Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Շիրխանյան. «Անպայմանորեն ուզում ենք խնդիրները լուծել ընդդիմադիր պայքարի միջոցո՞վ». «Հայոց աշխարհ»

Մարտ 05,2015 11:42

Հատված ՎԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆԻ հետ հարցազրույցից:

       -Հեռացողները Տեր-Պետրոսյանին մեղադրեցին, որ նա, գաղափարականից ավելի կարեւորություն տալով փողին, գնաց ու կանգնեց մի կուսակցության կողքին, որի առաջնորդը օլիգարխ է: Իսկ ժամանակը ապացուցեց, որ Տեր-Պետրոսյանին քննադատողները ճիշտ էին:

– Նախ՝ ես սկզբից եւեթ չեմ կարողացել հասկանալ, թե ԲՀԿ կազմակերպությունը ինչո՞ւ դուրս եկավ կոալիցիայից, ի՞նչ նպատակներ ուներ կոալիցիայից դուրս իրականացնելու, որքանո՞վ էին դրանք հիմնավորված: Եվ միշտ ասել եմ, որ այդ կուսակցությունը ստեղծվել էր իշխանության ներսում եւ կարող էր գոյատեւել միայն իշխանության հետ միասին:
Մյուս կողմից՝ որեւէ մեկնաբանություն, բացատրություն չունի Լ.Տեր-Պետրոսյանի միանալն այդ կուսակցությանը կամ նրա հետ համատեղ ծրագրեր մշակելը: Ոչ ոք մինչ օրս չի հերքել այն խոսակցությունները, որ մարտի 1-ի դեպքերին մասնակցել են նաեւ Ծառուկյանի թիկնապահները: Մինչդեռ Տեր-Պետրոսյանը հանկարծ հայտնվեց այդ կուսակցության ու Ծառուկյանի կողքին: Լինելով մտավորական՝ նա նախընտրեց օլիգարխի հետ համագործակցությունը: Սա էլ է անհասկանալի ու անմեկնաբանելի: Ահա թե ինչու շատ մարդիկ խիստ վերապահումով էին վերաբերվում ԲՀԿ-ՀԱԿ միությանը, եւ նրանք ճիշտ էին:

Այն, որ եռյակը ապագա չէր կարող ունենալ՝ միանշանակորեն պարզ էր, ինչո՞ւ, որովհետեւ քաղաքական, գաղափարական միավորում չէր, այլ զուտ անձնական շահերի հետեւից գնացող մի կառույց: Ու կազմաքանդումն էլ պետք է վաղ թե ուշ լիներ, դա էր եռյակի վերջը:

   -Այնուհանդերձ չասացիք, կազմաքանդված ընդդիմադիր դաշտում ուժերի վերամիավորման, նոր ուժի կամ ուժերի ձեւավորման անհրաժեշտություն չկա՞: 

-Այսինքն՝ մենք անպայմանորեն ուզում ենք խնդիրները լուծել ընդդիմադիր պայքարի միջոցո՞վ ու համարում ենք, որ այլ ճանապարհ չկա՞: Ես այդ կարծիքին չեմ: Հարցն այն է, որ Հայաստանի գլխին կուտակված խնդիրների ամբողջ բազմությանն ու նրանց խորքային էությանը ոչ ոք ավելի լավ, քան իշխանությունը, չի տիրապետում: Ուրեմն առաջին հերթին հենց իշխանությունը պետք է լծվի այդ խնդիրների լուծմանը:

Բայց, մյուս կողմից էլ, ժողովուրդը հիասթափված լինելով՝ սպասում է, որ դաշտում կհայտնվի մեկ այլ ուժ, որը ժողովրդին ոտքի հանելով՝ կտանի հարցերի լուծման ճանապարհով: Բայց այդպիսին կարող է լինել քաղաքական, գաղափարական հենքի վրա ձեւավորված ուժը, որը կազմված լինելով գաղափարական համախոհներից՝ պատրաստ է ճանապարհ գնալ: Ցավոք, ազգային մտածելակերպ ունեցող նման քաղաքական համախոհների միավորում մինչ օրս չկա: Դրա համար պետք է հուսալ, որ իշխանությունն ինքը կլուծի ու պարտավոր է լուծել գոյություն ունեցող խնդիրները:

Իշխանությանը պետք է ներկայացվի ազգային ծրագիր, որը ցույց կտար, թե ինչպես Հայաստանը հանել այս վիճակից, ինչպես կանխել արտագաղթը, ինչպես զարգացնել տնտեսությունը, ինչպես դադարեցնել հասարակության բարոյալքման գործընթացը: Համոզված եմ, միայն նման համախմբվածությամբ կարող ենք ակնկալել երկրի առաջընթաց:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031