Այսօր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում հերթական նիստն էր. քննվեց Քննչական կոմիտեի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի ավագ քննիչ Օնիկ Առաքելյանի կայացրած քրեական գործը կարճելու որոշումը վերացնելու պահանջով բողոքը:
Հիշեցնենք, որ Երեւանի բնակիչ Նարինե Նիկողոսյանը վստահեցնում է, որ իր նորածին երեխային իր ծանոթ Էդիսոն Ադյանը գողացել է երեխային , խաբեությամբ իրենից բաժանել է հենց ծննդատնից դուրս գրվելու օրը, եւ արդեն մոտ 2 տարի է մայրը փոքրիկին չի տեսել: Երեխայից բաժանվելուց 6 ամիս հետո Նարինե Նիկողոսյանը դիմել է ոստիկանություն, սակայն վերջինս որոշ ժամանակ գործը քննելուց հետո այն կարճել է` հանցակազմի բացակայության հիմնավորմամբ: Այսօր դատարանում այս որոշման դեմ բողոքն էր լսվում:
Դատարան չէր ներկայացել քննիչը, բայց կողմերը որոշեցին նիստը շարունակել առանց նրա: Էդիսոն Ադյանը նիստին ներկա գտնվելու եւ մասնակցելու միջնորդություն էր ներկայացրել, որը դատարանը բավարարեց:
Կարդացեք նաև
Նախորդ նիստին Նարինե Նիկողոսյանը միջնորդություն էր ներկայացրել գործում ներգրավել եւս մեկ փաստաբանի` Անի Թորոսյանին, որն այսօր ներկայացել էր դատարան. այս միջնորդություն էլ դատարանը բավարարեց:
Ապա Նարինե Նիկողոսյանի մյուս փաստաբանը Լեռնիկ Հովհաննիսյանը ներկայացրեց բողոքը, ըստ որի Նարինե Նիկողոսյանը վստահեցնում է, որ 2013 թվականի հունիսի 14-ին բժիշկ Հրաչ Կալուստյան ու Էդիսոն Ադյանը օգտվելով իր անօգնական վիճակից իրեն համոզել են ստորագրել երեխայի ծննդյան վկայականի համար անհրաժեշտ ինչ-որ փաստաթղթեր, որոնց հիման վրա Էդիսոն Ադյանը ճանաչվել է իմ երեխայի հայրը: Նարինե Նիկողոսյանը պնդում է, որ Ադյանը չէ իր երեխայի կենսաբանական հայրը:
Մանրամասն` տեսանյութում
Էդիսոն Ադյանը «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում անցյալ տարի դեկտեմբերի 26-ի հրապարկման մեջ վստահեցրել է, որ ինքն է երեխայի հայրը, իսկ Նարինե Նիկողոսյանը բոլոր փաստաթղթերն ինքնակամ է ստորագրել, ինչպես նաեւ երեխայի խնամքն ու դաստիրակությունն էլ ինքնակամ, նոտարի հաստատմամբ հանձնել է Ադյանին: Օրերս էլ նույն բանը պարոն Ադյանը պնդել է մամուլի ասուլիսի ժամանակ:
Լեռնիկ Հովհաննիսյանի ներկայացմամբ` քննիչը ձեռք չի բերել գործով էական ապացույցներ. այս մասին մանրամասները` տեսանյութում
Նարինեի փաստաբան Անի Թորոսյանն էլ հարց բարձրացրեց` ինչո՞ւ քննիչ Առաքելյանը չի հարցաքննել դատաձեռագրաբանական փորձաքննության արդյունքներով հաստատված իրական եւ կեղծ ծննդականում առկա ձեռագրի հեղինակին` ԶԱԳՍ-ի աշխատակցուհուն: Անի Թորոսյանը նաեւ դատահոգեբանական փորձաքննությունից մանրամասներ կարդաց, ըստ որի ծննդատնից դուրս գրվելու օրը Նարինե Նիկողոսյանի մոտ փաստաթղթերը ստորագրելիս առկա է եղել հուսահատություն, հետաքրքրություն, հոգնածություն, իսկ հաջորդ օրը նոտարական գրասենյակում փաստաթղթերը ստորագրելիս Նիկողոսյանի մոտ գերակայել է վտանգի զգացում, ակտիվություն, անելանելիություն, հոգնածություն, լարվածություն, հուզմունք, թուլություն: Այս ամենը գրելուց հետո, ըստ փաստաբանի, փորձագետը եզրակացություն է տվել, որ Նիկողոսյանը չի գտնվել այնպիսի վիճակում, որ կարող էր ազդել նրա վարքի, գիտակցության, հասկանալու ունակության վրա, նա կարող էր լիարժեք հասկանալ գործողությունների նշանակությունն ու հետեւանքները. «Իմ կարծիքով` քննիչը պարտավոր էր բազմակողմանի հետաքննություն իրականացնել եւ նման իրավիճակում նշված փորձագետին հրավիրեր հարցաքննման, ու պարզեր` թե ինչպե՞ս ես նշում հուզմունք ու այլ նման բաներ կան, բայց եզրակացությունում նշում, որ լիարժեք հասկացել է: Ինչպես նաեւ քննիչը պետք էր բժիշկ Հրաչ Կալուստյանին եւ Յուրա Ադյանին ներգրավեր գործի մեջ»-նկատեց փաստաբանը, որը նաեւ դատագենետիկական փորձաքննություն քննիչի կողմից չնշանակելու հարցը բարձրացրեց:
Դատական նիստից այլ մանրամասները` Նիկողոսյանի եւ Ադյանի բացատրությունները հաջորդ` «Երեխայի կենսաբանական հայրը Դավիթ Հարությունյանն է» վերնագրով նյութում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ