Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արցախցի սոպրանոն փայլել է մրցույթում

Մարտ 05,2015 14:00

Ազգային օպերային թատրոնի երաժշտական ղեկավար, գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը՝ հայ շնորհալիների եւ իր զբաղվածության մասին

Վերջերս Կրասնոդարում երկրորդ անգամ անցկացվեց «Օպերան առանց սահմանների» փառատոնը: Բացման օրը՝ փետրվարի 20-ին, տեղի երաժշտական թատրոնում ցուցադրվել է Լեոնկավալոյի «Պայացներ» օպերան՝ Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի մեներգիչների մասնակցությամբ: Փառատոնի շրջանակներում Չայկովսկու ծննդյան 175-ամյակի առիթով կայացել է շքեղ գալա համերգ՝ Յուրի Գրիգորովիչի Բալետի թատրոնի եւ Մոսկվայի Մեծ թատրոնի արտիստների մասնակցությամբ: Երկրորդ անգամ անցկացվել է նաեւ երիտասարդ երգիչների «Օպերան առանց սահմանների» միջազգային մրցույթը: Փառատոնը փակվել է Վերդիի «Տրավիատայով»՝ ՀՀ վաստակավոր արտիստ, Ազգային օպերային թատրոնի երաժշտական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի (լուսանկարում) ղեկավարությամբ:

Մասշտաբային այս նախագծի հիմնադիրը եւ մրցույթի ժյուրիի անփոփոխ նախագահն է ՌԴ ժողովրդական արտիստ, Մարիինյան թատրոնի երիտասարդ օպերային երգիչների ակադեմիայի գեղարվեստական ղեկավար Լարիսա Գերգիեւան: Կարեն Դուրգարյանը հրավիրված է եղել մասնակցելու նաեւ մրցույթի ժյուրիի աշխատանքներին:
«Առավոտի» հետ զրույցում պարոն Դուրգարյանն ասաց, որ մրցույթին մասնակցել է տարբեր երկրներից՝ 70 երիտասարդ օպերային երգիչ: Նրա խոսքով, գերակշռել են հայերը՝ 8-ը այլ երկրներից, 4-ը՝ Հայաստանից՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ. «Երկրորդ փուլ անցան 35 երգիչներ, 3-րդ՝ 18-ը, որոնցից 4 հայ երիտասարդներ՝ 2-ը Հայաստանից, 2-ը դրսից: Մրցույթի հեղինակավոր ժյուրին տպավորված էր սոպրանոներ Մերի Մովսիսյանի, Մարիաննա Մարտիրոսյանի ելույթներով: Հատկապես ուզում եմ շեշտել Արցախից Մարիաննայի անունը, քանի որ բոլորը միաբերան ասում էին, թե նա օպերային արվեստի ծագող աստղ է»:

Ժամանակին «Առավոտի» հետ զրույցում մեծանուն Վալերի Գերգիեւը ասել էր, թե ցանկացած ճանաչված արվեստագետ իր գործունեության ընթացքում պետք է հասնի երկու բարձրագույն աստիճանի՝ մեկը սեփական ստեղծագործական ճանապարհն է, մյուսը՝ երիտասարդների համար ասպարեզ բացելը: Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ լավ է, որ արցախյան ձայն Մարիաննա Մարտիրոսյանին նման ձեւով են բնութագրել, բայց կոնկրետ դուք՝ հանդիսանալով մեր օպերային թատրոնի երաժշտական դեմքը, ինչո՞վ եք օժանդակելու նրան: «Երիտասարդ օպերային արտիստների համար կարեւորում եմ մասնակցությունը մրցույթներին, վարպետության դասերին, ինչը մշտապես նրանց պահում է «ֆորմայի» մեջ: Այդ ամենի շնորհիվ երիտասարդներն արդեն իրենք են համեմատություն անցկացնում տարբեր վոկալ դպրոցների ներկայացուցիչների միջեւ: Մեծ նշանակություն եմ տալիս շփումներին, կարծիքների փոխանակմանը … Մի կարեւոր հանգամանք եւս. ի վերջո, շնորհալիներին նկատում են արտերկրյա մասնագետները…»,- հայտնեց պարոն Դուրգարյանը:

Կարեն Դուրգարյանը վերջին շրջանում բազմազբաղ դիրիժորի համբավ է ձեռք բերել, մասնավորապես՝ հաճախակի հյուրախաղերի առումով: Հետաքրքրվեցինք՝ նրա առաջիկա մեկ-երկու շրջագայություններով: «Շուտով Տրիեստե քաղաքի (Իտալիա) օպերային թատրոնում կղեկավարեմ Ռախմանինովի 2-րդ սիմֆոնիան, ապրիլին՝ Մարիինյան թատրոնում Խաչատրյանի «Սպարտակը» եւ Լեոնիդ Կլինիչեւի «Բէլա» օպերան, որի լիբրետոն գրված է Լերմոնտովի «Մեր ժամանակի հերոսը» նովելի հիման վրա: Իսկ ապրիլի 21-ին, Մոսկվայի երաժշտության տանը, տեղի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ կոլեգաներիս մասնակցությամբ, այդ թվում՝ թավջութակահար Նարեկ Հախնազարյանի, մեր թատրոնի մեներգիչներ, այդ թվում՝ Պերճ Քարազյանի, Արծվիկ Դեմուրճյանի, Հովհաննես Ներսեսյանի հետ հանդես կգանք Եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված համերգով, ծրագրում՝ Նարեկացուց մինչեւ Բաբաջանյան: Ի դեպ, առաջին անգամ ապրիլի 23-ին, ուղիղ կեսգիշերին մեր օպերային թատրոնում կկայանա Եղեռնի զոհերի ոգեկոչման արարողություն, 26-ին էլ տեղի կունենա ճանաչված արվեստագետ, դիրիժոր Ալեքսանդր Սիրանոսյանի գրքի շնորհանդեսը, որտեղ ընդգրկված են արեւմտաեվրոպացի կոմպոզիտորների 560 օպերաներ, որոնց հիմքում հայկական թեմաներ են: Սա հիանալի առիթ է աշխարհին մեկ անգամ եւս ասելու, որ տարբեր ժամանակներում հայերիս ու մեր պատմությանը անդրադարձել են եվրոպացի ստեղծագործողները»,- տեղեկացրեց դիրիժորը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031