Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Ես եմ՝ իմ հեռախոսի համարը, ո՞նց կարող է դա համարվի հանրամատչելի տվյալ»

Մարտ 04,2015 14:02

ԱԺ արտահերթ նիստում քննարկվեց Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ, հարակից զեկուցող Արփինե Հովհաննիսյանին հարց ուղղեց. «Օրինագծում նշված է, որ արգելվում է այնպիսի անձնական տվյալների մշակումը, որոնք անհրաժեշտ չեն տվյալները մշակելու նպատակի համար կամ անհամատեղելի են դրա հետ: Բայց ո՞վ է չափելու, չափանիշը ո՞րն է: Նախագծում նշել եք՝ անձնական տվյալները մշակելը օրինական է, եթե մշակվել են օրենքի պահանջների պահպանմամբ եւ տվյալների սուբյեկտը տվել է իր համաձայնությունը: Այսինքն, հա՛մ պետք է օրենքի պահանջների համապատասխան լինի, համ էլ համաձայնությունը տա՞ն: Տպավորություն է ստացվում, որ մենք տվյալների փոխանցման դաշտում ունենում ենք շրջադարձային փոփոխություն:

Մինչեւ այս օրենքը այն, ինչ արգելված չէր օրենքով, համարվում էր թույլատրված: Բայց սա ստիպում է մտածել, որ այն, ինչ թույլատրված չէ օրենքով, համարվելու է արգելված: Այս թնջուկը հնարավոր կլիներ բացել, եթե մենք հստակ գրեինք, թե անձնական տվյալը որն է: Շատ տարածական ձեւակերպում է տրվում: Հիմա հեռախոսի համարը ընկնո՞ւմ է այս օրենքի տակ, թե՞ չի ընկնում, դա հանրամատչելի՞ է, թե՞ հանրամատչելի չի: Այսինքն, ես եմ՝ իմ հեռախոսի համարը, ո՞նց կարող է դա համարվի հանրամատչելի տվյալ: Մտավախությունս հետեւյալն է, որ տեղեկատվության եւ մամուլի ազատության առումով այս նախագիծը վտանգներ է պարունակում: Ես չեմ ուզում ասել, որ սա ուղղակիորեն արվում է՝ սահմանափակում մտցնելու նպատակով, բայց ակնհայտ է, որ կան սողանցքներ, որոնք անհրաժեշտության դեպքում կամ չարամտության դեպքում կարող են կիրառել այդ նպատակով»:

Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Իրականում, այո, ձեւակերպումները տարածական են, ես կիսում եմ ձեր մտահոգությունը: Այս օրենքը մշակված է եվրոպական երկրների չափանիշների վրա: Մասնակից պետությունները պետք է նախատեսեն բացառություններ անձնական տվյալների բացառության առումով, որոնք առնչվում են մասնավորապես լրագրողական գործունեության նպատակներով, ինչպես նաեւ գեղարվեստական գրականությունների համար: Եթե լրագրողական ազատությունների շրջանակներում Սահմանադրության 27-րդ հոդվածով նախատեսված տեղեկություններ որոնելու, գտնելու, ստանալու ազատության իրավունքի իրացումն է, այդ համատեքստում է խնդիրը դիտարկվում, ապա այդ բացառությունը պետք է նախատեսված լինի օրենքով, որպեսզի ԶԼՄ-ների վրա որեւէ կերպ այս օրենքի դրույթների սահմանափակումները չտարածվեն»:

Նիկոլ Փաշինյանը պնդեց, որ ձեւակերպեն հստակ, թե որն է անձնական տվյալը. «Չե՞ք կարծում, որ գոնե պետք է մոտավոր կոնկրետացնեք, կարո՞ղ եք 5-10 անձնական տվյալի օրինակ բերել: Թե չէ ցանկացած տվյալ այս ձեւակերպումներով կարելի է դնել արգելքի տակ»:

Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ անձնական տվյալների հանրամատչելի տեղեկատվության ռեժիմ կարող է սահմանվել հեռախոսային տեղեկատուների, հասցեների գրքերի, կենսագրական տեղեկատուների, մասնավոր հայտարարությունների, եկամուտների հայտարարագրման եւ նման տեղեկություններ. «Պաշտոնապես հանրամատչելի համարվում են անուն-ազգանուն, ծննդյան թիվ, վայր, մահվան վայրն ու ամսաթիվը, ինչպես նաեւ այն անձնական տվյալները, որոնք գիտակցված գործողությունների արդյունքում են հրապարակվել: Օրինակ, բազմաթիվ հաղորդագրություններ եք ստանում ձեր հեռախոսահարներին տարբեր խանութներից, բայց դուք ձեր համարը չեք տվել: Այո, դա կարող է համարվել անձնական տվյալ, ընդ որում՝ ոչ հանրամատչելի: Եթե դուք ինչ-որ մեկին դա տված լինեք, նոր կարող է դառնալ հանրամատչելի անձնական տվյալ»:

Արփինե Հովհաննիսյանը վստահեցրեց, որ երկրորդ ընթերցման ժամանակ էլ կփորձի այնպիսի ձեւակերպումներ անել օրենքում, որ մտահոգությունները փարատվեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031