Լրահոս
Օրվա լրահոսը

Արտագաղթը, արտագնա աշխատանքն ու Հայաստանի «սկվազնյակները»

Մարտ 04,2015 14:37

«Վերջին 5-6 տարիներին տարեկան Հայաստանից մեկնել ու չի վերադարձել 30-35 հազար մարդ»,-այսօր «ՆՅՈՒԹ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը:

Վերջին աշխարհաքաղաքական զարգացումները, ըստ պարոն Եգանյանի` ազդեցություն կունենան նաև միգրացիայի շարժի պատկերի վրա: Այս առիթով նա ասաց. «Հնարավոր է այդ թիվը նվազի Ռուսաստանում և Ուկրաինայում կատարվող իրադարձությունների ֆոնին: Ռուսաստանի տնտեսական հնարավորությունները սահմանափակվում են, իսկ արևմուտք գնալու համար վիզային արգելքը շարունակվում է մնալ Հայաստանի համար»:

ՌԴ-ի միգրացիոն քաղաքականության վերանայումները ևս ՀՀ-ի վրա ազդեցություն ունեն: Այս առիթով պարոն Եգանյանն այսպիսի համեմատություն արեց. «Դժբախտաբար մենք այնպիսի վիճակում ենք, որ որտեղ քամի է փչում մեզ մոտ սկվազնյակ է անում»:

Հիշեցնենք, որ ՌԴ միգրացիոն քաղաքականության փոփոխության հետևանքով միայն անցյալ տարի 200 հազար ՀՀ քաղաքացիների մուտքը 3-5 տարով ՌԴ արգելափակվեց: Ռուբեն Եգանյանը հայտնեց, թե ինչ քայլեր են կատարվում, որպեսզի այդ արգելքը հանվի ու մանրամասնեց. «Դիմումներ են գրվում, որպեսզի արգելքը հանվի, բայց հաջողությունը կարծես 30% է կազմում: Նաև Ուկրաինայի հետ կապված խնդիրներով պայմանավորված ՌԴ-ի տնտեսական վիճակը վատացել է և դեռ ավելի է վատանալու: Տնտեսական վիճակի վատանալը աշխուժության նվազում է առաջացնելու, իսկ դա իր հերթին կբերի այն ոլորտների աշխուժության նվազում, որտեղ հիմնականում աշխատում են ՌԴ-ում հայերը՝ շինարարություն, առևտուր, ծառայությունների մատուցում և այլն»:

Նշենք, որ ըստ ժողովրդագրի ունեցած տվյալների` սեզոնային միգրանտների թիվն աճել է: Պարոն Եգանյանն ասաց. «1960-ականներից Հայաստանից տարեկան 30-40 հազար մարդ է մեկնել արտագնա աշխատանքի, այսօր այդ թիվը հասել է տարեկան մոտ 100 հազարի»: Ռուբեն Եգանյանն ընդգծեց, որ ներկայումս Հայաստանի զբաղվածների 15%-ը աշխատում է արտերկրում:

Ազգագրագետ Աղասի Թադևոսյանը նշեց, որ եթե 1997-ին կատարված ուսումնասիրությունների համաձայն` արտագաղթի առաջին պատճառը աշխատատեղերի բացակայությունն էր, այնուհետև ցածր վարձատրությունը, ապա 2003թ-ի ուսումնասիրություններով` առաջին տեղում է եկել աշխատավարձի մակարդակի ոչ բարձր լինելը, և միայն 3-րդ կամ 4-րդ տեղերում է հայտնվել աշխատանքի բացակայության խնդիրը: Այս առումով նա մանրամասնեց. «1996-ից ի վեր նույն բանն ենք ասում. միգրացիայի գլխավոր պատճառները սոցիալ-տնտեսական բնույթի են»:

Ազգագրագետը խոսեց նաև կրթական միգրանտների մասին. «ՀՀ-ում տարբեր ոլորտի մասնագետներ պահանջված չեն, ուստի նրանք, ովքեր կրթություն են ստանում դրսում, հետո վերադառնում ու աշխատաշուկայում չեն գտնում աշխատանք, նրանք դիմում են կրկնակի միգրացիայի: Հիմնականում սրանք արևմտյան երկրներում կրթություն ստացող միգրանտներ են: Իսկ ռուսական կրթական միջավայրում սովորողները ճակատագրի բերումով կրթական միգրանտներ են` ծնողների հետ արտագաղթածներ»:

Պարոն Թադևոսյանը մտահոգություն հայտնեց այն առումով, որ արտագնա աշխատանքի մեկնող տղամարդիկ իրենց համայնքի հետ այլևս կապված չեն լինում. «Տնտեսական զբաղմունքների փոփոխություն է նկատվում. գյուղական համայնքներում կան հողակտորներ, որ պարզապես չեն մշակվում: Երբ մարդկանց տնտեսական շահը կապված է Ռուսաստանի հետ, ոչ թե իրենց համայնքի, ապա նրանք քաղաքացիական գործընթացների վրա ազդելու հարցում կորցնում են հետաքրքրությունը, փաստորեն, ինքը հյուր է դառնում իր համայնքում»:

 Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031