Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Տերյան 23, 25 և Լալայանց 37 շենքերի բնակիչները դժգոհություն էին հայտնել, թե Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոքալ դիվելոփերս» կազմակերպությունը
դիմել է դատարան և հարկադիր միջոցով ուզում է մարդկանց պարտադրաբար հանել դուրս իրենց բնակարաններից:
Նշենք, որ այդ շենքերը 2007-ից ճանաչվել են բացառիկ գերակա հանրային շահի ոլորտ: Այժմ բնակիչները պայքարում են, որպեսզի իրենց բնակարաններից դուրս չգան: Ավելին, նշում են, թե ոչ համարժեք փոխհատուցում է իրենց առաջարկվում: «Առավոտը» փորձեց պարզաբանում ստանալ Սամվել Մայրապետյանից, սակայն հորդորեցին դիմել «Լոքալ դիվելոփերս» կազմակերպությանը: «Լոքալ դիվելոփերս»-ի ներկայացուցիչ Կարեն Գանջալյանը մեզ հետ զրույցում փոխանցեց հետևյալը. «Հասցեների հետ կապված գործը գտնվում է դատական վարույթում, հետևաբար որևէ մամուլի ասուլիսում կամ հակառակ կողմից այլ տեսակետներ հնչեցնելու իմաստ չկա, քանի որ գործն արդեն հասել է դատարան և դատարանը պետք է որոշի` որն է ճիշտ, որը` ոչ և որն է եղելությունը: Երբ գործը դատական վարույթում է գտնվում, այլ մեկնաբանություններ իմաստ չունեն»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ