Լրահոս
Օրվա լրահոսը

Սուսեր գյուղն ամիսներով ջուր չի ունեցել

Մարտ 05,2015 15:30

Մեղմ ձմեռը եթե քաղաքացիների համար գազի, էլեկտրաէներգիայի խնայողություն ապահովեց, ապա մարզերում որոշ բնակավայրերի համար ջրի լուրջ խնդիրներ առաջացրեց: Արագածոտնի մարզի Սուսեր գյուղն արդեն 2 ամիս է՝ խմելու ջուր չունի:
Բնակիչները շաբաթով ջրի երես չեն տեսել՝ չնայած որ ամռանը եւ գարնանը նորմալ ջրամատակարարում են ունեցել: Բնակիչների ներկայացմամբ՝ ջրի բացակայությունը կենցաղային մի շարք խնդիրներ ու ծախսեր է առաջացրել:

«Առավոտի» հետ զրույցում Սուսերի գյուղապետ Գուրգեն Զաքարյանը նույնպես միացավ համագյուղացիների բողոքին՝ ասելով, որ նրանց դժգոհությունն արդարացի է: Գյուղապետը հավաստեց, որ գյուղի ջրամատակարարումն արդեն քանի ամիս է՝ ընդհատումներով է լինում: Պատճառներից մեկը, Գուրգեն Զաքարյանի համոզմամբ, սակավաձյուն ձմեռն էր. գյուղն իր վարչական տարածքում չունի աղբյուրներ, եւ ջուրը ստանում է Արագածի աղբյուրներից, սակայն այս տարի աղբյուրների ջուրը զգալիորեն պակասել է: Նա նաեւ հայտնեց, որ Արագածոտնի մարզպետարանից արդեն եկել են եւ ուսումնասիրել խնդիրը, իսկ երեկ կեսօրին արդեն բնակիչները ջուր ունեցել են:

Գյուղապետի խոսքերով՝ միջազգային կազմակերպության աջակցությամբ 2013 թվականին Սուսերի համար կառուցվել է 200 մետր խորանարդ տարողությամբ ջրամբար, փոխվել է ամբողջ գյուղի խմելու ջրի խողովակների ներքին ցանցը, եւ եթե համապատասխան քանակությամբ ջուր լինի, ապա գյուղը կարող է շուրջօրյա ջրամատակարարման անցնել:
Սուսեր գյուղն ունի 80 տուն՝ 363 բնակչով:

«Սուսերի բնակիչների բողոքով մարզպետարանը զբաղվել է, հարցն այժմ անձամբ մարզպետի վերահսկողության տակ է»,- մեզ հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզպետի խորհրդական Ֆրունզ Նազարեթյանը: Ըստ նրա՝ մարզպետ Սարգիս Սահակյանի հանձնարարությամբ ստեղծվել է խումբ, եւ մարտի 3-ին մասնագետները եղել են Սուսեր գյուղում. «Տեղում ծանոթացել ենք խնդրին: Մեր ներկայությամբ տեղադրվել է նոր ջրաչափ, որի տեղադրմանը մասնակցել են նաեւ ջրամատակարար կազմակերպության եւ գյուղապետարանի ներկայացուցիչները: Ժամը 12-անց կեսից գյուղում սկսվել է ջրի մատակարարումը: Պայմանավորվածության համաձայն՝ ջրամատակարար ընկերությունը տալու է մոտ մեկ լիտր վայրկյանում խմելու ջուր»:
Ըստ մարզպետի խորհրդականի՝ գյուղապետը հավաստիացրել է, որ այդ քանակությամբ ջուրը կբավականացնի բնակիչներին: Ֆրունզ Նազարեթյանի հաշվարկներով՝ այդ տարբերակով բնակիչները ջուրը կստանան օրումեջ. «Ջրի քանակությունն առայժմ չի բավականացնում շուրջօրյայի համար, ուստի այդ տարբերակով յուրաքանչյուր ընտանիք կունենա 800-ից 1000 լիտր ջուր, ինչը օրվա կտրվածքով կկազմի 400-500 լիտր ջուր: Առկա ջրի քանակության պայմաններում դա համարվում է նորմալ ջրամատակարարում, եւ խնդիրը կարելի է համարել լուծված, եթե կողմերի միջեւ պայմանավորվածությունը չխախտվի»:

Պարոն Նազարեթյանը նույնպես վկայեց, որ ջրի քանակությունն այս տարի աղբյուրներում քիչ է:

Որպեսզի ջրամատակարար ընկերության եւ համայնքապետարանի միջեւ պայմանավորվածությունը չխախտվի եւ մեկը մյուսին չմեղադրի պարտավորությունը չկատարելու մեջ, Ֆրունզ Նազարեթյանն ասաց, որ ամեն օր ջրամատակարար ընկերության ներկայացուցիչն ու գյուղապետը պետք է ստորագրեն, թե որքան ջուր են ստացել. «Ջրաչափը կապարակնքվել է՝ բացվելու է միայն երկուսի ներկայացուցիչների ներկայությամբ»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031