Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանի քաղաքացիները կարող են հենց Հայաստանից տոմսեր գնել ռուսական գնացքներով երթեւեկելու համար

Մարտ 04,2015 14:23

Երեւանում մարտի 4-ից 6-ը տեղի կունենա Համագործակից երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի ուղևորափոխադրումների հարցերով հանձնաժողովի 15-րդ նիստը: Այսօր նիստի մեկնարկից առաջ Հայաստանը Ռուսաստանի ուղեւորափոխադրողների դաշնային ընկերության հետ ստորագրեց փոխըմբռնման հուշագիր, որը հնարավորություն է տալիս Հայաստանի քաղաքացիներին հենց Հայաստանից տոմսեր գնել ռուսական գնացքներով երթեւեկելու համար:

«Մեր հիմնական նպատակը այնպիսի նորմատիվների մշակումն է, որպեսզի ուղեւորները չնկատեն, որ իրենք սահման են հատել եւ կատարեն իրենց ծրագրած ճանապարհորդությունը, դրա համար մենք նաեւ մշակում ենք փաստաթղթեր, որոնք վերաբերում են ուղեւորների համար տոմսերի վաճառքի նոր համակարգի ներդրմանը»,- նիստի մեկնարկից առաջ տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնեց նիստի համակարգող Գենադի Վերխովին:

Նիստի օրակարգում, ինչպես ներկայացրեց համակարգողը, հիմնականում լինելու է այն հարցը, թե ինչպես հետսովետական երկրներում տարածել էլեկտրոնային կերպով տոմսեր գնելու սովորությունը:

Ինչ վերաբերում է լրագրողների այն հարցին, թե արժույթի տատանումերը ի՞նչ կերպով են անդրադառնում տոմսերի վաճառքի վրա, բանախոսը պատասխանեց, որ հետսովետական երկրների տարածքում ուղեւորների հոսքի պակաս է նկատվում. «Այդ իսկ պատճառով ուղեւորափոխադրողների դաշնային ընկերությունն այն երկրների հետ, որոնց հետ համագործակցում է, բանակցություններ է տանում՝ ուղեւորատոմսի գների իջեցման նպատակով»: Նա տեղեկացրեց, որ նման բանակցություններ արդեն տարվել են Բելառուսի հետ, ինչպես նաեւ Մերձբալթյան երկրների հետ։

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրեն Վիկտոր Ռեբեցն էլ հարցին, թե որքանո՞վ է հնարավոր վերականգնել Երեւանի եւ Մոսկվայի միջեւ երկաթգիծը, նշեց, որ իշխանությունները բանականություններ են տանում եւ ասաց, որ հույս ունի, որ դրանք կստանան դրական արդյունք:

ՀՀ տրանսպորտի նախարարության երկաթուղային վարչության պետ Արսեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով երկաթուղային բեռնափոխադրումներին, նշեց, որ շատ բեռնատերեր նախապատվությունը տալիս են ավտոմոբիլային բեռնափոխադրումներին միայն նրա համար, որ բեռը հասցնում են առանց կանգառների՝ Ա կետից Բ կետը. «Երկաթուղին խիստ կարեւոր ոլորտ է մնում ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող ապրանքների փոխադրման համար»:

Ինչ վերաբերում է ԵՏՄ անդամակցության հետ կապված երկաթուղային ուղեւորափոխադրումներ կատարելու փոփոխություններին, նշեց, որ բիզնեսով զբաղվող քաղաքացիները նկատել են, որ ավելի մատչելի են համարում երկաթուղու միջոցով ապրանքի տեղափոխումը:

Նշենք, որ նիստի աշխատանքներին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Լիտվայի, Լատվիայի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի, Էստոնիայի երկաթուղային վարչությունների ներկայացուցիչները:

  Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031