Այսօր ԱԺ-ում քվեարկության դրվեց Շրջանառության հարկի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը:
Մինչ քվեարկությունը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասաց. «Չփաստաթղթավորված ծավալների համար մարդիկ հայտնվելու են 5 տոկոսանոց ռեժիմում: Մենք չենք կարող կողմ քվեարկել մի նախագծի համար, որը ՓՄՁ-ների որոշ հատվածի համար հարկային դրույքաչափի բարձրացում է նախատեսում»:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իրենք երեկ հանդիպել են տարբեր ՓՄՁ-ների ներկայացուցիչների հետ. «Իրենք մեզ հորդորել են քվեարկել կողմ: Այս տարբերակը միանշանակ բավարարում է ՓՄՁ-ներին»:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի խոսքերով՝ «Հասկանում ենք, որ սա մի քայլ առաջ է, բայց ՓՄՁ-ների գլխին ստուգումների մահակ է, ուստի մենք կմնանք ձեռնպահ»:
Կարդացեք նաև
Հովհաննես Մարգարյանը նույնպես դժգոհ էր նախագծից:
Հրանտ Բագրատյանն էլ ասաց, որ ինքը կողմ է. «Այո, 5 տոկոս կդառնա, թե 6, պետք է հասկանան, որ եթե դնում ենք 3 տոկոս, երկու այդքան էլ հարկային տեսուչներն են վերցնում»:
Վարդան Այվազյանը բորբոքվեց, որ նորից քննարկման են գնում: Նա դիմեց ԱԺ նախագահին. «Խնդրում եմ, դրեք քվեարկության»:
Գալուստ Սահակյանն էլ հակադարձեց. «Մարդկանց խոսքի ազատությունից չի կարելի զրկել»:
Վահրամ Բաղդասարյանի խոսքերով՝ պետք է զերծ մնալ քաղաքական շահարկումներից, սա կատարվել է ՓՄՁ-ների սրտով. «Հիմա չգիտեմ, թե դուք ինչին եք դեն»:
Խաչատուր Քոքոբելյանը վստահեցրեց, որ պետք է կողմ քվեարկել, որովհետեւ նախագծում փոփոխությունները կատարված են հօգուտ գործարարների:
Ի վերջո, օրինագիծը դրվեց քվեարկության եւ անցավ՝ 92 կողմ, 6 դեմ, 13 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Քվեարկության դրվեց նաեւ «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին կառավարության ներկայացրած օրինագիծը: Կողմ քվեարկեց 98 պատգամավոր, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 10:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ