Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարտի 1»-ը ժողովրդական տոնացույցի մեջ մտցնելու համար Տեր-Պետրոսյանն ընդամենը մի ճանապարհ ունի. «Հայոց աշխարհ»

Մարտ 04,2015 12:15

Ընդդիմությունափոխությունը, որի սկիզբը դրվեց ժամանակավորապես «ամենաընդդիմադիրի» շորեր հագած «Բարգավաճ Հայաստանի» ֆիասկոյի միջոցով, այժմ շարունակվում է ՀԱԿ-ի նահանջի տեսքով։ Քանզի վերջինիս առաջնորդի մարտի 1-ի ելույթը բաղկացած լինելով 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների հայտնի գնահատականներից ու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով ընդունված Հռչակագրի քննադատությունից, ավարտվեց նրանով, որ Տեր-Պետրոսյանը վերցրեց իր համար արդեն բնորոշ դարձած հերթական հանրահավաքային ընդմիջումն այս անգամ միանգամայն հարգելի առիթով՝ մոտեցող Ապրիլ 24-ի արարողություններին չվնասելու մտայնությամբ։

Միաժամանակ չի կարելի նաեւ չնշել, որ ՀԱԿ-ի պարագայում նման «ընդմիջման» սուր կարիքը զգացվում էր ոչ միայն եւ ոչ այնքան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը պատշաճ ձեւով նշելու նկատառումով։ Ընդմիջումն անհրաժեշտ էր նախ եւ առաջ այն պատճառով, որ ՀԱԿ-ն ու նրա առաջնորդը ժամանակ ունենան մտածելու եւ որպես ընդդիմություն ինչ-որ բան առաջարկելու հանրությանը։ Մարտի 1-ին Տեր-Պետրոսյանի ունեցած ելույթում, ըստ էության՝ քաղաքական առումով, որեւէ կոնկրետ ասելիք չկար, եթե չհաշվենք ավելի շատ սարկազմ հիշեցնող հումորը։

Մնացածը այնքան հնացած էր, այնքան տաղտկալի, որ կարելի էր նախապես կանխատեսել գրեթե 100 տոկոսանոց հավանականությամբ։ Դժվար է նաեւ պատկերացնել, որ Հայաստանի նախկին նախագահն այնքան էր «ազդված» մոտեցող համազգային սգո արարողությունների առիթից, որ տարվելով նույն մտայնությամբ՝ հավաքի մասնակիցների անունից առաջարկեց մարտի 1-ն էլ վերցնել ու հռչակել, ոչ ավել, ոչ պակաս, «2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակի եւ պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր»։

Քանի որ օրենսդրական նախաձեռնության միջոցով ուղղակի անհնար է նման տարօրինակ առաջարկության ընդունումը, Տեր-Պետրոսյանը գտավ հարցի լուծման մեկ այլ եղանակ՝ հանրահավաքային քվեարկության միջոցով մարտի 1-ի դասումը ոչ թե պետության կամ եկեղեցու, այլ ժողովրդի կողմից ընդունված հիշատակի օրերի շարքը։ Եվ որպես նման օրերի վառ օրինակ նա վկայակոչեց, ոչ ավել, ոչ պակաս, Զատիկը, Սուրբ Ծնունդը, Տրնդեզը եւ Վարդավառը, մոռանալով որ դրանք նախքան ժողովրդի կողմից ընդունվելը մեր ազգային տոնացույցի մեջ են մտել որոշակի կրոնական հավատալիքների ու պաշտամունքային արարողությունների հիման վրա։

Ասվածից հետեւում է, որ «մարտի 1»-ը ժողովրդական տոնացույցի մեջ մտցնելու համար Տեր-Պետրոսյանն ընդամենը մի ճանապարհ ունի՝ հասնել «մարտի 1»-ի զոհերի սրբադասմանը, ինչը ավելի քան տարօրինակ կարող է լինել Մեծ եղեռն, 1937 եւ 1949 թվականներ եւ այլ ահռելի ողբերգություններ տեսած մեր ժողովրդի համար։

Կարծում ենք, Տեր-Պետրոսյանի ելույթի մարտիմեկյան հատվածը պարզապես ժամավաճառություն էր, քաղաքական պայքարի պատրանք ստեղծելու ցանկություն։

Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031