Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հյուրանոցների կառուցումը չի կարող ծառայել հանրային գերակա շահին». Բողոքում են Թումանյան 25-ի բնակիչները (Տեսանյութ)

Մարտ 04,2015 14:56

Կառավարությունը Երևանի քաղաքապետարանին լիազորել է «Ռենշին» uահմանափակ պատաuխանատվությամբ ընկերության հետ Թումանյան 25 հասցեում և դրան հարակից տարածքում սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագիր կնքել: Քաղաքապետը նշել է, որ պայմանագիրը ուժի մեջ կմտնի տարածքի նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մաuին Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից:

Եթե տարածքը ճանաչվի հանրային գերակա շահ, ապա Թումանյան և Կողբացի փողոցների հատման մասում «Ռենշին» ընկերությունը նախատեսում է կառուցել հյուրանոցային համալիր:

Այսօր այս խնդրի շուրջ «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ասուլիսին «Պետական կարիքների զոհեր» հ/կ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը այսպես ներկայացրեց որոշումը. «Ռենշին» կազմակերպությունը ցանկանում է օրենքի միջոցով քաղաքացիների ձեռքից խլել իրենց սեփականությունը»:

Պրն Բաղդասարյանը նշում է, որ այդ որոշմամբ բացառիկ գերակա հանրային շահի օրենքի խախտում է տեղի ունեցել. «Բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված տարածքները պետք է իրոք ծառայեն հանրությանը եւ չպետք է շահույթ հետապնդեն: Իսկ այս կազմակերպությունը շահույթ է հետապնդում»: Հանրային գերակա շահ հետապնդող կառույցներում ստեղծվում են բնակարաններ, օրինակ` ազատամարտիկների, հաշմանդամների համար, բազմազավակ ընտանիքների, ծնողազուրկ երեխաների համար, նշում է բանախոսը:

Սեդրակ Բաղդասարյանը նկատեց, որ 2000 թվականից ոչ մի կառույց, որը համարվել է հանրային գերակա շահ, չի ծառայել իր նպատակին. «Կենտրոնում շատ քիչ են մնացել գեղեցիկ շենքերը»:

Մանրամասն ՝տեսանյութում


Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը անդրադառնալով թեմային նշեց, որ բոլորն էլ հասկանում են, որ շինարարության համար պետք է ներդրումներ կատարել, սակայն ոչ այդ կերպ. «Շինարարությունը պետք է զարգանա եւ խթանի տնտեսության մյուս ոլորտները, բայց ոչ այդ կարգով: Ամուր եւ պահպանված շենքը, նշանակություն ունեցող շենքը նման ձեւով չի կարելի քանդել: Ես հավատացած եմ, որ այս քննարկումները կարող են իրենց արդյունքը տալ»:

Պրն Մինասյանի խոսքով՝ գոյություն ունեն բնակիչների շահեր եւ Սահմանադրությունն էլ առաջին հերթին սահմանում է քաղաքացու իրավունքները եւ ոչ մի այլ քաղաքացի չի կարող ուրիշի իրավունքները ոտնահարել. «Մենք գիտենք, թե ինչքան մարդիկ գերակա շահ անվան տակ զրկվեցին իրենց սեփականությունից: Ներդրողներին չի հետաքրքրում այդ մարդկանց ճակատագիրը, որ այդտեղ ապրել են, նրանց միայն տեղն է հետաքրքրում: Աղճատել քաղաքի կենտրոնը հապճեպ կառուցվող հյուրանոցներով՝ նպատակահարմար չէ»:

Իրավապաշտպան Աշոտ Համբարձումյանը վստահեցնում է, որ Թումանյան 25-ի շենքը բազմաբնակարան շենք է, եւ «Ռենշին» ընկերությունը, մինչեւ իր որոշումը կայացնելը, պետք է այդ շենքի բնակիչների հետ համաձայնության գար:

Մանրամասն՝ տեսանյութում



Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031