Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախագահը որ ջերմատունս տեսնի՝ լացը կգա»

Մարտ 05,2015 16:00

«Գազպրոմ Արմենիայի» ու դատարանների պատճառով ավիրված ջերմատան տերը նախագահին ու վարչապետին հրավիրում է Գարգառ

62-ամյա ֆերմեր Սամվել Հարությունյանի 40 տարվա ջերմատունը, ֆերմերի խոսքերով ասած՝ «Գազպրոմ Արմենիայի» պատճառով վերածվել է ավերակների: Ֆերմերը 7 տարի է՝ ընկել է իրավապահ մարմինների դռները ու փորձում է ապացուցել, որ «Գազպրոմ Արմենիան» կեղծիքների է դիմել, որպեսզի խուսափի պատասխանատվությունից:
«Առավոտի» հետ զրույցում Սամվել Հարությունյանը պատմեց, որ Լոռու մարզի Գարգառ համայնքում ջերմատուն է հիմնել դեռ 1987 թվականին, երբ մասնավոր սեփականություն ունենալն արգելված էր. այն ժամանակ Հարությունյանը պայքարել ու հաղթել է խորհրդային դատարանին ու իրականացրել իր երազանքը՝ զբաղվել գյուղատնտեսությամբ սեփական ջերմատանը: Ֆերմերի խոսքերով՝ իր ջերմատանն աճեցրած վարունգը, լոլիկը, պղպեղն ու այլ գյուղմթերքներ արդեն բրենդ էին դարձել, շատերին էր ծանոթ Գարգառի գյուղմթերքը, ու գիտեին, որ Սամվել Հարությունյանի աճեցրած մթերքը էկոլոգիապես մաքուր է: Հարությունյանի 2.500 մետր ջերմատան գյուղմթերքների պահանջարկը մեծ էր, ֆերմերի գործերը լավ էին, մինչեւ 2008 թվականին «Գազպրոմ Արմենիան»՝ այն ժամանակ «ՀայՌուսգազարդը», «չխփեց» ֆերմերի գործերին:

Հարությունյանի պատմելով՝ 2006 թվականին կնքելով գազամատակարարման պայմանագիր՝ մոտ 2 տարի սպառող-գազամատակարար նորմալ հարաբերություններ են եղել: Բայց 2008-ին ֆերմերը «Գազպրոմին» 1,6 միլիոն դրամ պարտք է ունեցել, ուստի գազամատակարարումն անջատվել է: Հարությունյանն ամբողջ պարտքը մարելուց հետո, նույնիսկ մոտ 80 հազար դրամ գերավճար անելուց հետո խնդրել է վերականգնել գազամատակարարումը, ինչը «Գազպրոմ Արմենիան» մերժել է՝ պահանջելով, որ կամ 4,5 միլիոն դրամ նախապես պիտի վճարի ֆերմերը, կամ էլ 1 միլիոն դրամ ու գումարած ամբողջ գույքը գրավադնի «Գազպրոմ Արմենիայի» հաշվեկշռում:

«Չգիտեի, որ գազ մատակարարող ընկերությունը նաեւ բանկի դեր է տանում, ինքն ի՞նչ իրավունք ունի սպառողի գույքը գրավ վերցնի գազի դիմաց, էն էլ՝ դեռ չսպառած գազի դիմաց: Սենց աբսուրդ բան մենակ դրանք կանեն, գիտեն, որ մենաշնորհ են, ինչ կուզեն՝ կանե՞ն»,- մեզ հետ զրույցում նեղսրտած ասաց ֆերմերը:

Ֆերմերը հրաժարվել է «Գազպրոմ Արմենիայի» այս պահանջը կատարել ու գրավոր նրանց զգուշացրել է, որ ապօրինություն են անում: «Գազպրոմ Արմենիան» էլ նույն թվականի նոյեմբերի 11-ին վերականգնել է գազամատակարարումը, բայց արդեն ջերմատան ամբողջ գյուղմթեքրը ցրտահարված է եղել: Ֆերմերը նորից է տնկիներ տեղադրել, հետո «Գազպրոմ Արմենիան» նորից է անջատել գազամատակարարումն ու նորից ֆերմերի ամբողջ չարչարանքն ու սպասվելիք եկամուտը «ցրտահարել»:

Գյուղատնտեսության նախարարության, ջերմատնային բույսերի պաշտպանության ինստիտուտի մասնագետները հաշվարկել են ու եզրակացություն տվել, որ Հարությունյանի «Հասառ» ՍՊԸ-ի ջերմատանը պատճառված վնասը առաջին ցրտահարության դեպքում կազմում է 45 միլիոն դրամ, 2-րդ ցրտահարության դեպքում՝ 28 միլիոն դրամ: Վնասը պատճառել է «Գազպրոմ Արմենիան»՝ ապօրինաբար գազամատակարարումն անջատելով:

Ֆերմերը փոխհատուցում ստանալու համար դիմել է դատարան, առաջին ատյանը վճիռ է կայացրել հօգուտ ֆերմերի: Հարությունյանի պատմելով՝ «Որպեսզի այդ 45 միլիոն դրամ փոխհատուցում վճարելուց ընկերությունը խուսափի, իր հետ կնքած պայմանագիրն է կեղծել ու դրանով դիմել Վերաքննիչ դատարան: Ինքը կեղծել է պայմանագրի իր մոտ առկա պատճենահանված տարբերակի հավելված 2-րդը, որ իբր թե ցրտահարման ամիսներին ինքը պարտավորված չի եղել գազ մատակարարել»: Փորձագիտական կենտրոնն էլ հաստատել է, որ տվյալ փաստաթուղթը կեղծված է՝ Հարությունյանի մոտ առկա բնօրինակի պատճենը չէ, այլ «Գազպրոմ Արմենիայի» մոտ եղած պայմանագրի պատճենահանված տարբերակում ձեռագիր ավելացված են որոշ տողեր:

Ուշագրավն այն է, որ կեղծված պայմանագրի առնչությամբ ֆերմերը դիմել է ոստիկանություն, որտեղ «Գազպրոմ Արմենիայի» ներկայացուցիչն այնպիսի պատասխան է տվել, որ «եփած հավի ծիծաղն էլ» կգար: Խոշոր հարկատու հանդիսացող ընկերության ներկայացուցիչն ասել է՝ բլանկների սղության պատճառով մեկ բնօրինակը տվել են իրենց բաժանորդ հանդիսացող Հարությունյանին, իսկ իրենց մոտ պահել պատճենահանված տարբերակը: Իսկ թե ինչո՞ւ են այդ տարբերակում ձեռագրով որոշ բաներ ավելացրել, ընկերությունից ասել են՝ իբր թե զանգել են Հարությունյանին ու բանավոր պայմանավորվել ինչ-որ բաներ ավելացնել: «Ամբողջությամբ սուտ ցուցմունք են տվել, նման բան չի եղել, ես հո հիմար չե՞մ համաձայնվեմ գազն անջատեն ցուրտ սեզոնին: Հետո «Գազպրոմը» ինչ-որ լրացուցիչ համաձայնագիր է ներկայացնում իրավապահ մարմիններին, որը եւս կեղծ փաստաթուղթ է, ես նման համաձայնագրի տակ չեմ էլ ստորագրել: Տարբեր դատարաններում իրար հակասող պայմանագրեր են ներկայացնում, լրիվ գժվելու գործ է, նենց արխային կեղծում են ամեն ինչ, երեւի վստահ են, որ չեն պատժվի: Ոստիկանությունը 10 ամիս գործը քննելուց հետո կարճել է, հիմա սա էլ եմ բողոքարկել: Բոլոր կեղծիքներն ապացուցվում են, բայց դատարանները, չգիտես ինչու, «Գազպրոմին» մեղմ են մոտենում, ես էլ հասարակ ֆերմեր եմ, թքած ունեն: Մինչեւ վերջ պայքարելու եմ, նույնիսկ Եվրադատարան եմ դիմել, վարույթն ընդունել են արդեն»,- ասաց Հարությունյանը:

Այն ընթացքում, երբ ջերմատունը գազ է ստացել, ֆերմերը պարզել է, որ սպառած գազի դիմաց հսկայական գումարներ են եկել. ըստ Հարությունյանի՝ «Գազպրոմ Արմենիան» կամայական փոփոխել է գազի հաշվարկի բանաձեւը, որով ֆերմերը պիտի կրկնակի գումար վճարի: Հարությունյանի պատմելով՝ «Դատարանում պարզվեց, որ «Գազպրոմ» պոլիտեխնիկի շինարար դասախոսների հաշվարկած բանաձեւով է հաշվարկել, էս դասախոսներն էլ հետո ցուցմունք տվեցին, որ իրենք չեն իմացել, թե ինչ փաստաթուղթ են ստորագրում, ասել են՝ գազի աշխատող Սոս Հարությունյանը թուղթ է բերել տվել, ասել՝ սաղ ճիշտ է, ստորագրեք, մենք էլ ստորագրել ենք: Էս անգամ դատարանը որոշեց էդ փաստաթուղթը հանել ապացույցների շարքից, բայց միայն մարտ ամսվանը, իսկ դիմել էի նաեւ նոյեմբերից-փետրվար ամիսների համար: 3 տարի է՝ էդ 4 ամսվա բանաձեւերի կեղծման գործն են քննում: Սենց կրակ կլինի՞, որ սրանք իմ գլխին են բերում, բանուգործս թողած՝ ընկել եմ դատարանների դռները, էդ ի՞նչ մի բարդ գործ է, որ տարիներով քննում են»:

Ֆերմեր Սամվել Հարությունյանը տարբեր դատարաններում վիճարկում է ոստիկանության որոշումը՝ կապված «Գազպրոմ Արմենիայի» կեղծած փաստաթղթի հետ, եւ «Գազպրոմ Արմենիայի» կեղծած բանաձեւի հարցը: Այս ընթացքում ֆերմերի ջերմատունը գազամատակարարում չունենալու պատճառով, ինչպես ինքն է ասում՝ վերածվել է Անիի ավերակների:

Ուշագրավ է, որ կառավարությունը ջերմատնային բիզնեսի համար արտոնություններ է սահմանում, ամեն կերպ փորձում է այս ոլորտը խթանել, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անձամբ է այցելում նոր բացվող ջերմատները, իսկ մոտ 40 տարվա ջերմատունը «Գազպրոմ Արմենիայի» ու դատարանների թերի աշխատելու պատճառով հիմնահատակ վերանում է: Ֆերմերն այս խնդրի վերաբերյալ բարձրաձայնել է մոտ 2 տարի առաջ, սակայն կառավարությունն անտարբեր է մնացել ֆերմերի խնդրին:

Հիմա Սամվել Հարությունյանը ՀՀ նախագահին ու վարչապետին հրավիրում է Գարգառի իր ջերմատուն. «Թող գան՝ իրենց աչքով տեսնեն, թե 2500 մետրանոց ժամանակին ընտիր ջերմատունն ինչ է դարձել, որ նախկին նկարները ցույց տամ ու հիմիկվա տեսքը տեսնեն՝ լացները կգա: Հիմա ինչ անենք, որ մենք օլիգարխ չենք, պիտի ապօրինությունների հետ հաշտվե՞նք, ոչ մի դեպքում, մինչեւ վերջ գնալու եմ»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031