Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիան հերթական խաղն է խաղում»

Մարտ 05,2015 13:00

Ըստ սոցիոլոգի, նա ուզում է ցույց տալ, թե հարգում է
մեր մշակութային ժառանգությունը

Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունը պատրաստվում է 2016 թվականին Օսլոյում՝ Անի քաղաքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում ներառելու մասին առաջարկով հանդես գալ, ինչի առնչությամբ, արդեն երկար ժամանակ է՝ համապատասխան աշխատանքներ են տարվում այս գերատեսչության կողմից: 2015-2016 թվականներն էլ այդ նախարարության կողմից հռչակվելու է իբրեւ Կարսի եւ Անիի ավերակների տարի:

Այս ամենից բացի, Թուրքիայի մշակութային հարցերով նախարարը հայտնել է՝ քանի որ Անին իրենց գանձն է, իրենք պատրաստվում են այնտեղ բերել ու տեղադրել տարբեր մշակույթներին պատկանող 21 նոր գտածո:

Թեմայի վերաբերյալ «Առավոտի» հետ զրույցում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կարծիք հայտնեց, որ նախկինում փորձում էին Անին, Աղթամարն ու մնացած այլ հայկական հուշարձանները համարել քրիստոնյա օսմանների մշակութային ժառանգություն: Այսինքն, նրա խոսքով. «Կա օսմանական կայսրություն, այնտեղ ապրում էին տարբեր դավանանք ունեցող ժողովուրդներ ու դա նրանց ժառանգությունն է, բայց հետո Հայաստանն ակտիվացրեց իր գործողությունները, իրենք էլ հասկացան, որ դա ժխտելը հնարավոր չէ եւ դրանով կարող են փող աշխատել, որովետեւ զբոսաշրջության առումով այն շատ հետաքրքիր վայր է, ու թուրքերն իրենց «թափ տվեցին»: Փաստորեն, հիմա էլ նրանք հանդես են գալիս ոչ թե իբրեւ բարբարոս օսմանների հետեւորդներ, այլ որպես բարեկիրթ ժողովուրդ, որը հարգում է, հանդուրժող է բոլոր մշակույթների ժառանգության հանդեպ, դրա համար էլ Աղթամարը վերականգնեցին: Պարզ չէ՝ Անիի հարցն ինչպես կլուծվի, բայց այստեղ կա լուրջ քաղաքական շարժառիթ՝ լավը երեւալ միջազգային հանրության առջեւ, եւ ոչ թե այնպիսին, որը ժխտում է ինչ-որ մի բան: Թուրքերն ուզում են ցույց տալ, թե պատմական հարեւան են, հոգատար, նաեւ հարգում են մեր մշակութային ժառանգությունն ու անգամ պահպանում: Ինչպես նշեցի, սա լուրջ քաղաքական շարժառիթ ունի, սակայն գլխավորն այս համատեքստում տնտեսական շահն է, նրանք ամեն գնով փորձում են Արեւմտյան Հայաստանը, կամ ներկայիս Արեւելյան Թուրքիան զարգացնել, որովհետեւ այստեղից արտագաղթ կա: Հեռանկարային քաղաքական խաղ է գնում, եւ մենք պետք է հասկանանք, թե ինչպես է հարկավոր դիմակայել այդ ամենին»:

Ահարոն Ադիբեկյանի խոսքով՝ անշուշտ, մենք պետք է ողջամտորեն արձագանքենք այն հանգամանքին, որ Անիում տարբեր ժողովուրդների մշակույթների պատկանող 21 հնություն է տեղադրվելու: Ըստ սոցիոլոգի, բայցի այդ, այլ խնդիրներ կան, որոնց պետք է անպայման պատասխանենք, ու դա պետք է լինի ոչ միայն պետական մակարդակով:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031