«Ես շատ հարգում եմ իմ գործընկեր Միքայել Մելքումյանին, բայց ես կարծում եմ, որ Գագիկ Ծառուկյանն ինքը պիտի որոշի իր քայլերը: Ասել, թե ինչ է տեղի ունենալու վաղվա համագումարում, ես ինձ իրավունք չեմ վերապահում: Համագումարները հենց նրա համար են հրավիրվում, որպեսզի կայացվեն որոշումներ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն` անդրադառնալով կուսակից գործընկերոջ հայտարարություններին:
ԲՀԿ-ի վաղվա արտահերթ համագումարում Գագիկ Ծառուկյանը կհրաժարվի կուսակցության ղեկավարի պաշտոնից: Այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը` հավելելով, որ որոշում կա եւ ԲՀԿ-ն ղեկավարելու է Նաիրա Զոհրաբյանը: «Վաղը սպասվում է կուսակցության ղեկավարի փոփոխություն, ես չեմ էլ թաքցնում, որ նոր ղեկավարը կլինի Նաիրա Զոհրաբյանը: Դա քննարկել ենք մենք, ես պաշտպանում եմ Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը: Նա կոնսենսուսային ֆիգուրան է, քաղաքական վաստակ ունեցող»,-ասաց Մելքումյանը:
ԲՀԿ-ական պատգամավորը շեշտեց, որ Ծառուկյանն ինքն է կարծում` այս փուլում պետք է մի կողմ կանգնի, որպեսզի ցնցումային իրավիճակներ չառաջանան: Հարցին, թե ի՞նչ կարգավիճակ է ունենալու ԲՀԿ-ում Ծառուկյանը, նա պատասխանեց, որ կմնա կուսակցության անդամ: «Ես ինչքան գիտեմ, եթե չեմ սխալվում, այդ պատվավոր նախագահ բաներն էլ չեն լինելու: Ի՞նչ է եղել է, թող որոշ ժամանակ պաուզա վերցնի»:
Իր կուսակցությունը ղեկավարելու մասով էլ Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Մեր կուսակցությունում շատ արժանավոր մարդիկ կան, ովքեր կարող են գլխավորել կուսակցությունը, բայց այս պահին կուսակցության նախագահը Գագիկ Ծառուկյանն է: Ես բացարձակապես պարկեշտ չեմ համարում` կուսակցության նախագահի առկայության պայմաններում, այլ հարցեր քննարկելը»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով տեղեկություններին, որ Վարդան Օսկանյանը պատրաստվում է լքել ԲՀԿ-ն՝ Միքայել Մելքումյանն ասաց, որ Օսկանյանն այն գործիչը չէ, որը պահի տակ որոշումներ կարող է ընդունել. «Վարդան Օսկանյանը երևի հասկացավ կամ հասկանում է, որ այն նպատակները, այն մեխանիզմները, որոնք ինքը ենթադրում էր, որ քաղաքականության մեջ կարող է լինել, այս փուլում ինչ-որ ճանապարհ պետք է անցնի, իր պատկերացրած միջավայրը չկա: Վարդան Օսկանյանը չի հայտարարել, որ կուսակցությունից դուրս է գալիս: Ինքը մանդատը վայր դնելու մասին է ասել, կուսակցությունից դուրս գալու մասին չի ասել»: Միքայել Մելքումյանի տպավորությամբ` Վարդան Օսկանյանը մինչև 2017 թվականն է դադար վերցնելու:
Նաիրա Զոհրաբյանը համաձայն չէ կուսակցի նաեւ այս հայտարարության հետ. «Յուրաքանչյուր ոք պատասխանատու է իր համար: Ես նման տեղեկատվություն չունեմ: Կարծում եմ, որ այս հարցին կարող է եւ իրավունք ունի պատասխանել միայն Վարդան Օսկանյանը»:
Այն, որ այսօր ԲՀԿ-ականները հրաժարվում էին լրագրողների հարցերին պատասխանել, Միքայել Մելքումյանն այսպես բնութագրեց. «Երևի այդքան դուխ չունեն»: Մելքումյանն ասաց նաեւ, որ կուսակցությունում կձևավորվեն կոլեկտիվ որոշումներ ընդունելու մեխանիզմներ եւ հաշվի կառնվեն բոլոր իրողությունները. «Այսինքն, եղել է փոփոխություն, պետք է փորձենք մնալ քաղաքական մրցապայքարի դաշտում և արժանապատիվ կերպով շարժվել առաջ»:
Միքայել Մելքումյանը նաեւ այն կարծիքին է, որ մեկ համագումարով հարցերը չեն լուծվում: Կուսակցության քաղաքական գծի ու ապագայի հետ կապված հարցերը ճշգրտելու համար ժամանակ է պետք, պետք է կյանքն ապացուցի, թե ԲՀԿ-ի նոր թիմն ինչի՞ է ունակ և ի՞ նչ է անելու:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ