Այսօր կառավարության շենքի առաջ ցուցարարների երկու խումբ կա. նաիրիտցիներն իրենց աշխատավարձերն են պահանջում, Արմավիրի մարզի Լենուղի գյուղի բնակիչներն էլ՝ բնակարան:
Թե՛ նաիրիտցիները եւ թե՛ Լենուղիի բնակիչները վստահեցնում էին, որ տարիներ շարունակ կառավարությունն իրենց խաբում է: «Նաիրիտի» աշխատակիցներին աշխատավարձի պարտքը չի տալիս
Արմավիրցիներին էլ՝ խոստացված բնակարանը: Բնակիչների խոսքերով, իրենց շենքը 4-րդ կարգի վթարային է եւ երկու մասի բաժանված. «Ամեն օր մտածում ենք կբլի գլխներիս, ո՛չ զուգարան ենք կարում գնանք, ո՛չ հանգիստ քնել ու այսպես տասնյակ տարիներ ենք անցկացնում, 1989 թվականից ասում են ձեզ կփոխհատուցենք, բնակարան կտանք, ո՛չ ամոթ ունեն, ո՛չ էլ՝ խիղճ»:
Կարդացեք նաև
«Նաիրիտ» գործարանի մամուլի պատասխանատու Անուշ Հարությունյանն էլ ասաց, որ գործարանի տնօրինությունն աշխատակիցներին 24 ամսվա աշխատավարձի պարտք ունի, որը կազմում է 13-15 միլիոն դոլար:
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին «Նաիրիտի» 2200 աշխատակից աշխատանքից ազատվել է, որից 487-ի հետ կրկին պայմանագրեր կկնքվեն:
Այս պահին նաիրիտցիները կառավարության առաջ վանկարկում են՝ «վար-չա-պետ, վար-չա-պետ» ու ամոթանք տալիս:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ