Անցյալ տարվա մայիսի 17-ին Վերնիսաժի տոնավաճառում տեղի ունեցած կրակոցների ժամանակ մարմնական վնասվածքներ ստացան 3 անմեղ քաղաքացիներ, որոնք հերթական անգամ դատարան չէին ներկայացել (տուժողները) եւ ամբաստանյալներից Վալերի Հովհաննիսյանը: Այսօր դատարան ներկայացած վկա Վահան Հակոբյանը, որը շաբաթ եւ կիրակի օրերին աշխատում է Վերնիսաժում, նկարագրեց, թե ինչ է տեսել:
Մինչ այդ նա հայտնեց դատարանին, որ ճնշումը բարձր էր եւ ինքնազգացողությունը եղել է վատ, երբեմն աչքերի առաջ սեւանում էր: Այդքանով հանդերձ, նա լսել էր ձայներ, տեսել էր երկու հաղթանդամ մարդկանց, որոնք ծեծում էին «պուճուր» մի տղայի: Այնուհետեւ այդ «պուճուր» տղան փախել էր, գնացել իր մեքենան, պատուհանից նրան հետապնդողները դարձյալ փորձել են նրան դուրս հանել: Վկան լսել էր «սատկացնել» բառը:
Կարդացեք նաև
Վկան պատասխանեց Գոռ Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանի, Վալերի Հովհաննիսյանի պաշտպան Արայիկ Ալվանդյանի, մեղադրողի, ինչպես նաեւ դատավոր Գագիկ Պողոսյանի հարցերին: Ի դեպ, ինչպես հարցեր չտվեցին, այնպես էլ իրենց դիրքորոշումը չարտահայտեցին Ներսես Մելքոնյանի երկու պաշտպանները, նաեւ ինքը՝ ամբաստանյալը: Վկան չասաց նախորդ վկայի՝ Արկադի Բաղդասարյանին ճանաչելու մասին, որը նույնպես աշխատում է Վերնիսաժում եւ նախորդ դատական նիստերից մեկի ժամանակ հայտնել էր, թե իր ասածների հավաստիությունը կարող է հաստատել դատարան եկած այս վկան:
Հայտարարությամբ հանդես եկավ Վալերի Հովհաննիսյանի պաշտպան Արայիկ Ալվանդյանը, որը վկայի համար ասաց, թե «եւ ցուցմունքը, եւ անձը մտացածին են» եւ հակասություններ տեսավ վկայի տված ցուցմունքում:
Դատախազ Հարություն Սարգսյանը հայտնեց դատարանին, որ վատառողջ է եւ խնդրեց հետաձգել դատական նիստը: Այն կշարունակվի մարտի 18-ին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ