Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Նավուրի համայնքային կենտրոնի նորոգումը կիսատ է մնացել: Նախկինում գործող համայնքային կենտրոնի շենքի հիմնանորոգումը կատարվել է 2011-2012 թվականներին, ՀՀ պետական բյուջեից իրականացվող հրատապ ծրագրերի շրջանակում: Հիմնանորոգումը կիսատ է մնացել, շենքը կիսաքանդ վիճակում է , 1134 բնակիչ ունեցող համայնքը հնարավորություն չունի օգտվել կենտրոնից: 40 միլիոն դրամով նորոգվել է համայնքային կենտրոնի տանիքը, սակայն նույնքան գումար է պահանջվում շենքի դահլիճը վերանորոգելու համար:
Համայնքը ֆինանսական հնարավորություն չունի սեփական ուժերով ավարտելու նորոգումը,քանզի տեղական բյուջեն սուղ է: Փոքր բյուջեի պատճառով համայնքը չի կարողանում գյուղում կատարվող ծրագրերում պահանջվող ֆինանսական ներդրումը կատարել: Նավուրում գործարկվել է բժշկական ամբուլատորիա, այդ գործի համար պահանջվող 2.5 միլիոն դրամի ներդրումից համայնքը կարողացել է տրամադրել միայն 500 հազար դրամ: Նավուրում իրականացվող գյուղատնտեսական ծրագրի համար եւս համայնքի ներդրում է պահանջվում, սակայն տեղական բյուջեն նման հնարավորություն չի տալիս: Այս մասին Տավուշի մարզխորհրդի փետրվարի 24-ի նիստում հայտարարեց Նավուրի գյուղապետ, 1999 թվականից այդ համայնքը ղեկավարող Արամ Նիգոյանը, ասելով, որ տարածքային կառավարման նախկին նախարար, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը լավ ծանոթ է այդ խնդրին:
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ասաց, որ կառավարության միջոցներից մարզի 7 համայնքների գազաֆիկացման աշխատանքներում,այդ համայնքների փոխարեն, ֆինանսական ներդրում է կատարվել: Կառավարության պահուստային միջոցներից ներդրումներ են արվել նաեւ Բերդի տարածաշրջանի Վերին Կարմիրաղբյուր եւ Պառավաքար համայնքների համար գյուղտեխնիկա ձեռք բերելու ծրագրում: Մարզխորհրդի նիստում Նավուրի համայնքային կենտրոնի հիմնանորոգման ավարտման որոշակի ժամկետ չնշվեց:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ