Երեկ Դավիթաշեն համայնքի թիվ 200 ավագ դպրոցում հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանին հարցրին, թե ո՞րն է իր կյանքի ամենահիշարժան հաղթանակը, որին օլիմպիական խաղերի չեմպիոնը պատասխանեց. «Յուրաքանչյուր հաղթանակ էլ հիշարժան է, որովհետեւ այն ձեռք ես բերում սեփական քրտինքով, պայքարում: Բայց ուզում եմ պատմել մի դրվագ Լոնդոնի օլիմպիական խաղերից, երբ Արսեն Ջուլֆալակյանը պետք է գոտեմարտեր ադրբեջանցու հետ: Բայց մինչ այդ, մի պարզաբանում պետք է անեմ: Մենք մեր հավաքականի ըմբիշներին տրամադրում ենք՝ հաղթել յուրաքանչյուր մրցակցի, անկախ նրանից, թե տվյալ ըմբիշը որ երկիրն է ներկայացնում՝ Ադրբեջա՞նը, Պերո՞ւն, թե՞ մեկ այլ երկիր: Իսկ Ադրբեջանում իմ տեղեկություններով մարզիկներից պահանջում են հաղթել հատկապես հայաստանցիներին եւ որքան տեղյակ եմ, յուրաքանչյուր հաղթանակի համար ու կարեւոր չէ, թե տվյալ մրցաշարի որ փուլն է, նրանց մարզիկը $ 5 հազար խրախուսանք է ստանում:
Լոնդոնի օլիմպիական խաղերում Արսեն Ջուլֆալակյանը հերթական փուլում պետք է գոտեմարտեր ադրբեջանցու հետ: Այդ ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դահլիճում էր: Հետո պատմում էին, որ նա մինչեւ գոտեմարտն սկսվելը հետաքրքրվել էր, թե իրենց ըմբիշը հաղթելու ի՞նչ հնարավորություններ ունի: Եվ երբ տեղեկացրել էին, որ գրեթե զրոյական, նախապես լքել էր դահլիճը: Դա որպես մարզիչ՝ իմ եւ Արսենի՝ որպես մարզիկի, ամենահիշարժան հաղթանակներից է, որը տոնել ենք դեռ գոտեմարտից առաջ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
ԿԵՑՑԵՔ Ջուլֆալակյաններ……………….