Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կառավարությունն աջակցում է փոքր և միջին ձեռնարկատերերին

Մարտ 05,2015 13:29

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

ՀՀ կառավարությունը հաստատել է «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2015թ. ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը: Նախատեսված ծրագրային ուղղությունների (միջոցառումների) գերակշիռ մասը՝ շուրջ 90 տոկոսը, նպատակաուղղված է ՀՀ մարզերում, առավելապես սահմանամերձ և հեռավոր բնակավայրերում սկսնակ և գործող փոքր և միջին ձեռնարկատերերի աջակցության ցուցաբերմանը, մարզերի ու տարածաշրջանների տնտեսական ու գործարար ակտիվության բարձրացմանը: Ակնկալվում է, որ ծրագրի իրականացմամբ կավելանա ՓՄՁ սուբյեկտների տեսակարար կշիռը երկրի համախառն ներքին արդյունքում, կզարգանա տնտեսական ցածր ակտիվություն ունեցող տարածաշրջանների ձեռնարկատիրական գործունեությունը, կկրճատվի գործազրկությունը: Զեկուցողը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարը, տեղեկացրել է, որ ընդհանուր տոկոսադրույքը 12 է, բայց եթե արտադրանքը արտահանման,  պաշտպանության կամ ազգային անվտանգության կարիքների համար է, ապա նվազում է 3 տոկոսային կետով: Սուբսիդավորումը կատարվում է Արդյունաբերության զարգացման  հիմնադրամի կողմից: Վարչապետն ընդունելի է համարել տոկոսադրույքի չափը և կարևորել է ՓՄՁ-ների համար դրա հատկացման թափանցիկությունն ու արդարությունն ապահովելու անհրաժեշտությունը:

Նիստում հավանություն է տրվել ՀՀ ֆինանսների նախարարության և չինական «Նուքթեք քամփնի» ՍՊԸ-ի միջև մաքսային զննման տեխնոլոգիաների և սարքավորումների արդիականացման կապակցությամբ մատակարարման պայմանագրի նախագծին: Հյուսիսային մաքսակետերի նորոգման և  մաքսային հսկողության համապատասխան սարքավորումների ապամոնտաժման արդյունքում հրատապ անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել մաքսային զննման շարժական ռենտգեն և այլ սարքավորումներ, որոնք կարող են կիրառվել նաև ապագայում՝ ըստ անհրաժեշտության տեղափոխման միջոցով: Պայմանագրի ընդհանուր արժեքը ավելի քան 25 մլն ԱՄՆ դոլար է:

Գործադիրը հաստատել է պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման ՀՀ 2015թ. պետբյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների օգտագործման ծրագիրը:

Կառավարությունը հաստատել է «Սփյուռքի հայկական կրթական հաստատությունների ուսումնական գրականության և օժանդակ նյութերի մշակում և տրամադրում» ծրագրի ֆինանսավորման չափը: Կապահովվի սփյուռքում գործող շուրջ 350 ամենօրյա և շուրջ 600 մեկօրյա դպրոցների ուսումնական  գրականության պահանջարկը:

 Քննարկվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ

ՀՀ կառավարությունը քննության է առել «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են օրենքի 26-րդ հոդվածի 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել՝ դրանով իսկ ապահովելով համակարգային և միասնական իրավակարգավորում: Նշված փոփոխությամբ կապահովվի իրավական  որոշակիության սկզբունքի իրականացումը՝ բացառելով հղումն այնպիսի նորմերի, որոնց գործողությունն արդեն դադարել է: Կառավարությունն իր եզրակացության մեջ նախագծի վերաբերյալ սկզբունքային առարկություն չի ներկայացրել:

ՀՀ կառավարությունը քննարկել է «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Հեղինակների կարծիքով օրենքի ընդունմամբ կկարգավորվեն կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերությունները, ոլորտները և իրավական հիմքերը, հաշվի առնելով, որ կամավոր աշխատանքը կամավորների կողմից պետության, հասարակության ոչ առևտրային կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց համար օգնություն ցուցաբերելու նպատակով կատարվող հանրօգուտ, անհատույց, առանց վարձատրության աշխատանքն է: Կառավարությունը, կարևորելով կամավոր աշխատանքի դերն ու նշանակությունը և ողջունելով պատգամավորների նպատակադրումը, հանգել է այն եզրակացության, որ կամավոր աշխատանքի օրենսդրական կարգավորումը պետք է իրականացվի փուլ առ փուլ:

Նիստում քննարկվել է «Սնանկության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանք իրենց նախաձեռնությունը պայմանավորել են ՀՀ սահմանադրական դատարանի ս.թ. հունվարի 27-ի որոշման պահանջներն օրենքում իրացնելու անհրաժեշտությամբ, այն է՝ երաշխավորել հարգելի պատճառով սնանկության գործով պահանջ չներկայացրած պարտատիրոջ իրավունքների իրականացման հնարավորությունը՝ ապահովելով յուրաքանչյուրի դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը: Կառավարության եզրակացության համաձայն օրինագծում կան հստակեցման և լրացուցիչ կարգավորման ենթակա դրույթներ: Բացի այդ, ՀՀ արդարադատության նախարարությունը մշակում է Սնանկության ոլորտի իրավական բարելավման հայեցակարգը, որն ընդունելու դեպքում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կկատարվեն «Սնանկության մասին» օրենքում:

Գործադիրը քննության է առել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը նույնպես ԱԺ մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունն է:  Առաջարկվում է հստակեցնել իրավական որոշակիության սկզբունքով վարչական իրավախախտման տեսակների և դրանց համար նախատեսված պատասխանատվության ժամկետները և ապահովել իրավակիրառական պրակտիկայի միասնականությունը: Կառավարությունը մի շարք առաջարկներ է արել, որոնք ընդունելու դեպքում ընդունելի կհամարի օրենքի նախագիծը:

Կառավարությունը քննարկել է «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է, որպեսզի այն դեպքերը, երբ դատարանը գտնում է, որ իր կողմից կիրառվելիք նորմը հակասահմանադրական է, ՀՀ սահմանադրական դատարան դիմելը սահմանվի որպես պարտականություն: Այս օրենսդրական նախաձեռնությունը ներկայացրել են Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Այս դեպքում ևս գործադիրն հանդես է եկել մի շարք առաջարկություններով, որոնց ընդունման դեպքում ընդունելի կհամարի պատգամավորների նախագիծը:

Պատասխանելով վարչապետի հարցին, թե Ազգային ժողովի պատգամավորների հետ քննարկվո՞ւմ է արդյոք օրենսդրական նախաձեռնությունների ընթացքը, ՀՀ արդարադատության նախարարն հավաստիացրել է, որ օրենքի նախագծերի քննարկման ընթացակարգերի համաձայն բոլոր փուլերում նախարարությունն աշխատում է օրենսդրական նախաձեռնությունների հեղինակների հետ:

Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

 Գործելու է միասնական էլեկտրոնային գրանցամատյան

«Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» անցած տարեվերջին ընդունված օրենքն ուժի մեջ է մտնելու 2015թ. հոկտեմբերի 1-ին: Օրենքի համաձայն գործելու է միասնական էլեկտրոնային գրանցամատյան, որտեղ գրանցվելու են շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքները, այդ թվում՝ գրավը: Ոլորտը կարգավորող ենթաօրենսդրական ակտերը սույն օրենքին համապատասխանեցնելու համար կառավարությունը փոփոխություններ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ:

ՀՀ կառավարությունն ընդունել է «Մեկ խմբաքանակում գտնվող ապրանքները ՀՀ մաքսային օրենսդրությամբ սահմանված՝ մաքսատուրքի առավելագույն դրույքաչափ ունեցող ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագրին դասելու դեպքերը, հայտարարագրվող ապրանքների տեսակները և բնաիրային չափերը հաստատելու մասին» որոշումը, որով ստեղծվում է մանր փոխադրումներով տեղափոխվող ապրանքների պարզեցված հայտարարագրման ընթացակարգ:

Հաջորդ որոշմամբ գործադիրն ստեղծել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման գործակալություն, հաստատել դրա կանոնադրությունն ու կառուցվածքը:

Կառավարությունը հաստատել է ծխախոտի անվտանգության տեխնիկական կանոնակարգը, որը մոտարկվել է Եվրախորհրդարանի և Եվրախորհրդի համապատասխան փաստաթղթերին: Հաշվի են առնվել նաև ՀՀ առողջապահության նախարարության առաջարկությունները:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031