Լրահոս
Օրվա լրահոսը

Նեմցովն ու «պուտինյան զոմբոալիքները»

Մարտ 05,2015 12:00

Սպանության պատվիրատուները հայտնի չեն, բայց հանցագործությունն
արտացոլում է Ռուսաստանում ստեղծված վիճակը

Անցած տարվա մայիսին «Ա1+»-ին տված հարցազրույցում Բորիս Նեմցովը, ի պատասխան իմ հարցի, թե ինչպես է պատահել, որ համացանցի դարում ռուսաստանյան հասարակության մեջ գերիշխում է այն տեսակետը, որը մատուցվում է դաշնային ալիքների կողմից, համեմատեց հեռուստատեսային քարոզչությունը ջրի ուժեղ շիթի հետ, որը հարվածում է մարդկանց ուղեղներին եւ ուտում է դրանք, իսկ համացանցը նման է թեթեւ ցնցուղի, որի կաթիլները գալիս են տարբեր տեղերից եւ ընտրության հնարավորություն են տալիս: Համացանցն, այդպիսով, քարոզչական միջոց չէ: «Պուտինյան զոմբոալիքները», ինչպես դրանք անվանել է Նեմցովը, կերել են, նրա կարծիքով, ռուսաստանցիների մեծ մասի ուղեղները:

Այդ տրամաբանությունն, ըստ երեւույթին, կարելի է տարածել նաեւ Հայաստանի վրա. այստեղ ապրողների ճնշող մեծամասնությունը նույնպես օգտվում է բացառապես այդ «զոմբոալիքների» տեղեկատվությունից` մասնավորապես, Ուկրաինայում եւ բուն Ռուսաստանում կատարվող իրադարձությունների մասին պատկերացում կազմելու համար: Օրինակ՝ մարդկանց մեծ մասը, ում հետ ես շփվում եմ, ինձ պատմում են ուկրաինացի զինվորականների գազանությունների մասին: Չէի ասի, թե դա սուտ է: Պարզապես դա ճշմարտության ուղիղ կեսն է: Իսկ մյուս կեսը ներկայացնում է ռուսամետ զինյալների գազանությունները: Կամ` նույն քարոզչության ազդեցության տակ իմ զրուցակիցները վստահ են, որ Պուտինը «ծաղկեցնում է» Ռուսաստանը, այնինչ դա, մեղմ ասած, հակասում է այդ երկրի տնտեսական ցուցանիշների մասին պաշտոնական տվյալներին:

Ցավոք, նույն վիճակն է հենց Նեմցովի սպանության գործի հետ կապված: Իհարկե, ոչ ոք իրավունք չունի պնդելու` լուրջ ապացույցներ չունենալու պարագայում, որ այդ սպանությունը պատվիրել է Ռուսաստանի իշխանությունը: Ի դեպ, «իշխանություն» բառն էլ շատ տարողունակ է` այստեղ կան օղակներ, որոնք մեկը մյուսից «խաբար չեն» եւ գործում են համեմատաբար անկախ: Բայց ինձ ապշեցրեց իմ հայրենակիցների մի մասի արձագանքը, որը մեկը մեկին համընկնում է պուտինյան քարոզչության հիմնական վարկածի հետ, թե սպանությունը կազմակերպել է Արեւմուտքը` Ռուսաստանում իրավիճակը ապակայունացնելու նպատակով:

Ընդհանրապես ռուսաստանյան «զոմբոարկղերի» պնդումները «հուդաֆաշիստների», «ազգի դավաճանների», «5-րդ շարասյան» մասին Հայաստանում պարարտ հողի վրա են ընկնում: Այդ մեղադրանքները Կրեմլի քարոզչությունը պարբերաբար հնչեցնում էր ռուսաստանյան ընդդիմադիրների եւ առաջին հերթին Նեմցովի հասցեին: Եվ զարմանալիորեն այդ քարոզչական «կլիշեները», տպավորվելով մեր համաքաղաքացիների ուղեղների մեջ, կրկնվում են նույնիսկ հիմա` Նեմցովի սպանության վերաբերյալ մեկնաբանություններում:

Թե ով է պատվիրել ընդդիմության ամենահայտնի ներկայացուցչի սպանությունը՝ հնարավոր չէ ասել: Եթե անգամ քննչական մարմինները վաղը որեւէ մեկին «դեմ տան», միեւնույն է՝ անձամբ իմ մեջ դա հավատ չի առաջացնի: Բայց այն իրավիճակը, որը ստեղծվել է Նեմցովի սպանությունից հետո, շատ օրինաչափ է Ռուսաստանի համար: Պատկերացրեք, որ, Աստված մի արասցե, Գերմանիայում սպանվեր որեւէ սոցիալ-դեմոկրատ պատգամավոր կամ Ֆրանսիայում՝ Սարկոզիի կուսակցությունը ներկայացնող Ազգային ժողովի անդամ: Բացառված չէ, իհարկե, որ ընդդիմությունը դարձյալ ասեր, որ դա արել է իշխանությունը, իսկ վերջինս էլ պնդեր, թե հանցագործությունը կատարել են նրանք, ովքեր ցանկանում են ապակայունացնել վիճակը Գերմանիայում (Ֆրանսիայում): Բայց այդ պնդումներին շատ մեծ ուշադրություն չէին դարձնի, որովհետեւ ընդդիմությունն այդ երկրներում քաղաքական համակարգի մասն է, նրան հասանելի են թե խորհրդարանի ամբիոնը եւ թե բոլոր լրատվամիջոցները՝ հետեւաբար մեկ ընդդիմադիր պատգամավորի սպանությունը ոչ մի խնդիր չի լուծում: Մյուս կողմից՝ նման ձեւով ապակայունացնել վիճակն այդ երկրներում հնարավոր չէ:

Այն ռեժիմը, որն ընդդիմադիրներին «ազգի դավաճան» է հանում, ընդունակ է ամեն ինչի:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Հրանտ Պապիկյան says:

    Եթե հոդվածի բովանդակությունը կոնսպեկտավորենք ըստ հիմնական ուղերձների, կստացվի այսպես՝
    1) ՛՛Ռուսաստանցիների մեծ մասի ուղեղները կերել են՛՛, և միայն դրանով է պայմանավորված Պուտինի հակառակորդների ավելի քիչ քանակը.. (նույնն էլ Հայաստանում է..)
    2) Չենք ասում որ ուկրաինական զինուժի կողմից ռուսալեզու բնակչության նկատմամբ գազանությունների փաստերը սուտ են, բայց տեղաբնակների կողմից նույնով պատասխանելը լիովին սրիկայություն է…
    3)Չենք ասում որ Նեմցովին Պուտինի ռեժիմն է սպանել (չնայած հեչ դրա կարիքը չուներ), բայց հաստատ ասում ենք որ վարիանտ չկա դա արևմուտքը արած լինի ՌԴ-ն ապակայունացնելու համար (չնայած դա այն է, ինչ երազում է այդ արևմուտքը,,,)
    4) “5-րդ շարասյուն” հասկացությունը ընդհանրապես կեղծ կատեգորիա է և իրականում գոյություն չունի բնության մեջ…
    5)Ինչ կերպ էլ բացահայտվի այդ սպանությունը, դա մեկ է սուտ է լինելու, քանի որ վարիանտ չկա որ այդ բացահայտումը տանի դեպի իրական մեղավորները, այսինքն Պուտինի ռեժիմը…

  2. Ի դեպ,իմ տեսակետից Նեմցովի կորուստը մեծ չէր Ռուսաստանի , հատկապես իր իշխանություններին,չեմ զլանա ասելու, Պուտինին հավատարիմ բնակչության մեծամասնության համար:Չի կարելի գնալ Ամերիկա եւ դրդել,որ սանկցիաները պետք է ուժեղացնել Ռուսաստանի դեմ եւ դրա համար պատասխան չտալ(եւ ոչ միայն դրա համար):Սա,մեղմ ասած կոչվում է ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ:Եւ ինչպես ասում են«ինչ կցանես այն կհնձես»՝ ալավերդին Նեմցովի մոտ,մի մարդու ,որ ելցինյան կադր էր,իսկ ելցինը առանց Արեւմուտքի թելադրանքի եւ աջակցության կադրեր չէր նշանակում…Սրան էլ գումարած Նեմցովի վարած պաշտոնները…այնպես որ «Քրիստոս»չէր…թալանից ոչ հեռու:Ամեն դեպքում՝ օղորմի իրեն…:Ես կտրականապես դեմ եմ հարգելի Հրանտ Պապիկյանին,որ գտնում է,թե «“5-րդ շարասյուն” հասկացությունը ընդհանրապես կեղծ կատեգորիա է և իրականում գոյություն չունի բնության մեջ…»: Հակառակը,գտնում եմ,որ Ռուսաստանը վաղուց ուշացել է 5-րդ շարասյան ջախջախման մեջ,ուստի եւ դեռ շատ կքաղի արդյունքները:Հարգարժան Արամ Աբրահամյանին էլ բարեկամաբար խորհուրդ կտայի,որ իրեն բնավ էլ չապշեցնի,որ վարկած կա,թե Նեմցովի սպանությունը Արեւմուտքի գործն է:Իսկ արեւմուտքը (հիմնականում՝ Ամերիկան)երբեւէ ԱԶՆՎՈՐԵՐ խոստովանե՞ց վերջին տարիներին ինքը զինքը համաշխարհային ժանդարմի դերում ներկայացնելը (հույսով եմ փաստերը գիտենք բոլորս)…այնպես որ…ամեն բան հնարավոր է ՝ կախված դրանից ,թե ում է դա ձեռնտու,ով է որոշողը եւ ինչ ուժի տեր է:Եւ վերջում«Այն ռեժիմը, որն ընդդիմադիրներին «ազգի դավաճան» է հանում, ընդունակ է ամեն ինչի»: Համաձայն չեմ Ձեզ հետ պրն Աբրահամյան.Ձեզ համար մեծ դժվարություն չէ նկատել,թե ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ովքեր են Ձեր ասած ընդիմադիրները,կամ թե Ուկրաինայի այսօրվա ղեկավարները…եւ ես չէ,որ պիտի դա հուշեմ Ձեզ ,նամանավանդ գիտեն բոլորը՝ համացանցը լեցուն է նրանց անուն ազգանունով: Եկեք լինենք արդարացի:Ի դեպ ,ղեկավարների մեջ կա մի հայ…,ով չի հասկանում,որ վաղը մյուս օր ամեն բան ԻՐ ԳԼԽԻՆ ԵՆ «ՋԱՐԴԵԼՈՒ» ,որպես սպանողի…:

    • Հրանտ Պապիկյան says:

      Նուբար ջան ցավում եմ որ ուշադիր չեք կարդացել գրածս: Ես նշել եմ այն կետերը, որոնք կարմիր թելի պես անցնում են հոդվածի մեջ, որոնց բոլորին եմ կտրականապես դեմ, այլ ոչ թե միայն այդ շարասյան գոյության ժխտմանը…
      Եթե ազնիվ լինենք, կոնկրետ այս հոդվածը իրականում հենց նույն ՛՛զոմբիացման՛՛ տեխնոլոգիա է, ինչի դեմ իբր թե գրված է, ուղղակի հակառակ ճամբարի շահերին համապատասխան: Այսինքն ՛՛սեպը սեպով՛՛ հանելու փորձ: Ի դեպ հարգելի Աբրահամյանը հավանաբար վաղուց Ռուսաստանում չի եղել, այլապես գոնե մի անգամ բարի նախանձով կլցվեր տեսնելով թե ինչ վերաբերմունք ունի հասարակ ժողովուրդը իր նախագահի նկատմամբ: Զոմբիացումով այդպիսի արդյունքի չես հասնի: Ում հետ խոսում ես, ասում են պետք լինի մի քիչ էլ կնեղվենք, թող իրենց սանկցիաները իրենց գլխին կպչի…
      Պուտինն էլ շատ լավ գիտակցում է մի բան, որը համառորեն չեն ուզում ընդունել նրա ընդիմախոսները՝ այն որ իր ուժը հենց այդ մարդկային ֆակտորի մեջ է, այլ ոչ թե զենքի կամ փողի քանակի: Ճիշտ է այդ վերջիններն էլ նա բավականաչափ ունի, բայց առանց ժողովրդի աջակցության նա ռիսկ չեր անի դուրս գալ համարյա ամբողջ աշխարհի դեմ: Ի վերջո զենք ու փող Ուկրաինան էլ ուներ գոնե այնքան, որ իր երկու մարզերի հախից գար: Ես եկել եմ համոզման, որ այս աշխարհում համարյա ամեն ինչ անարդար է: Բայց պատերազմները հիմնականում արդար են ավարտվում: Դա այն պատճառով է, որ կենաց ու մահվան կռվում ազնվորեն իրենց պարտքը կատարում են իրոք իրենց արդար լինելում համոզված մարտիկները:
      Ընդհանրապես ես իմաստային տարբերություն չեմ տեսնում Դոնբասի և Արցախի հարցերում: Իսկ Ռուսական զորքերի ներկայության մասին Նեմցովի և 5-րդ շարասյան այլ դեմքերի ՛՛բացահայտումները՛՛ ծիծաղելի են: 1) Կիևի հիստերիան այն պատճառով է, որ կանոնավոր բանակի համար խիստ ամոթալի է պարտված լինել նախկին հանքափորներից, և ավելի սփոփիչ է համարել իբր ՌԴ բանակի հետ են կռվում:
      2) Եթե լինեին ապացույցներ, ԱՄՆ պետդեպը տարբեր ֆոտոմոնտաժների ու Նեմցովի ՛՛կորած ապացույցների՛՛ հույսին չէր մնա և վաղուց կներկայացներ
      3) Ի վերջո մեկնումեկը կասկածու՞մ է, թե ռուսական զորքը ուր հասած կլիներ ուկրաինա մտնելուց մեկ երկու շաբաթ հետո)))))))

  3. Աբո says:

    Իսկ ինձ թվում է, որ Նեմցովը կրկնակի ագենտ էր, ԱՄՆ-ից գումարներ ստանալով, ապրում էր ճոխ կյանքով, տարին մի անգամ մի տասը հազար մարդ հանուն էր փողոց ( դա նույն է, ոնց ասենք Հայրիկյանը, մի երկու հարյուր հոգի Հայաստանում:)) ), մի տասը օր, նստում էր ոստիկանությունում ու վերջ:
    Միգուցե այդ ամենը հասկանալով, ԱՄՆ-ը մտածեց, որ սպանված Նեմցովը ավելի շատ մարդ կհանի փողոց, քան կենդանի:

  4. Մարատ| says:

    Մեկնաբանությունները կարդալով համոզվեցի, որ պուծինյան զոմբարկղերը ավելի շուտ հիշեցնում են պոգաննիյ արմյաշկաների բուծման ու բազմացման ֆերմաների լափամանների

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031