Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայերի ժպիտը շատ բաներ է «հալեցնում»

Մարտ 05,2015 14:30

Ֆրանսիական համալսարանի ռեկտորի համոզմամբ, հայ ուսանողներին
Ֆրանսիայում գնահատում են գիտելիքների ու ներկայանալի լինելու համար

Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան Ժակ Մոնտուան «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ այս տարի եւս Ֆրանսիական համալսարանի 18 ուսանողներ (լուսանկարում) մեկամսյա պրակտիկա են անցնում Ֆրանսիայի տարբեր քաղաքներում՝ Մարսել, Լիոն, Թուլուզ, Նիցցա:

«Դա մեկամսյա պրակտիկա է, եւ մենք չենք կարող ասել, որ զուտ պրակտիկա է, որովհետեւ իսկական պրակտիկայի համար մեկ ամիսը քիչ է: Այն ավելի շատ օտարերկրյա ձեռնարկությունների մասնագիտական բացահայտման շրջան է, ինչը թույլ է տալիս, որ ընտրված ուսանողներն իրենց գիտելիքները կիրառեն գործնականում: Այդպիսով, նրանք ներգրավվում են աշխատանքի մեջ, մասնագիտական եւ միջանձնային կապեր են ստեղծում, հանրագումարում ձեւավորվում են հարաբերություններ, որոնք չենք կարծում, թե հետագայում միայն մասնագիտական պրակտիկայով կավարտվեն: Քանի որ լավագույն ուսանողներին ենք Ֆրանսիա ուղարկում, հուսով ենք, որ իրենք ավելի հեշտությամբ կկլանեն այնտեղի գիտելիքները եւ այդ ամենը կկիրառեն Հայաստանում: Ի վերջո մեր նպատակը Հայաստանի տնտեսության համար կադրեր պատրաստելն է, ոչ թե ուղեղների արտահոսքը: Այդ 18 ուսանողները կամուրջ են ստեղծում Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ, կարելի է նույնիսկ տնտեսական կամուրջ որակել: Այդ մասին իր այցի ժամանակ խոսել է նաեւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը»,- ասաց ռեկտորը:

Նրա ձեւակերպմամբ, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ուսանողների պրակտիկան մշակութային բացահայտումների ու տնտեսական կապերի բացահայտման հնարավորություն է, ու այդ ամենի նշանակությունը լավ են հասկացել ֆրանսիական մասնավոր եւ հանրային ոլորտի ձեռնարկություններն ու կառույցները, դրա համար էլ ֆինանսավորում են այդ պրակտիկաները: «Ֆինանսավորումը ստանում ենք քաղաքապետարաններից, դա հանրային ֆինանսավորում է եւ այդքան էլ հեշտ չէ ձեռք բերելը: Բոլորին հեշտությամբ չի տրվում: Ինչ վերաբերում է մեր ուսանողներին, նրանք միշտ էլ կատարելապես են կատարել իրենց պարտականությունները, ու ես ամեն տարի երբ այցելում եմ Ֆրանսիա, ուրախությամբ եմ լսում նրանց մասին կարծիքներ, մանավանդ բոլորն ասում են, որ UFAR-ի ուսանողները բուհի գանձն են»,- հավելում է Ժան Ժակ Մոնտուան:

Նա հայտնեց, որ Հայաստանում Ֆրանսիական համալսարանն ավարտած ուսանողների 70%-ն աշխատում է Հայաստանում, 10%-ն արտերկրում՝ հիմնականում Ֆրանսիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, շուրջ 20%-ն էլ կամ աշխատանք է փնտրում, կամ ոլորտն է փոխում:

Մոտավոր հաշվարկներով՝ ավելի քան 350 ուսանող պրակտիկա է անցել Ֆրանսիայում, ու ռեկտորի խոսքով, ներկայումս Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն ամեն ինչ անում է, որպեսզի մեկամսյա ժամկետը երկարի:

Ռեկտորը պատմեց, որ Ֆրանսիայում հատկապես գնահատում են հայ ուսանողների՝ լեզուների հանդեպ հակվածությունը, արագաշարժությունը, խելացի հարցեր տալու ունակությունը, իսկ աղջիկների պարագայում՝ ժպտադեմ լինելը: «Հայերի ժպիտը շատ բաներ է «հալեցնում»: Ստացվում է, որ ընտրություն կատարելիս միշտ մեծ թիվ են կազմում աղջիկները, չնայած ես ուզում եմ հավասարություն լինի տղաների եւ աղջիկների թվի, բայց միեւնույն է՝ մրցույթն անցնող աղջիկներն ավելի շատ են լինում»,- փաստեց մեր զրուցակիցը:

Զրույցի վերջում Ժան Ժակ Մոնտուան հավելեց, որ չնայած Հայաստանի բոլոր բուհերում դիմորդների թիվը պակասել է՝ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով, Ֆրանսիական համալսարանը կարողացել է պահպանել իր դիրքը եւ նույնիսկ նոր նպատակներ իրականացնել՝ առաջարկն ընդլայնելու առումով: Անցյալ տարի ֆինանսների ֆակուլտետում բացել են «Բանկային գործ եւ ապահովագրություն» մասնագիտացմամբ բակալավրիատը, այժմ էլ, Ժան Ժամ Մոնտուայի ասելով, մտադիր են առողջապահական ոլորտի կառավարման ֆակոււլտետ ստեղծել ու մի ֆակուլտետ էլ՝ կապված գինեգործության ոլորտի հետ:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031