Aravot.am-ին նոր մանրամասներ են հայտնի դառնում մարտի 1-ի գիշերը հայ-թուրքական սահմանը հատած Չեխիայի քաղաքացու մասին: Շիրակի մարզի իրավապահներից մեկը մեզ տեղեկացրեց, որ վերջինս, խուլուհամր ձեւանալով, Չեխիայից Հայաստան է հասել պատահական մեքենաներով, մայրուղիների վրա մեքենաներ կանգնեցնելով: Այդ մասին հայտնել է հենց ինքը: Ի դեպ, նրա մոտ գումար չի հայտնաբերվել, նա նաև նշել է, որ Թուրքիան շփոթել է Աֆրիկայի հետ, այսինքն` ուզում էր Աֆրիկա գնալ, հայտնվել է Հայաստանում ու հատել հայ –թուրքական սահմանը: Մեր աղբյուրի բնութագրելով, նա մոտ 40 տարեկան է, եղել է պատառոտված շորերով, մուրացկանի տպավորություն է թողել: Պերմյակով տեսած Շիրակի մարզում լուրջ անհանգստություն կա, թե ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ է այս մարդը Չեխիայից հայտնվել հենց Շիրակի մարզում, հենց հայ-թուրքական սահմանի վրա, հատել է սահմանը, ինչո՞ւ է խուլուհամր ձեւանում եւ ինչպե՞ս է Չեխիայից հասել մեր երկիր՝ առանց գումարի, երբ ելումուտն ազատ չէ…
Այս հարցերի պատասխանները փորձեցինք ճշտել Ազգային անվտանգության ծառայության լրատվական բաժնից: Այս բաժնի աշխատակից Գալստյանը Aravot.am-ին փոխանցեց, որ գործի բնույթից ելնելով՝ չեն կարող ոչինչ հայտնել: Մեր դիտարկմանը, թե Շիրակի մարզի բնակիչները Պերմյակով տեսած մարդիկ են, ուզում են հասկանալ՝ ի՞նչ է կատարվում, հո՞ վտանգ չկա, Գալստյանն ասաց, որ հասկանում է մեր մարզի բնակչությանը, այդուհանդերձ տեղեկությունները հրապարակման ենթակա չեն:
Հիշեցնենք, որ նրան ձերբակալել էին Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ վարչության աշխատակիցները : Սահմանախախտի մոտ հայտնաբերել էին Չեխիայի հանրապետություն վերադառնալու մասին վկայական:
Կարդացեք նաև
Ի տարբերություն Վալերի Պեմյակովի, այս դեպքում ռուսները, հարգելով ու պահպանելով հայ-ռուսական միջպետական պայմանագրի կետերը, նրան հանձնել էին ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը: Սահմանախախտին Շիրակի մարզից անմիջապես տեղափոխել են Երեւան:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ