Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հարցեր, որոնք պատասխան են պահանջում

Մարտ 04,2015 15:26

«Ես գրող չեմ: Չեմ էլ ուզում լինել գրող, քանի որ շատ գրողների խոսքերի, գործերի տարբերությունները զգացել եմ շատ խիստ: Կարդացել եմ ահագին գրականություն՝ քննադատության համար բավականին պաշար հավաքելով: Մտքերս արտահայտում եմ հարցերի ձևով…». այսպես է սկսվում Պետրոս Ալբերտյանի «200 հարց հայ ժողովրդին» դեռևս չտպագրված գրքի նախաբանը: Այս անձնավորության անուն ազգանունը հավանաբար ընթերցողին  ոչ մի բան չի հուշում, սակայն նա չի սխալվի, եթե կարդա մի անհատի մասին, ով իր կյանքից երկար տարիներ նվիրել է հայ ժողովրդի պատմության ուսումնասիրությանը:

Պետրոս Ալբերտյանը, ում ծանոթները և համագյուղացիները ճանաչում են Քոթո անունով, ապրում է Ջավախքի Տուրցխ գյուղում: 74-ամյա Պետրոս պապին ավելի շատ հետաքրքրում է ոչ թե հասակակից մարդկանց հետ թղթախաղը և այլ ժամանցային զբաղմունքներ, այլ Լեոյի հատորների ուշադիր զննումը: Նրա մտահոգությունները կապված են ոչ թե ծերության ու հիվանդությունների, այլ սեփական ազգի ապահովության ու բարօրության պահպանման հետ:

Հետազոտելով նախնիների պատմությունը տարբեր հեղինակների դիտանկյուններից՝ նա հանգել է անհատական եզրակացության, կազմել ինքնուրույն կարծիք հայ ժողովրդի անցած ուղու և թշնամիների նկատմամբ վարած քաղաքականության հանդեպ: Նա ոչ միայն ուսումնասիրել այլև առանձնացրել, ընդհանուր աշխատության ( «200 հարց հայ ժողովրդին») մեջ է ամփոփել այն հատվածները, որոնք վիճահարույց են և կասկածի տեղիք են տալիս: Յուրաքանչյուր հեղինակից մեջբերում անելով՝ Պետրոս Ալբերտյանը անպայման հղում է տալիս աղբյուրին և հարցադրումների միջոցով իր դիտարկումներն է անում: Հարցերն առաջադրելիս օգտվել է տարբեր պատմիչների, գրաքննադատների, գրողների գրավոր աշխատանքներից, ֆիդայիների արտահայտած մտքերից: Այսպիսով, նա պատրաստել է 200 հարց և ակնկալում է անկողմնակալ պատասխաններ:

Գրողը խորհուրդ է տալիս, որ իր բարձրաձայնած հարցերի վերաբերյալ խորհեն մեծահասակները, ովքեր կյանքի մեծ փորձ ունեն, ոչ թե երիտասարդները, ովքեր բռնկուն են և չեն կարողանում սառը գլխով դատել:

-Իմ գրքով ես կասկածի տակ եմ դնում հայ իրականության մեջ պատմական շատ «ճշմարտություններ», որոնք այնքան էլ համոզիչ չեն և ունեն հակափաստարկներ: Հարցերին մոտեցել եմ օբյեկտիվ ձևով՝ հաշվի չառնելով ազգային պատկանելությունս և արմատացած կարծրատիպերը,- ասում է պարոն Պետրոսը:

Նա առանձնահատուկ վերաբերմունք ունի հայ ժողովրդի, նրա թշնամիների, հերոսների ու դավաճանների վարքագծի վերաբերյալ: Մասնավորապես՝ Վասակ Սյունեցու ճակատին նա դավաճանի պիտակ չի խփում, ինչպես սովորեցնում են աշակերտներին, այլ արդարացնում է նրա արարքները՝ ելնելով տվյալ ժամանակաշրջանում Հայաստանում տիրող իրավիճակից:

ԽՍՀՄ տարիներին, հավանաբար, Ալբերտյանին այլախոհ կհամարեին, և նա «համապատասխան պատիժ» կստանար: Այլախոհության մեկ այլ ապացույց : Պարոն Պետրոսի կարծիքով՝ հավերժական թշնամիներ կամ բարեկամներ գոյություն չունեն՝ կա շահ: Յուրաքանչյուր ազգի մեջ կան «և՛ գայլեր, և՛ գառներ»՝ կապ չունի ռուս, վրացի, թե թուրք:

-Թուրք ասելով, չգիտես ինչու, բոլորը պատկերացնում են արյունարբու մարդասպանի: Սակայն դա մասամբ է ճիշտ: Նրանց մեջ էլ են եղել բարի մարդիկ, ովքեր մեզ օգնության ձեռք են մեկնել: Ինչո՞ւ միայն սև էջերն ենք տեսնում ու ընդունում, իսկ մեր մեղքերը միշտ անտեսում,- ասում է պարոն Պետրոսը՝ վկայակոչելով իր «Կիրակոսի ոդիսականը» փոքրածավալ գիրքը: Այն հրատարակել է Անկարայի Հայկական հետազոտությունների ինստիտուտը (Institute For Armenian Research)՝ 2003 թվականին: Թուրքերեն և անգլերեն թարգմանությամբ այս գիրքը ջավախահայության Ծալկա և Բակուրիանիի անտառներ ողբերգական գաղթի մասին է (1918 թվական): Այս պատմությունը նա ներկայացրել է, ինչպես ինքն է ասում՝ առանց մի բառ ավելացնելու կամ պակասեցնելու: Գրի է առել այն, ինչ լսել է հորից և տատից:

Գաղթի տարիներին նրա ընտանիքը տեսել է անասելի դժվարություններ, դիմել է մուրացկանության և տաժանակիր աշխատանքի: Շատ բարի մարդկանց՝ այդ թվում նաև թուրքերի և վրացիների օգնության շնորհիվ, Ալբերտյանների ընտանիքին հաջողվում է գոյությունը պահպանել և տոհմը շարունակել մինչև մեր օրերը:

-Ես չեմ արդարացնում թուրքերի բարբարոսությունները, ոչ էլ փնովում ընդհանուր ազգին: Ես անիծում եմ չար մարդու արարքը և օրհնում բարի հոգիներին,- ասում է Պետրոս Ալբերտյանը: Նա վստահ է, որ իր «200 հարց հայ ժողովրդին» գիրքը չեն տպագրի հայկական հրատարակչություններում: Նրա խոսքերով՝ ինքը ոչ մի հակահայկական կամ թուրքամետ քարոզչություն չի անում, ուղղակի ցանկանում է, որ սխալ դիվանագիտության հետևանքով երկրորդ եղեռն չկրկնվի: Նա չի հավատում «հողերի վերադարձ» ուտոպիական նպատակի իրագործմանը (թեև շատ ուրախ կլիներ): Նրա մտավախությունը մեկն է՝ կորցրածը հետ վերադարձնելու փոխարեն՝ ունեցածից էլ զրկվենք:

Մեր հերոսը վստահեցնում է, որ այն հայերը, ովքեր ամպագոռգոռ ճառեր են արտասանում Արարատը, Արցախը վերադարձնելու մասին, իրենից ավելի հայրենասեր չեն: Ինքն էլ պայքարելու իր եղանակն ունի: Գտնում է, որ պատմությունից պետք է դասեր քաղել, անհրաժեշտ է մշակել առաջընթացի նոր մեխանիզմներ՝ չմոռանալով, որ պատերազմը խնդիր չի լուծում փոքր երկրների պարագայում:

Արմինե ԲԵՐԱԿՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031