Լրահոս
Օրվա լրահոսը

Արշակ Սադոյան. «Այստեղ մեղքը միայն Կրեմլինն է»

Մարտ 04,2015 17:44

«Առավոտի» հարցերին է պատասխանում Ազգային ժողովրդավարների դաշինք կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը:

– Պրն Սադոյան Գյումրիում կատարված ոճրագործությունից անցել է բավական ժամանակ, կարծում եմ կարելի է արդեն ավելի սառը դատել և կցանկանայի իմանալ Ձեր կարծիքը՝ թե որքանով էին քաղաքականացված բողոքի ակցիաները Գյումրիում, կային արդյոք ուժեր, որ պղտոր ջրում ձուկ էին ուզում բռնել, և կա արդյոք կապ այդ դեպքերի և մեր քաղաքական դաշտում այսօր առկա լարվածության միջև:

– Ցավոք մինչև հիմա էլ դժվար է սառը դատել. Մեր նկատմամբ ինչպիսի արհամարհանք, զզվանք է կաթեցվել դեռ պատանի այդ զինվորի գլխում, որ հենց այնպես, ձեռքի հետ անկողնում գնդակահարի մի ամբողջ ընտանիք, սրախողող անի վեց ամսական փոքրիկին:

Մինչև հիմա էլ դժվար է զայրույթը զսպել, երբ մտածում ես, թե որքան արհամարհված է մեր պետությունը, որ ռուս իշխանավորները նորից հենց այնպես, առանց լուրջ պատճառի համարձակվում են խախտելով միջազգային բոլոր նորմերը, իրենց իսկ կողմից կնքված պայմանագիրը պարտադրել, որ մեր տարածքում կատարված սարսափելի ոճրագործությունը չքննվի մեր կողմից, մեր օրենքներով:

Բայց վերադառնամ Ձեր հարցին:

Ակնհայտ է, որ այս կարգի ոճրագործությունը իր խորը հետքն է թողնելու պատմության մեջ, որքան էլ փորձեն որոշ ուժեր չքաղաքականացնելու կոչերով այն մոռացության մատնել:Եվ բնական է, որ ապագա փոխհարաբերությունների կարգավորման ուղիներ փնտրելիս մեր քաղաքական ուժերը պետք է փորձեն հստակ տարբերակել՝ այսպես կոչված ընթացիկ կարգավորման խնդիրները` երկարաժամկետ գործոններից, այսօրվա Կրեմլյան իշխանությունների դերը, ռուս ժողովրդին հատուկ զանգվածային հակումներից:

Իհարկե յուրաքանչյուր ժողովուրդ իր մշակութային առանձնահատկություններն ունի, արժեքային համակարգերի, մոտեցումների որոշակի տարբերություններ, բնավորությունների ավելի հաճախ հանդիպող այս կամ այն գծեր: Եվ չնայած պատմության մեջ ժողովուրդների, նրանց տարբեր հատվածների զանգվածային հակումներն էլ են զգալիորեն փոխվում (հաճախ ուղղորդվելով իշխանությունների կողմից`բավական է նշել միայն այսօրվա կորեացիների հյուսիսային և հարավային հատվածների օրինակը), բայց, որպես կանոն, նրանք շատ ավելի դանդաղ են փոխվում, քան իշխանավորները, իշխանական համակարգերը:

Եվ բնական հարց է ծագում՝ իր բնույթով աննախադեպ այս ոճրագործությունը որքանով էր պայմանավորված դարերի մեջ ապրող ռուս ժողովրդին բնորոշ առանձնահատկություններով և որքանով տվյալ պահին կայսերապաշտական ամբիցիաներով տառապող Կրեմլյան իշխանավորների կողմից ուղղորդվող զանգվածային քարոզչությամբ, նրանց բանակում, ռազմաբազայում տիրող անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտով: Եվ հնարավոր է արդյոք պահպանելով ջեմ, բարեկամական վերաբերմունքը ռուս ժողովրդի նկատմամբ այլևս թույլ չտալ, որ նման դեպքերը Կրեմլի կողմից կրկնվեն:

Ցավոք այս հարցերին ոչ Հանրապետական և ոչ էլ Բարգավաճ Հայաստան կուսակցությունները,բացի ընդհանուր խոսքերից, չհամարձակվեցին հստակ պատասխաններ տալ: Եվ այդ պատճառով դժվարանում եմ առկա լարվածության մեջ այս խնդրի դերը պարզել:

Բայց անկախ դրանից, քանի որ մեր քաղաքական դաշտում այդ կուսակցությունները բավական մեծ դերակատարում ունեն կարծում եմ անհրաժեշտ է ի վերջո դրդել նրանց ասելու թե որքանով են մեղավոր իշխանությունները և ինչ հետևություններ պետք է արվի: Կարծում եմ,որ առկա լարվածությունը դրա հնարավորությունը տալիս է, կարելի է ներքաշել նրանց գոնե տեսական քննարկումների մեջ և փորձել ընթացքում պարզել` ժամանակ գտել են արդյոք նրանք լուջ մտածելու նման ողբերգության, դրա պատմական դասերի մասին, թե նրանց համար դա այնքան էլ կարևոր չէ, երկրորդական հարց է:

Օգտվելով առիթից թույլ տվեք նպաստել այդ քննարկումների ծավալմանը կարծում եմ, որ մենք ի վերջո պարտավոր ենք մի պահ կանգ առնել սթափ և հանգամանորեն պարզել ինչ դերակատարում են ունեցել ռուսները և նրանց իշխանավորները մեր պատմության մեջ, անհրաժեշտություն կա արդյոք վերանայելու մեր մոտեցումները և որքան արմատական: Ստորև ներկայացնելով իմ դիտարկումներն ու տեսակետները բարձրացված հարցերի մասին կոչ եմ ուզում անել նրանց, գոնե ուշացումով, իրենց մոտեցումներն էլ ներկայացնել:

Ես երկար ժամանակ ապրել եմ Մոսկվայում, եղել եմ Խորհրդային միության շատ ու շատ քաղաքներում, գյուղերում,փորձել եմ հասկանալ տեղի մարդկանց, նրանց սովորությունները, հակումները: Եվ իմ անձնական տպավորությունն է, որ ռուսները, եթե մի կողմ դնենք նրանց որոշ խմբային հակումները, ալկոհոլի նկատմամբ թուլությունը, ընդհանուր առմամբ, բավական մարդամոտ, հաճախ մանկական անմիջականությամբ, բարիությամբ շփվող մարդիկ են և, որպես կանոն, ներքին դաժանության, ուրիշների նկատմամբ քամահրանքի հաճախ հանդիպող գծեր չունեն:

Քննարկումների ժամանակ ինձ հաճախ էին հակառակվում ասելով` պարզ չէ, որ ռուս ժողովրդին բնորոշ պետք է լիներ առանձնահատուկ ռազմատենչություն, դաժանություն, արհամարհանք մյուսների նկատմամբ` հակառակ դեպքում նրանք չէին կարող աշխարհի մեկ վեցերորդ մասում իրենց տիրապետությունը հաստատել:

Առաջին հայացքից թվում է բավական հիմնավորված փաստարկ է,բայց այստեղ էլ նորից առկա է իշխանության և ժողովրդին նույնացնելու սխալը, իշխանավորների հակումերի վերագրումը հպատակներին:

Պարզաբանման համար թույլ տվեք մի պատմական անդրադարձ կատարել:

Իմ կարծիքով ռուս ժողովուրդը հիմնականում ձևավորվել է ոչ վաղ անցյալում 18-19-րդ դարերում, կայսրության ընդլայնմանը զուգընթաց, ուղղորդվելով գերլիազորություններ ունեցող իշխանությունների կողմից մի գործընթացի շրջանակներում, երբ խնդիր էր դրված արևմտյան, քրիստոնեական արժեքների քարոզման քողի տակ հնարավորինս ասիմիլացնել նվաճված ասիական ժողովուրդներին, արմատախիլ անել նրանցից շատերին վերագրվող ռազմատենչ հակումները:

Ժամանակին թաթար – մոնղոլական, թուրքմեն-սելջուկյան, թուրքական ասպատակությունները՝ այսպես կոչված դեղին վտանգը երկար ժամանակ լուրջ սպառնալիք էր անընդհատ կախված Եվրոպայի գլխին: Այդ վտանգի դեմ, հաճախ մի կողմ թողնելով ներքին երկպառակությունները որոշակի ծրագրեր էին մշակվում նպատակ դնելով արևելքում Եվրոպայի և Ասիայի սահմանին (այդ ժամանակ Մոսկովյան համարվում էր ասիական, թաթարական պետություն) ձևավորել հնարավորինս հզոր, արևմտյան արժեքներ պարտադրող, բուֆերային մի պետություն, որն իր վրա կվերցնի վահանի դերը և աստիճանաբար դեպի արևելք և հարավ տարածվելով, ասիմիլացնելով տեղի ժողովուրդներին իր բնօրրանում կխեղդի դեղին վտանգը:

Այս ծրագրերի իրականացման համար պարարտ հող ստեղծվեց, երբ որոշակի հանգամանքների բերումով Մոսկովյայի ցար Պետրոս առաջինը երկար ժամանակով գտնվում էր արևմուտքում: Ծանոթանալով այդ ծրագրերին, զգալով թե բավարար աջակցության դեպքում հզորացման ինչ լայն հնարավորություններ կտա այն իր պետությանը ռազմատենչ Պետրոսը պատրաստակամորեն իր վրա վերցրեց բուֆերային այդ պետության կազմավորման խնդիրները և վերադառնալով Մոսկվա անմիջապես սկսեց դրանց իրագործումը:

Կարծում եմ, որ իրավմամբ Պետրոս առաջինը պետք է համարվի Ռուսական կայսրության, ես կասեի նաև Ռուս ժողովրդի ձևավորման գործընթացի հիմնադիրը:Նրա ջանքերով նախ ասիական արմատներով, երկարամորուք բոյարները հեռացվեցին արքունիքից և արքունիքը սկսվեց համալրվել՝ ժամանակակից լեզվով ասած արևմտամետ գործիչներով, մայրաքաղաքը որոշվեց տեղափոխել Բալթիկ ծովի ափ Եվրոպային մոտ, կարգ սահմանվեց, որ այսուհետ կայսրուհիները պետք է ընտրվեն միայն արևմուտքից, որպեսզի ցարերը դաստիարակվեն եվրոպական արժեքներով և ամենակարևորը, որպեսզի տեղերում անջատողական հակումները զսպվեն , քրիստոնեական արմատներին վերադառնալու քողի տակ համախմբման և ուծացման հնարավորություններն ավելանան` Պետրոս առաջինի հրովարտակով որոշվեց պետության և ժողովրդի անուններն էլ փոխել՝ հպատակներին այսուհետ կոչել Ռուս, իսկ պետությունը Ռուսաստան:

Շուրջ երկու հարյուր տարի պատմական իր նախադեպը չունեցող այս ծրագիրը հետևողականորեն կենսագործվեց: Մոսկովյան պետությունը` Ռուսաստանը կարողացավ արևելքում հասնել մինչև Խաղաղ օվկիանոս, հարավում մինչև Աֆղանստան, Իրան, Թուրքիա, իսկ ձեռքի հետ էլ որոշ արևելաեվրոպական երկրներ նվաճել: Ասիական բազմաթիվ ժողովուրդներ այս ընթացքում ուծացվեցին, կորցրեցին իրենց լեզուն, մշակույթային առանձնահատկությունները և դեղին վտանգի դեմ արևմտյան քաղաքակրթության այս հաղթարշավը կարելի է ասել լուրջ հաջողություններ ունեցավ:

Արդյունքում` իբրև թե մարդասիրական, քրիստոնեական արժեքների քողի տակ եփվող մեծ կաթսայում` իրար հետ խառնված Մոսկովիտներից և նվաճվածներից աստիճանաբար ձևավորվեց այն ինչ այսօր կոչվում է ռուս ժողովուրդ:

Եվ հաշվի առնելով, որ իշխանությունների կողմից ուղղորդվող այս գործընթացում նրանց շատ անհրաժեշտ էր առաջին հերթին ունենալ գերհնազանդ, ընդամենը թնդանոթի միս ծառայող հպատակներ, հնարավորինս առանց ինքնուրույնության դրսևորումների: Մյուս կողմից էլ ընդհանուր կաթսայում ավելի հեշտ եփվելու համար`փոխըմբռնման, բարության, հանդուրժողականության սովորույթները ինքնաբերաբար լայն տարածում պետք է ստանային`արդյունքում միախառնված այս նոր ամբողջությունը ի տարբերություն իր` հաճախ այլ արյան տեր այլ արժեքային համակարգով ղեկավարվող իշխանավորների ավելի քիչ դաժան, ավելի մարդասիրական հակումներ պետք է ունենար:

Կարծում եմ, որ այս վերլուծությունից էլ է երևում, որ գոնե մինչև վերջերս ռուս ժողովրդի զանգվածային հակումների մեջ առանձնահատուկ վայրագության, դաժանության դրսևորումներ շատ քիչ պետք է լինեին:

Հաշվի առնելով նաև ,որ բարեբախտաբար` Խորհրդային միության անհաջող փորձերը ձևավորել նոր տիպի Սովետական ժողովուրդ այդպես էլ հաջողությամբ չպսակվեց,իմ անձնական և շատ ուրիշների դիտարկումներն էլ նկատի ունենալով կարծում եմ կարելի է պնդել` մեղքի բաժինը չի կարելի բարդել ռուս ժողովրդին բնորոշ առանձնահատկությունների վրա, հիմնական մեղքը միայն ու միայն այսօրվա Կրեմլինն է, կարծում եմ պղտոր ջրում ձուկ որսալու խնդիրները հնարովի են և հարցը ընդհակառակը պետք է քաղաքականացնել, համարձակորեն վերանայել, ցավոք սրտի, ռուս իշխանավորների հետ հաստատվող վասալական հարաբերությունները:

– Բայց պրն Սադոյան հաճախ ասվում է, որ Պերմյակովը հոգեկան հիվանդություն է ունեցել, նույնիսկ բուժվել է զորակոչից հետո` այդ դեպքում ո՞րն է Կրեմլի մեղքը:

– Առավել ևս մեղքը Կրեմլին է:

Փորձեք պատկերացնել մի իշխանական համակարգ որտեղ զորակոչից հետո ախտորոշված հոգեկան հիվանդին զենք են տալիս վերադարձնում ծառայության:

Փորձեք պատկերացնել մի բարեկամ պետություն, որը տեսնելով, որ այդ խանգարվածը հաճախ փախնում է զորամասից, վտանգ կարող է ներկայացնել որոշում է նրան ուղարկել Հայաստանի իր ռազմաբազան:

Փորձեք նաև պատկերացնել թե այդ ռազմաբազայում ինչ մթնոլորտ է տիրում, որ այդ խանգարվածը երկու պահունակով ավտոմատը ձեռքին կարող գիշերով դուրս գալ բազայից, ժամերով զբոսնել քաղաքում և իբրև թե ջուր չտալու պատճառով սպանել մի մեծ ընտանիք:

Բնական է,որ այստեղ մեղքը միայն Կրեմլինն է:

Բայց կա հարցի երկրորդ ամենակարևոր կողմը: Ցավոք շատերն են մտածում,որ հոգեկան հիվանդները ամեն ինչի են ընդունակ և կարող են լրիվ պատահականորեն, հենց այնպես մարդ սպանել: Իրականությունը այլ է: Համարյա միշտ կա պատճառահետևանքային որոշակի կապ` շատ բան կախված նրանից թե ինչ արժեհամակարգ է ժամանակի ընթացքում կաթեցվել այդ հիվանդի ուղեղում, ինչ շրջապատում է նա դաստիարակվել, ինչ է կարդացել, եթե կարդացել է, ինչ հեռուստաալիքներ է նայել: Եվ վերջապես ինչպիսին է ռազմաբազայում տիրող , բարոյա հոգեբանական մթնոլորտ,ինչ են քարոզում սպաները զինվորներին, ինչ հարաբերություններ են հաստատվել:

Եվ քանի որ խնդիրը ծագել է բանակում` բրգաձեվ մի համակարգում, որի գագաթը իշխանություններն են բնական է, որ պատասխանը պետք է պահանջել Կրեմլից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031