Լրահոս
Օրվա լրահոսը

Զուրաբյանը՝ Օսկանյանի հետ զրույցի ձայնագրության մասին. «Բոլոր հետքերը տանում են դեպի ՀՀ հատուկ ծառայությունները»

Մարտ 04,2015 13:22

ԱԺ-ում քննարկվում է Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու այդ նախագծին:

Նա ասաց, որ անձնական կամ ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկությունների պաշտպանությունը ժողովրդավարության կարեւորագույն հենասյուներից է. «Այդ պաշտպանությամբ ժողովրդավարական պետությունը պաշտպանում է իր քաղաքացու, ձեռնարկությունների տվյալները ապօրինի միջամտությունից, ապօրինի թափանցումից՝ չարամիտ մանիպուլյացիաների նպատակով: Պատահական չէ, որ այս հարցը կարեւորվում է մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրում, որտեղ նշված է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի պաշտպանված լինել անձնական տվյալներին ոտնձգություններից»:

Ըստ Լեւոն Զուրաբյանի, Հայաստանում մեծագույն խնդիրը շարունակում է մնալ հատուկ ծառայությունների կողմից իրականացված՝ ընդդիմության անդամների տոտալ գաղտնալսումը, լրտեսումը. «Մեր հետախուզությունը եւ հատուկ ծառայությունները իրենց ողջ պոտենցիալի մեծագույն մասն ուղղում են ընդդիմադիրների ուղղությամբ, ոչ թե հակառակորդի: Եթե այդ ամբողջ գումարները ծախսվեին հակառակորդի դեմ, մենք հիմա լրիվ այլ պատկեր կունենայինք սահմանում»:

Ապօրինի գաղտնալսման մասին խոսելիս Լեւոն Զուրաբյանը հիշեցրեց հայտնի դեպքը. «Բոլորդ տեղյակ եք իմ եւ Վարդան Օսկանյանի խոսակցության ձայնագրության մասին, որի հետաքննության արդյունքներին մինչեւ հիմա սպասում ենք: Խոսակցությունը, որը տեղադրվել էր ինտերնետում՝ այնպես էր մոնտաժված, որ լիովին մատնում էր իշխանությունների քարոզչական նպատակները: Ես քննիչին ասացի, որ պետք չէր շատ չարչարվել, որովհետեւ բոլոր հետքերը տանում են դեպի ՀՀ հատուկ ծառայությունները: Քննիչի ձեռքի տակ կար բոլոր հետքերը, բոլոր տեխնոլոգիական հետքերը թողել էին այդ հանցագործները: Քննիչն ասաց, որ անպայման կգտնի այդ հանցագործներին: Էլ այդ քննիչից ես ոչ մի բան չեմ լսել, որովհետեւ ակնհայտ էր, թե ինչ է կատարվում»:

Անդրադառնալով նախագծին՝ Լեւոն Զուրաբյանն ասաց, որ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի այս նախագիծը օրենք է՝ անձնական տվյալների՝ երրորդ անձանց եւ այլ պետությունների փոխանցման մասին . «Մեր իշխանությունը շատ խտրական է վարվելու անձնական տվյալների պաշտպանության հարցում, ծածկելու է իշխանավորներին, թույլ է տալու օգտագործել տվյալները ընդդիմախոսների դեմ: Սա մեր պետության բնույթն ու պատկերն է, մենք մերժում են այն պնդումները, թե սա եվրոպական մոդել է: Եվրոպական մոդելն աշխատում է ժողովրդավարական երկրներում, որտեղ գոյություն ունի հանրության վերահսկողություն պետության, կառավարության, հատուկ ծառայությունների նկատմամբ, որը Հայաստանում իսպառ բացակայում է:Մենք մերժում ենք մեծ եղբոր ամենատես աչքը եւ դեմ ենք քվեարկելու այս խայտառակ օրենքին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031