Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ Դատախազությունը չի հարգում ՀՀ տարածքային ամբողջականությունը

Մարտ 05,2015 11:06

Օրերս Ռուսաստանի Դաշնության դատախազությունը հայտարարեց, որ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը չի կարող հանձնվել հայկական կողմին՝ ելնելով Ռուսաստանի Սահմանադրության պահանջներից:

ՌԴ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասն, իրոք, ասում է, որ ՌԴ քաղաքացին չի կարող Ռուսաստանի տարածքից էքստրադիցիայի ենթարկվել կամ հանձնվել այլ պետությանը:

ՀՀ Տարածք է

Թե 1995 թվականին ստորագրված «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» պայմանագիրը և թե դրան հաջորդող այլ համաձայնագրեր հստակ ենթադրում են, որ 102-րդ ռազմակայանը տեղակայված է Հայաստանի Հանրապետության տարածքում և որևէ տեղ որևէ նշում չկա այն մասին, որ ռազմակայանի տարածքը Ռուսաստանի Դաշնություն է:

Այսինքն` սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը ոչ թե Ռուսաստանի՝ այլ Հայաստանի տարածքում է. հետևաբար, ՌԴ սահմանադրության արգելքը չի տարածվում նրա վրա:

Ավելին, ռուսական կողմի հայտարարությունը նշանակում է, որ Վալերիյ Պերմյակովն այժմ գտնվում է Ռուսաստանում… Այսինքն, ըստ ՌԴ դատախազության, 102-րդ ռազմակայանի տարածքը Ռուսաստանի Դաշնության տարածք է:

ՀՀ Սահմանադրությունն է գործում

Քանի որ 102-րդ ռազմակայանի տարածքը ՀՀ տարածք է, ուստի` այդտեղ չի գործում Ռուսաստանի Սահմանադրությունը: Ավելին, որևէ մի պայմանագրով կասկածի տակ չի դրվում այն հանգամանքը, որ ռազմակայանի տարածքում գործում է Հայաստանի Սահմանադրությունը:

Սակայն այդ ռազմակայանի գործունեության հիմնական կարգավորումները տրվում են շուրջ տասը հայ-ռուսական միջպետական պայմանագրերով, որոնք գերակա են ՀՀ օրենսդրության նկատմամբ: Այսինքն` Հայաստանի օրենքները ՌԴ ռազմակայանում գործում են մասնակի, սակայն ոչ մեկ չի չեղարկել այդ տարածքում ՀՀ Սահմանադրության ուժը:

Ավելին, քանի որ Հայաստանի տարածքում ՀՀ Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, հետևաբար որևէ կերպ դրա գործողության տարածքը չի կարող փոքրացվել և այն չի կարող «որոշ դեպքերում» չեղարկվել:

Դատարանները

«Իրազեկ Քաղաքացիների Միավորումը» նախկինում արդեն ներկայացրել է հայ-ռուսական պայմանագրերի այն դրույթները, որոնց համաձայն Պերյմակովը պետք է փոխանցվի Հայկական կողմին:

Սակայն, այժմ հարկավոր է փաստել, որ ՌԴ դատախազության՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին ուղարկված նամակով  ռուսական կողմը

1. Չի հարգում հայ-ռուսական միջպետական պայմանագրերի պահանջները,

2. Չի հարգում ՀՀ տարածքային ամբողջականությունը:

 

«Իրազեկ Քաղաքացիների Միավորում» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031