Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ-ն բանակցություններից դուրս է մղել Լ. Տեր-Պետրոսյանը. Քոչարյանի խոսնակը պատասխանել է Տեր-Պետրոսյանի ելույթին. www.2rd.am

Մարտ 04,2015 17:20

Անցած երկուշաբթի մենք հարցում էինք ուղարկել ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ, ակնկալելով մեկնաբանություն ստանալ մարտի 1-ին Ազատության հրապարակում Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած ելույթի այն հատվածի վերաբերյալ, ուր հիշատակվում էր Ռոբերտ Քոչարյանը և իր գործունեությունը, մասնավորապես՝ արտաքին քաղաքականության բնագավառում և ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Քիչ առաջ նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից ստացանք թեմային նվիրված իր հեղինակած հոդվածը, որն էլ ամբողջությամբ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Մարտի 1-ի հանրահավաքին ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես եկավ իր համար սովորական երկարաշունչ ելույթով: Ես, բնականաբար, չեմ պատրաստվում վերլուծել նրա ամբողջ խոսքը, սակայն պետք է կանգ կառնեմ հետևյալ երկու հայտարարությունների վրա:

«Ինչպես հայտնի է, 1990-ական թվականներին Հայաստանի իշխանությունները, սահմանազատվելով երբեմնի պետականազուրկ ազգի ավանդական գաղափարախոսությունից, որդեգրեցին միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին ներդաշնակ եւ բացառապես պետության շահերից բխող իրատեսական քաղաքականություն։ Եւ պատահական չէ, որ նորանկախ Հայաստանի արտաքին քաղաքականության բոլոր նվաճումները համընկնում են հենց այդ ժամանակաշրջանին։ Ընդ որում, սա միայն իմ կարծիքը չէ։ Ժամանակին այս ակնհայտ իրողությունը արձանագրել ու գնահատել են ոչ այլ մարդիկ, քան Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը եւ այլք («Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. 19.09.1996)։

1998 թվականից հետո Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում դրվեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը, որի դիմաց մեր երկիրն ստացավ հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղծելու պարտադրանքը։ Միաժամանակ Քոչարյանական վարչախումբը արտաքին քաղաքականության մեջ թույլ տվեց մի ավելի կոպիտ ձախողում. մինչ այդ հակամարտության լիիրավ կողմ հանդիսացող Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դուրս մղվեց կարգավորման գործընթացից, եւ արցախահայության ինքնորոշման իրավունքի խնդիրը վերածվեց հայ-ադրբեջանական տարածքային վեճի առարկայի»։

Տեր-Պետրոսյանի այս երկու հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան ցածրորակ քարոզչական հնարք, որի հաշվարկն այն է, թե մեր հասարակության հիշողությունը կարճ է, ճշմարտությունն էլ ոչ ոքի չի հետաքրքրում:
Նախ, Հայաստանի արտաքին քաղաքականության հաջողությունների մասին: 1996 թվականին, Անկախության հնգամյակի նախօրեին (այն հոդվածը, որի վրա հղում է կատարում Տեր-Պետրոսյանը թվագրված է 1996թ. սեպտեմբերի 19-ով), ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Վազգեն Սարգսյանը, ոչ Արթուր Թովմասյանը մեր դիվանագիտության որակը և հաջողությունները գնահատելու համար չունեին որևէ համեմատության եզր, եթե այդպիսին չհամարենք ՀԽՍՀ-ի վարած արտաքին քաղաքականությունը: Այլ հարց է հիմա՝ նշված ժամանակահատվածից երկու տասնամյակ անց, երբ կարելի է արձանագրել առնվազն այն փաստը, որ տեր-պետրոսյանական արտաքին քաղաքականության ամենամեծ «ձեռքբերումը» լիսաբոնյան գագաթաժողովն էր, և Ադրբեջանի կազմում ԼՂՀ-ին լայն ինքնավարություն՝ որպես չարյաց փոքրագույն, տրամադրելու վերաբերյալ բանակցությունները: Համեմատենք նախագահ Քոչարյանի կառավարման ժամանակաշրջանի հետ, երբ սկիզբ առավ այսպես անվանվող «պրահայան գործընթացը», ուր ամրագրվեցին.

ա) ժողովուրդների ինքնորոշման իրավունքը՝ որպես հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներից մեկը,
բ)  ԼՂՀ ապագայի հարցով հանրաքվեի անցկաման վերաբերյալ դրույթը:

Հիմա երկրորդ հայտարարության մասին, ուր Տեր-Պետրոսյանը պնդում է, թե 1. Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման ներառումը արտաքին քաղաքականության օրակարգում Քոչարյանի վարչակազմի սխալն էր, որի դիմաց մեր երկիրն ստացավ հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղծելու իբր պարտադրանք, 2. Քոչարյանական արտաքին քաղաքականության կոպիտ ձախողում հանդիսացավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դուրս մղումը կարգավորման գործընթացից: Այստեղ Տեր-Պետրոսյանը կարծես իմիջիայլոց նշում է, թե մինչ այդ ԼՂՀ-ն հակամարտության կարգավորման բանակցությունների լիիրավ կողմ էր հանդիսանում:

1. Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը արտաքին քաղաքականության օրակարգում ներառելու հիմնավորումների մասին իր գրքերից մեկում պատմել է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, և ինձ մնում է միայն վերաշարադրել նրա խոսքը:
«Առաջին. Հայաստանը պարտավորություն ունի հայ ժողովրդի առաջ Ցեղասպանության հարցը բարձրացնել և արժանացնել ճանաչման՝ որպես նվազագույն փոխհատուցում հայության նկատմամբ իրագործված աննախադեպ ոճիրի: Երկրորդ. որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհ դարձած ժողովրդի ներկայացուցիչ՝ Հայաստանի կառավարությունը մարդկության առջև պարտավորություն ունի հետամուտ լինելու Ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը՝ նպաստելով այլ ցեղասպանությունների կանխարգելմանը: Երրորդ. արդեն անկախությունից ի վեր Հայաստանի կողմից այս հարցի համեստ արծարծումը չէր նպաստել Թուրքիայի կողմից կառուցողական քայլերին և դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը: Վերջապես՝ Ցեղասպանության ճանաչման հարցը արտաքին քաղաքականության օրակարգ ներառելով հանդերձ՝ մենք այն չենք դարձրել նախապայման՝ Թուրքիայի հետ նորմալ, բարիդրացիական հարաբերություններ հաստատելու համար»:
ՀՀ արտաքին քաղաքականության այս ուղղության արդյունքները հանրահայտ են և դրանց մասին, կարծում եմ, ոչ ոք չի մոռացել. 1998-2008թթ. մեկ տասնյակից ավելի երկրներ պետական մակարդակով ճանաչեցին Ցեղասպանության փաստը, սկսվեց հայության համախմբման աննախադեպ գործընթացը, զգալիորեն բարձրացավ Հայաստանի դերը տարածաշրջանում, Թուրքիայի վարչապետը նամակ հղեց Քոչարյանին, փորձելով գոնե ինչ-որ ընդհանուր եզրեր գտնել, ու դա, ինչպես ասում են, լավ օրից չէր, քանի որ ակներև էր, որ Թուրքիան հետզհետե անելանելի վիճակում է հայտնվում: Վստահ եմ, շատերն են հիշում, թե ինչ էր կատարվում Թուրքիայի շուրջ այդ ժամանակաշրջա¬նում:
Մի խոսքով, այստեղ ամեն ինչ պարզ է ու հասկանալի, նույնիսկ չարժե կրկնել հանրահայտ փաստերն ու իրողությունները: Ըստ ամենայնի, հենց քիչ թե շատ հիմնավորված փաստարկների բացակայությունն է պատճառը, որ Տեր-Պետրոսյանը փորձում է առաջ քաշել պատմաբանների հանձնաժողովի՝ իբր պարտադրված լինելու հանգամանքը՝ որպես նշված քաղաքականության բացասական արդյունք: Ամփոփելով, այստեղ տեղին է մեջբերել մի հատված Էրդողանի հայտնի նամակին (2005թ.)` նախագահ Քոչարյանի պատասխանից: «Երկկողմ հարաբերությունների զարգացման համար պատասխանատու են կառավարությունները, և մենք իրավունք չունենք պատվիրակել այդ պատասխանատվությունը պատմաբաններին: Հենց դա է պատճառը, որ մենք առաջարկում էինք և առաջարկում ենք առանց նախապայմանների նորմալ հարաբերություններ հաստատել մեր երկրների միջև: Այս համատեքստում միջպետական հանձնաժողովը կարող է հանդիպում ունենալ, որպեսզի քննարկի մեր երկու երկրների միջև առկա չլուծված խնդիրները և հասնել փոխըմբռնման»:  Միամտություն կլինի կարծելը, թե Տեր-Պետրոսյանը ծանոթ չէ այս նամակի բովանդակությանը կամ չի հասկանում «պարտադրանք» բառի իմաստը:

2. Մի քանի տարի առաջ Տեր-Պետրոսյանի և իր քարոզիչների (որոնք այսօր, ի դեպ, իրենց նախկին կուռքի դեմ անողոք պատերազմ են մղում) «թեթև» ձեռքով մեր լրատվական դաշտում մի կեղծիք հայտնվեց այն մասին, թե տարիներ առաջ Ռոբերտ Քոչարյանը, օգտվելով ԼՂՀ առաջին նախագահի իր կարգավիճակից, ինչպես նաև պարզապես ղարաբաղցի լինելու հանգամանքից, իբր համաձայնել է ԼՂՀ-ի դուրս բերմանը բանակցային սեղանից և այդպիսով այնպիսի աններելի սխալ է գործել, որ բոլորիս դատապարտել է դիմակայել մեծ դժվարությունների: 2010 թվականի մարտին ես մանրամասնորեն պատասխանել եմ այդ կեղծիքին (https://news.am/arm/news/17772.html): Պատմական փաստերն աներկբա ապացուցում են. ԼՂՀ ներկայացուցիչները դադարել են մասնակցել բանակցային գործընթացին Ռոբերտ Քոչարյանի՝ ՀՀ նախագահ ընտրվելուց առնվազն մեկ տարի առաջ: Իսկ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումներն ու բանակցությունները պարբերաբար կազմակերպվում էին՝ սկսած 1990 թվականից` Մինսկի գործընթացին զուգահեռ: Լևոն Տեր-Պետրոսյանը բանակցել է և Այազ Մութալիբովի, և Աբուլֆազ Էլչիբեյի, և Հեյդար Ալիևի հետ: Ավելին. միևնույն ժամանակ հաճախակի հանդիպումներ էին կազմակերպվում երկու նախագահների ներկայացուցիչների` Ժ. Լիպարիտյանի և Վ. Գուլուզադեի միջև (1995-96թթ. տեղի է ունեցել 11 այդպիսի հանդիպում): Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև բանակցությունները շարունակվել են նաև Ռոբերտ Քոչարյանի ընտրվելուց հետո, խնդրո առարկա հարցի համատեքստում այն կարևոր տարբերությամբ, որ ՀՀ նոր նախագահի պահանջով՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պարտադիր կերպով (չհաշված եզակի բացառությունները) այցելում էին ԼՂՀ և բանակցում պաշտոնական Ստեփանակերտի ներկայացուցիչների հետ:

Այստեղ տրամաբանական հարց է ծագում. այդ դեպքում ո՞վ է դուրս մղել ԼՂՀ-ն բանակցություններից: Ոչ այլ ոք, քան՝ Լևոն Տեր-Պետրոսյանը և իր գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը: Մեջբերեմ մի հաղորդագրություն, որ տպագրվել է «Հայք» թերթի 1997 թվականի հունվարի 25-ի համարում:

«Հայաստանն այլևս չի բանակցի Ադրբեջանի հետ Ղարաբաղի հարցի շուրջ՝ առանց Ղարաբաղի մասնակցության: Այս մասին հայտարարեց ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը, ելույթ ունենալով Լոնդոնում անցկացվող «Անդրկովկասի հեռանկարները» խորհրդաժողովում: Պրն. Լիպարիտյանը հայտնեց, որ այդ որոշումը Հայաստանը կայացրել է այն պատճառով, որ, ինչպես ցույց տվեց Լիսաբոնի ԵԱՀԿ գագաթաժողովը, Ադրբեջանը ձգտում է օգտագործել երկկողմանի հանդիպումները ղարաբաղյան կողմին բանակցություններից աստիճանաբար դուրս մղելու նպատակով: Նրա խոսքերով,ժամանակին Հայաստանը ընդառաջեց և ընդունեց Ադրբեջանի առաջարկությունը՝ անցկացնել երկկողմ բանակցություններ, որպեսզի փորձի դյուրացնել բանակցությունների ընթացքը» (տես՝ հոդվածին կից լուսապատճենները):

Համաձայնեք, որ Տեր-Պետրոսյանի ցինիզմը, ինչպես և արդեն շարքից դուրս եկած իր քարոզչամեքենայի ստախոսության աստիճանը ապշեցնում են: Նրանք այսքան տարի մեղադրում են երկրորդ նախագահին մի բանի համար, որ իրենք են կատարել:

Կրկնեմ. Տեր-Պետրոսյանի այս երկու հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան ցածրորակ քարոզչական հնարք, որի հաշվարկն այն է, թե մեր հասարակության հիշողությունը կարճ է, ճշմարտությունն էլ ոչ ոքի չի հետաքրքրում: Տեր-Պետրոսյանը մեկ անգամ չէ ապացուցել, որ չունի որևէ բարոյական կաշկանդում, որ անպատկերացնելի հիշաչար է ու ոչ մի կերպ չի կարողանում մոռանալ, թե ինչի և ում պատճառով հեռացավ իշխանությունից: Այնպես որ, անկասկած, Ռոբերտ Քոչարյանին առնչվող թեմաները դեռ երկար ժամանակ կլինեն նրա ելույթների առանցքում:

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի
գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյան

www.2rd.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031