Ինչպես տեղեկացրել ենք Ավետիսյանների սպանության գործում ներգրավվելու են եւս երկու փաստաբաններ՝ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը, որոնք այսօր այցելել էին Գյումրի` սպանվածների հարազատների հետ հանդիպման:
Սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրերը մեզ հետ զրույցում նոր փաստաբաններ ներգրավելը բացատրեցին այն հանգամանքով, որ իրենց անընդհատ նոր տեղեկություններ են անհրաժեշտ: «Մենք Երեմի դեմ ոչինչ էլ չունենք, (նկատի ունի փաստաբան Երեմ Սարգսյանին.- Ն. Ա.), ուղղակի որոշեցի, որ փաստաբանը մեզ չի գոհացնում, տարածություն է, ես Գյումրի եմ, նա Երեւան… Մեր վիճակը էնպես է, որ մեզ անընդհատ տեղեկություններ են պետք, թեեւ մեզ շտապ բացահայտում պետք չէ, ծածկադմբոց չանեն գնա, մեզ ստույգ, կոնկրետ պատասխաններ են պետք…. Գիտենանք՝ Պերմյակո՞վն է մեղավոր, թե ո՞վ է, էդ հրազենի՞ց է կրակվել, էդ փամփուշտների՞ց է կրակվել, ինչի՞ համար է Արմենս (խոսքը Ավետիսյանների տղայի մասին է, որին գտել էին մահճակալի կողքին ընկած.- Ն. Ա.), հայտնվել գետնի վրա, արդյոք կռի՞վ է եղել , իհարկե եղել է կռիվ, որ Արմենը հայտնվել է գետնի վրա», -ասաց Ռիտա Պետրոսյանը:
Նրանք վրդովված են. «Մինչեւ Պերմյակովը չհանձնվի հայկական կողմին, ո՞վ մեզ էդ պատասխանները կտա, ոչ ոք…Եթե հանցագործը մեզ մոտ չգտնվի, մենք ոչինչ չենք իմանա, բայց ինձ թվում է միտք էլ չունեն գնան բերեն: Ո՞ւմ են սպասում, չգիտեմ»,-ասաց տիկին Ջուլիետան:
Մյուս քույրն էլ հավելեց. «Եթե հանցագործությունը Հայաստանի Հանրապետության հողի վրա է եղել, պիտի գնան ու բերեն: Հայաստանում պիտի լինի դատը, ոչ թե, ինչպես խոսք է գնում, Դոնի Ռոստովում: Հողը մերն է, ի՞նչ ռուսական ռազմական բազայի մասին է խոսքը»:
Կարդացեք նաև
Նրանք ասացին, որ ոտքի չեն ելնում, բողոքի ակցիաներ չեն անցկացնում որովհետեւ գյումրեցիների մասին են մտածում, տուժողներ հանկարծ չլինեն: Ըստ նրանց, օրինակ՝ անհասկանալի է թե սառնաղբյուրցի երիտասարդ Անուշավանին ինչո՞ւ բռնեցին: «Սա էն դեպքը չէ, որ ծածկադմբոց անեն, թե ինչի՞ ես ելել ցույցի, շատ լավ է արել, պետք է եղել, ելել է , բայց ինչի՞ պիտի մեր տղաները տուժվեն…էն մյուս երեխային չթողեցին Ռուսաստան գնար, մեղադրանք առաջադրեցին, պարտավոր են տոմսի փողը տան: Էս ի՞նչ բան է , էս սպանությունը կրկնություն կունենա, որովհետեւ բարձիթողի վիճակ Է: Մենք տեսել ենք էս վիշտը ու չենք ուզի, որ ուրիշների տներում էլ լինի էս բանը », ասում էին Հասմիկ Ավետիսյանի քույրերը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ