«Տերյան 23, 25 և Լալայանց 37 շենքերը ՀՀ կառավարության որոշմամբ բացառիկ գերակա հանրային շահի ոլորտ է համարվել, բայց «Լոքալ դիվելոփերս» կազմակերպությունը արդեն տեսնելով, որ բնակիչները չեն համաձայնում և չեն ուզում լքել իրենց պատմական բնակարանները, դիմել է դատարան և հարկադիր միջոցով ուզում է մարդկանց պարտադրաբար հանել դուրս»,-այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը հայտարարեց «Մեր քաղաքը» նախաձեռնության անդամ, բնակիչ Վարդան Գերավետյանը: Նա նաև վրդովվեց, թե այն դեպքում, երբ տվյալ շենքերի բնակիչները պայքարում են իրենց իրավունքների համար, «Լոքալ դիվելոփերս» -ի սեփականատեր Սամվել Մայրապետյանը հայտարարություն է անում, թե ինքը Պուշկին 38 հասցեում նորակառույց շենք է կառուցել բնակիչների խնդրանքով:
Պարոն Գերավետյանը մանրամասնեց. «Սամվել Մայրապետյանը փորձեց արդարացնել այդ շինարարությունը կեղծարարությամբ. քաղաքապետը որպես տեղեկանք-հիմնավորում նշել է, որ բնակիչների խնդրանքով է դա կատարվել: Երկու ամիս առաջ դիմել ենք քաղաքապետարան այն հարցով, թե ունե՞ք արդյոք հաստատված նախագիծ, թե ի՞նչ է լինելու այդ շենքերի փոխարեն: Պատասխանն այն է, որ նման նախագիծ առկա չէ: 2007-ի մարտի 1-ից կա բացառիկ գերակա շահի հասկացություն, ու ստացվում է, որ ութ տարի անց չկա այն նպատակը, ինչի համար ուզում են օտարել մարդկանց սեփականությունը: Սա աբսուրդ ու խուլիգանություն է»:
Պարոն Գերավետյանը նշեց, թե Սամվել Մայրապետյանը ոչ համաչափ փոխհատուցում է առաջարկում բնակիչներին. «Ցածր գին է սահմանում, մտածում է, թե այդ գնով կենտրոնում բնակիչները բնակարան գնել չեն կարող ու կհամաձայնվեն»: Պարոն Գերավետյանը պատմեց, թե բնակիչներից 80-նն անց մի կնոջ՝ վաստակավոր ուսուցչի, որին նախագահը պարգևատրել է, մի նամակ է եկել, որտեղ գրված է, որ ձեր սեփականությունն այլևս ձեզ չի պատկանում և երկու ամսվա ընթացքում ազատեք ի օգուտ «Լոքալ դիվելոփերսի»: Գնահատական տալով՝ պարոն Մայրապետյանը նշեց. «Սա Մայրապետյանի կողմից ռեկետի փորձ է, որը հովանավորվում է մեր բարձրաստիճան չինովնիկների կողմից: Հնարավոր չէ, որ Սամվել Մայրապետյանն այդքան համարձակություն ունենար և ինքնուրույն գնար նման կտրուկ գործողությունների: Բոլորս հիշում ենք, որ Սամվել Մայրապետյանի ֆինանսական վերելքը եղավ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ»:
Բնակիչ, մանկավարժ Ֆլորա Ուդումյանը նշեց, որ իրենք էլ են ստացել հարկադիրից նամակ ու մանրամասնեց. «Զավեշտից ավելի ահավոր է, թե հոգեբանական, թե իրավունքի տեսակետից, որ մարդը դիմել է դատարան, որ մեր սեփականությունը օտարեն: Մարդը կարտոֆիլ առնելու համար անգամ գնում է շուկա և գին է պայմանավորվում: Ինչքան ինքնավստահ ու համոզված է իր արարքի մեջ, որ այսպես է վարվում: Դու իմ տղան ես, իմ ամուսինն ես, տո՞ւն ենք կիսում, դու ո՞վ ես: Մեզ կոմպենսացիա են առաջարկում ահավոր անհամաչափ»:
Տերյան 25 շենքի բնակիչ, գեղանկարիչ Վարդան Գաբրիելյանը նշեց, թե նամակ չեն ստացել, բայց գտնվում են պայքարի փուլում. «22 բնակարանատեր այսօր պայքարում են մի ուղղությամբ. ոչ ոք չի ուզում այդ շենքից դուրս գալ: Ցանկալի կլիներ, որ ավելի քիչ նյարդային սթրեսների ենթարկվեր ժողովուրդը, քանի որ փաստաթղթով 2007-ից շենքերը գտնվում են գերակա շահի տակ: 2001-ից, երբ Ռոբերտ Քոչարյանը թուղթը ոլորեց ու մտցրեց բետոնի մեջ, որ այստեղ կառուցվելու է Հյուսիսային պողոտա, այդ օրվանից տառապում ենք: Մինչև Հյուսիսային պողոտան հանձնելը շնչել ենք այդ փոշին ու կեղտը ու մինչև հիմա չենք մարսել: Երևի Երևան քաղաքում չգտնվի այնպիսի մի շենք, որ այդ քանակի վաստակավոր մարդիկ ապրած լինեն»: Բնակիչը կոչ է անում համագործակցել և առանց իրենց շենքը քանդելու կառուցեն իրենց կցակառույցը:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»