Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Ջուլֆալակյան. «Բաքվում կյանքի անվտանգությունը փորձարկելու ըմբիշներ չունենք»

Մարտ 05,2015 13:30

Նախաօլիմպիական տարում բոլոր երկրների ըմբշամարտի ազգային ֆեդերացիաների աշխատանքները նպատակաուղղված են տարվա գլխավոր ստուգատեսին՝ սեպտեմբեր ամսին Լաս-Վեգասում կայանալիք աշխարհի առաջնությանը, որտեղ մեդալներին զուգահեռ խաղարկվելու են նաեւ 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերի ուղեգրեր:

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը Aravot.am-ի խնդրանքով պարբերաբար ներկայացնում է կատարված եւ կատարելիք աշխատանքները:

– Պարոն Ջուլֆալակյան: Արդեն 2015 թվականի երրորդ ամիսն է: Ինչպե՞ս են ընթանում հավաքականի գործերը:

– Իրենց հունով, համաձայն հաստատված ծրագրի: Մարտի 8-ից 21-ը ուսումնամարզական հավաք ենք անցկացնելու Երեւանում: Դրանից հետո մեր 20-23 տարեկանները Լեհաստանում կմասնակցեն իրենց տարիքային խմբի, այսպես կոչված, անցումային տարիքի ըմբիշների Եվրոպայի առաջնությանը: Ապրիլի 8-23-ը՝ կրկին հավաք, որին կհաջորդի հավաքականի մասնակցությունը Բուլղարիայում կայանալիք Պետրովի միջազգային ներկայացուցչական մրցաշարին: Կվերադառնանք Երեւան ու մայիսին կբարձրանանք Ծաղկաձոր՝ ընդհանուր եւ հատուկ ֆիզպատրաստականության նվիրվելիք ուսումնամարզական հավաքին: Կարելի է ասել, որ հենց այդ ժամանակվանից էլ կսկսվի սեպտեմբերին Լաս-Վեգասում կայանալիք աշխարհի առաջնության, որտեղ, ինչպես հայտնի է, խաղարկվելու է օլիմպիական ուղեգրերի հիմնական բաժինը, նախապատրաստության գլխավոր փուլը: Բայց մինչեւ աշխարհի ուժեղագույն ըմբիշների պայքարը մեր ուսումնամարզական հավաքներն ու միջազգային մրցաշարերը հաջորդելու են միմյանց:

– Ինչպես միշտ, հիմա է՞լ նախապես չեք ասի, թե Ռիո դե Ժանեյրոյի ամառային օլիմպիական խաղերի քանի ուղեգրի ենք հավակնում:

– Ավանդույթը չեմ խախտի: Ինչպես միշտ, մրցագորգը ցույց կտա: Ասեմ միայն, որ հավաքականի բոլոր թեկնածուներն էլ մարզվում են ամենայն լրջությամբ ու պատասխանատվության զգացումով եւ ձգտելու ենք ակնկալվող ուղեգրերի մեծ մասը նվաճել աշխարհի առաջնությունում:

– Մի հարց, որը շատ է հետաքրքրում բոլորիս: Ի վերջո, մեր ըմբիշները մասնակցելո՞ւ են Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին:

– Ֆեդերացիան արդեն որոշում կայացրել է, որ ըմբիշները չեն մեկնելու Բաքու: Այս մասին մոտ օրերս պաշտոնապես կհայտարարվի: Ֆեդերացիան համապատասխան պաշտոնական նամակ էլ է ուղարկելու միջազգային ֆեդերացիա՝ նշելով, որ մեր մասնակցությունը Եվրոպական խաղերին նպատակահարմար չենք համարում:

Պատճառները բազմաթիվ են ու բոլորն էլ հիմնավորված: Նախ, այդ խաղերը մեզ մարզական առումով ոչինչ չեն տալու եւ երկրորդ, որքան էլ Ադրբեջանը խոստումներ տա, մենք հո լավ ենք ճանաչում նրանց: Մեր ըմբշամարտի հավաքականն արդեն եղել է այնտեղ ու, ինչպես ասում են, մեր տառապանքը փորձ ունի: Նրանք ընդամենը խոստումներ են տալիս, սական գործով երբեք ոչինչ չեն ապացուցում: Այնպես որ, մենք կյանքի անվտանգությունը փորձարկելու տղաներ չունենք:

– Իսկ եթե մեր երկրի բարձրագույն ու մարզական ղեկավարությունը որոշի, որ պետք է մասնակցե՞լ…

– Այդ դեպքում ֆեդերացիան մի անգամ էլ կանդրադառնա խնդրին: Բայց ոչ ոք, անգամ հարազատ ծնողը, չի կարող պարտադրել իր մարզիկ զավակին, որ նա մեկնի եւ պատերազմող երկրում մասնակցի մրցումների: Յուրաքանչյուր մարզիկ ունի ինքնուրույն կողմնորոշվելու իրավունք:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031