«Հոգեբան Սամվել Խուդոյանն օրեր առաջ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ (տեսանյութում) մեր հասցեին մի շարք մեղադրանքներ, անձնական վիրավորանքներ ու զրպարտանք է հնչեցրել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանը՝ հիշեցնելով, որ մեղադրանքները վերաբերել են ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի հայտարարած 2014 թվականի «Արդյունավետ գիտական աշխատող» մրցույթի արդյունքներին, չափանիշներին ու օբյեկտիվությանը։
«Խուդոյանը մրցույթին չի մասնակցել, բայց հարկ է համարել գռեհիկ բառապաշարով մեզ քննադատել։ Նա նաև ասել է, որ իմ դոկտորական ատենախոսությունը էջ առ էջ գրագողություն է, որն էլ քրեական հանցագործություն է»,- նշեց ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչը։
Հոգեբան Ս. Խուդոյանի մեղադրանքներն ուղղված են եղել նաև ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի Կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ Ռուբեն Աղուզումցյանին. «Պարոն Խուդոյանի ասածները գիտնականին վայել չեն,- ասաց Ռ. Աղուզումցյանը,- վերջերս էլ իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե ինքը անձի դեմ որևէ բան չունի: Այդ ինչպե՞ս է ստացվում. ուրեմն անձի անունը տալիս է, մեղադրում է, հետո գրում, որ անձի նկատմամբ ոչինչ չունի՞»։
Հոգեբաններն ասում են, որ սա առաջին դեպքը չէ, որ Ս. Խուդոյանն իրենց մեղադրանքներ է առաջադրում, ֆեյսբուքյան իր էջում բացասական մտքեր արտահայտում։ Բայց չեն հասկանում դրա հիմքը, պատճառը։ Կոնֆլիկտներ չեն ունեցել, սակայն այս ամենից հետո Խուդոյանին այլևս չեն կարող կոլեգա համարել։
Կարդացեք նաև
«Երբ որևէ գիտնական պատվոգիր կամ դրամաշնորհ է ստանում, կոչման է արժանանում կամ մի այլ հաջողության հասնում, Խուդոյանը միանգամից ակտիվանում է Ֆեյսբուքում։ Սա, երևի, մասնագիտական խանդ է կամ նախանձ»,- ասաց Հ. Ավանեսյանը։
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ