Արդեն գրել ենք, որ այսօր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում հերթական նիստն էր, որտեղ քննվեց Քննչական կոմիտեի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի ավագ քննիչ Օնիկ Առաքելյանի կայացրած քրեական գործը կարճելու որոշումը վերացնելու պահանջով բողոքը: Նախորդ նյութում ներկայացրել էինք Նարինե Նիկողոսյանի փաստաբանների դիրքորոշումը կապված քննիչի գործողությունների հետ:
Հիշեցնենք, որ Երեւանի բնակիչ Նարինե Նիկողոսյանը վստահեցնում է, որ իր նորածին երեխային իր ծանոթ Էդիսոն Ադյանը, խաբեությամբ իրենից բաժանել է հենց ծննդատնից դուրս գրվելու օրը, եւ արդեն մոտ 2 տարի է՝ մայրը փոքրիկին չի տեսել:
Այսօր դատարանում Նարինե Նիկողոսյանը պատմեց, որ Էդիսոն Ադյանի հետ բժիշկ Կալուստյանն է ծանոթացրել, երբ ինքն արդեն 6.5 ամսական հղի է եղել: Նիկողոսյանը դատարանում պնդեց, որ Կալուստյանն ու Ադյանը նախապես պայմանավորվել են երեխային իրենից զրկելու մասին. ծնողական իրավունքից հրաժարվելու համար իրեն գումար են առաջարկել, իսկ ինքը հրաժարվել է.
Կարդացեք նաև
«Ես ասել եմ` դու երեխայի հայրը չես, մինչեւ վերջ բողոքելու եմ, դու երեխայի հայրը չես, ու լկտիաբար տարել ես իմ երեխային»: Դատավորը դիտողություն արեց Նիկողոսյանին` «Առանց վիրավորանքների, ու դեռ հարց է` ո՞վ է` ում վիրավորել»:
Դատավորը հարցեր ուղղեց Նիկողոսյանին` նոտարական գրասենյակում փաստաթղթերն անձա՞մբ է ստորագրել, ինչո՞ւ է բժշկի ուղեկցությամբ գնացել, եւ այլն: Երբ Նարինե Նիկողոսյանն ասաց, որ ավելի կմանրամասնի, դատավորը հորդորեց` «Լավ կլինի ավելի ճիշտն ասեք` ինչո՞ւ էր Էդիսոն Ադյանը գալիս տեսակցության, թղթերը բերում, ո՞վ էր նա ձեզ համար»: Նիկողոսյանն էլ պատասխանեց, որ Ադյանն այն անձն էր, որն այդ պահին օգնում էր իրեն, ապա դատավորը նորից հարց ուղղեց` «Ինչո՞ւ էր օգնում, նա ի՞նչ պիտի ստանար դրա դիմաց»:
Այսօրվա նիստում Նարինե Նիկողոսյանն իր երեխայի կենսաբանական հոր անունը հրապարակեց` Դավիթ Հարությունյան. կինը վստահեցրեց, որ այս տղամարդը ամեն ինչի մասին տեղյակ է:
Էդիսոն Ադյանն էլ մանրամասն ներկայացրեց իր բացատրությունը, թե ինչպես է ծանոթացել Նարինեի հետ, ասաց, որ վստահ է, որ ինքն է հայրը, քանի որ Նարինեն պտուղը հեռացնելու համար իրենից գումար է ուզել ու հավատացրել նրան, որ Ադյանն է հայրը: Ադյանի պատմելով` ինքը թույլ չի տվել աբորտ անել, քանի որ պատրաստ է հայրություն անել, ամեն հարցում օգնել` գումար, բնակարան, ինչի կարիք որ լինի:
Դատավորը հետաքրքրվեց` թե ինչո՞ւ է Ադյանը հրաժարվում դատագենետիկական փորձաքննությունից, վերջինս ասաց, որ ինքը չի ցանկանում իր երեխային ինչ-որ փորձարկումների ենթարկեն: Դատավորը նաեւ հետաքրքրվեց Ադյանից` «Դավիթ Հարությունյանին ճանաչո՞ւմ եք, օրինակ ես մեկին ճանաչում եմ»: Ադյանը վստահեցրեց, որ չի ճանաչում նման անձի:
Դատախազ Կարապետյանի կարծիքներն ու դիրքորոշումը, դատավորը որոշեց լսել հաջորդ նիստին: Նիստից հետո, երբ լրատվամիջոցները փորձում էին տեսալուսանկարահանել Ադյանին եւ Նիկողոսյանին, Ադյանի ներկայացուցիչը միջանցքում ռեպլիկ արեց` «Նկարեք, նկարեք, որ վերջում դատի տանք»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ