Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանը հույս ուներ, որ ՀԱԿ-ը կհրաժարվի Լեւոն Տեր-Պետրոսյանի արտոնություններից. (Տեսանյութ)

Մարտ 04,2015 14:50

ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին կառավարության ներկայացրած օրինագիծը:

Զարուհի Փոստանջյանն ասաց, որ հանրությունը ասում է, որ անհրաժեշտ չէ այդ պաշտոնաթող նախագահներին հատուկ կենսաթոշակ տրամադրել: Նա հիշեցրեց, թե ինչ է ասել Լեւոն Տեր-Պետրոսյանը. «Նա ասաց, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի վերջին քայլերը տեսնելով՝ քանի գնում, ես ավելի եմ համոզվում, որ ապաշխարության եւ մեղքերի թողության խնդիր ունեմ: Ուստի թեեւ ուշացած, բայց ձեզանից ներողություն եմ խնդրում Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին բերելու եւ ձեր վզին փաթաթելու համար»:

Նա ՀԱԿ-ի գործընկերներին հորդորեց, որ նրանք այսպիսի ելույթով հանդես գային եւ ասեին, որ առաջին նախագահին պետք չեն այդ արտոնությունները, կենսաթոշակը: Նա հիշեցրեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման ժամանակ խոսքի ազատությունը սահմանափակվել է, դադարեցվել է «Ազատություն» ռադիոկայանի վերահեռարձակումը. «Մենք ականատես եղանք, թե ինչպես մեր գործընկեր կուսակցությունը փակվեց՝ ՀՅԴ-ի մասին է խոսքը: Հարյուրավոր մարդիկ հանիրավի փակվեցին բանտախցում: Եկավ երկրորդ պաշտոնաթող նախագահը: Նրա պաշտոնավարման ժամանակ նորից եղան հարձակումներ՝ քաղաքական գործիչների նկատմամբ, նրա հրամանի ներքո 4-րդ գումարման ԱԺ-ի մեր գործընկերներին հրաման տրվեց կալանքի տակ վերցնել: Երկրորդ նախագահի պաշտոնավարման ընթացքում նորից սահմանափակվեց խոսքի ազատությունը, փակվեց Ա1 պլյուսը: Հիմա ի՞նչ կարիք կա այս մարդկանց նորից խրախուսելու, հատուցելու: Ընդհակառակը, ամեն ինչ պետք է զրկել: Երրորդ նախագահն էլ ուզում է իր վերմակին համապատասխան իր ապագա պաշտոնավարման համար փոփոխել Սահմանադրությունը»:

Զարուհի Փոստանջյանը հիշեցրեց, թե ինչպես վարվեց առաջին նախագահը Մարտի 1-ին. «Նա հայտարարում էր, որ թող լինեմ ես միակ զոհը: Բայց Մարտի 1-ին այդ մարդը իր տանից դուրս չեկավ եւ հայտարարեց՝ դա իմ ժողովուրդը չէ, դա ինքնաբուխ հավաք է, իմ շտաբը այս պահին չի գործում: Ես ինքս կողմ եմ քվեարկել մեր կուսակցությունում, որ մենք պաշտպանեինք Լեւոն Տեր-Պետրոսյանին: Ինձ շատերն էին ասում՝ դուք այդ ո՞ւմ եք պաշտպանում: Դուք գիտե՞ք դրա հետեւանքները: Այո, չգիտեի, ես էլ իմ մեղքի բաժինն ունեմ: Այդ գիշերը մենք 10 զոհ ունեցանք: Նա այդ կադրերին՝ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին շատ լավ էր ճանաչում, ինքը գիտեր, որ Ռոբերտ Քոչարյանը հրաման տալու է կրակելու մասին: Նա պետք է կանխեր՝ շատ լավ իմանալով: Իսկ Ռոբերտ Քոչարյանը հիմա փորձում է քննադատել, տնտեսական խորհուրդներով հանդես գալ: Հենց իր օրոք էր, որ մեր ամբողջ տնտեսությունը փոխանցվեց ՌԴ-ին: Մինչեւ հիմա չունենք ոչ Իրանով դեպի Սեւ ծով երկաթուղի, ոչ ունենք իրանական մատչելի գազ: Սրանք էլ Ռոբերտ Քոչարյանի պատասխանատվություններն են»:

Անդրադառնալով գործող նախագահին՝ նա ասաց. «Ինչ է, եթե նա էլ պաշտոնաթող լինի, էլի պատրաստվում ենք սոցիալական նպաստնե՞ր տալ: Այդ մարդը հայտարարեց, որ մենք դիտավորյալ չենք բնակեցնում ազատագրված տարածքները՝ հայ ժողովրդին պատկանող, որովհետեւ հանձնելու ենք: Տո դուք ո՞վ եք, որ ինչ-որ հող հանձնեք, դուք էլ ձեր հերթին ապազգային գործունեություն եք ծավալել: Դուք այսպիսի մարդկա՞նց եք ուզում պատիվ տրամադրել: Չի կարելի: Մենք չենք ունեցել նախագահ, նախագահի ինստիտուտ, ունեցել ենք մարդիկ, որոնք սպասարկել են կամ այս կամ այն խմբակի, կամ այլ պետության շահերը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031