էլ ամրապնդված դուրս չեկավ՝ չլուծելով իր առաջ դրված հիմնական՝ սահմանադրական փոփոխությունների խնդիրը:
Պարոն Սաֆարյանը կանխատեսում է ՀՀ կառավարության հրաժարական, ինչը տեղի կունենա այս տարվա ընթացքում: Նա հիմնավորեց. «Այս կառավարությունը չի լուծել իր առջև դրված հիմնական ցուցանիշները: Առաջին ցուցանիշը ընդունելի լինելն էր, որը չլուծվեց: Չապահովվեց նաև տնտեսական աճ, ներդրումների հարցը ևս լուծված չէ, այս մասին ես չեմ խոսի, կխոսեն թվերը»:
ԲՀԿ-ի ռիսկերի մասին պարոն Սաֆարյանն ասաց. «Ամենամեծ ռիսկը ոչ թե Գագիկ Ծառուկյանին ճնշելն էր, այլ ամենամեծ խնդիրը այդ կուսակցության պայմանավորված էր իր շարքերի հետ: Ինքը ձևավորվել է ոչ ընդդիմադիր դաշտում, այլ իշխանական, պարզապես դեպի իրեն քաշելու համար այն քվեները, որոնք չի տարել ՀՀԿ-ն»:
Կարդացեք նաև
Ըստ Ստեփան Սաֆարյանի՝ սա է եղել պայմանավորվածությունը, բայց հետո ԲՀԿ-ն դուրս է եկել ռելսերից: Այնուհետև հիշեցրեց Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությունը, թե եթե ինքը չկարողանա ղեկավարել կուսակցությունը, տեղը կզիջի: Հիմա այդ պահն է. «ԲՀԿ-ն պետք է բերվի այդ նիշայի վրա: Նշանակում է, որ Գագիկ Ծառուկյանը չի կարող կուսակցությունը վերադարձնել նախկին ռելսերի վրա: Ով էլ լինի ԲՀԿ-ի նոր նախագահը, նա պետք է կուսակցությունը բերի նույն ռելսերի վրա»:
Aravot.am-ի հարցին՝ ինչո՞ւ եռյակի պայքարի դրոշը ոչ ՀԱԿ-ը, ոչ «Ժառանգությունը» չվերցրին ու չշարունակեցին պայքարը, Ստեփան Սաֆարյանը նշեց, թե միայնակ արդեն ոչ մի ուժ չէր կարող դա անել:
Հետաքրքրվեցինք՝ ընդդիմության նոր ձևաչափ կարո՞ղ է ստեղծվել, պարոն Սաֆարյանն ասաց, որ անպայմանորեն դա ստեղծվելու է, բայց նաև նշեց. «Այս պահին վակուում գոյություն ունի ընդդիմադիր դաշտում: Թեև Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարում է, թե ինքն է միակ ընդդիմադիրը, բայց դա ինքնահռչակում է և նրա ասածը ոչինչ է: Գնալ ոչ իշխանական դաշտ, պտույտ մը տալ, հետո վերադառնալ, դրանից հետո ոչ մեկը նրան չի հավատալու»:
Մեր դիտարկմանը, բայց Լևոն Տեր-Պետրոսյանին հաջողվեց երկար ժամանակ պահել պայքարը, 2008-ից նա դաշտում է, Ստեփան Սաֆարյանն արձագանքեց. «Քաղաքականության մեջ կարող են լինել բլեֆներ, բայց եթե դրանք չեն հաջորդվում հաղթանակով, դառնում են իմաստազուրկ: Լևոն Տեր-Պետրոսյանին 2008-ից հետո չհավատացողերն ու չհանդուրժողները շատացան: Այնպես չէ, որ ամեն բլեֆից հետո քո շանսերն ավելանում են: Հիմա վերջին փուլն է, և Տեր-Պետրոսյանի համար էական է լինելու լուծել հաջորդ ընտրություններում 5 տոկոսի խնդիրը, քանի որ ընդդիմադիր դաշտում որևէ զինակից չունի: Եվ դա պիտի անի արտաքին օգնությամբ»:
Ըստ Ստեփան Սաֆարյանի՝ եռյակի փլուզումը ձեռնտու էր նաև ՌԴ-ին, այդ պատճառով էլ Սերժ Սարգսյանն իրեն ոչ բնորոշ կտրուկ քայլեր արեց: Ըստ էության եռյակի մեծամասնություն կազմող ուժերը՝ ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն, իրենց առաքելությունը կատարել էին՝ անցնցում մուտք գործել ԵՏՄ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ