Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի համոզմամբ, երեկ Եվրոպական ժողովրդական կուսակցության ընդունած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձևը ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ Թուրքիայի վրա՝ հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:
«Դատելով Թուրքիայի արտաքին քաղաքականությունից՝ ուղղված ցեղասպանության ճանաչման դեմ պայքարին ու դրան հետեւող իր գործողություններից՝ Թուրքիային որեւէ բան այս տարի չի ստիպի ցեղասպանության ճանաչման նախաձեռնություններում զիջումների գնալ:, Թուրքիան այս պահին ցույց է տալիս, որ բավականին կտրուկ ժխտման ու հերքման գիծն է բռնել: Այսինքն, մտածել, որ ԵԺԿ բանաձեւը կարող է ինչ-որ բան փոխել Թուրքիայի որդեգրած քաղաքականության հարցում, հավանական չէ: Բայց մեզ համար կարեւոր է այնքանով, որ եվրոպական բավականին հայտնի կուսակցությունը նման որոշում է կայացնում, դա եւս մեկ առիթ է միջազգային ատյաններում ցեղասպանության ճանաչման ու ցեղասպանություն եզրույթը կիրառելու համար»,- ասաց թուրքագետը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ