Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստովի զինվորական դատարանի նախագահ Միխայիլ Պտիցինը փետրվարի 27-ին հայտարարել է, թե մոտ ապագայում դատարանը մի շարք աղմկահարույց գործեր է լսելու, որոնց թվում՝ Հայաստանի Գյումրի քաղաքում գտնվող ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի գործը։
Իր խոսքում Միխայիլ Պտիցինը նշել էր. «Տվյալ պահին Պերմյակովը Գյումրիում հոգեբանականահոգեբուժական փորձաքննություն է անցնում։ Դեռեւս վերջնականապես որոշված չէ, թե որ ռազմական դատարանում տեղի կունենան նրա գործով լսումները՝ Երեւանո՞ւմ, թե՞ Դոնի Ռոստովում, բայց գործը պատկանում է Հյուսիսկովկասյան ռազմական շրջանային դատարանի իրավասությանը»։
Նշենք, որ Հյուսիսկովկասյան շրջանային ռազմական դատարանը դատական իշխանություն է իրականացնում Հարավային, Հյուսիսկովկասյան ու Ղրիմի դաշնային շրջանների տարածքում, ինչպես նաեւ՝ Հայաստանում, Աբխազիայում եւ Հարավային Օսիայում տեղակայված ՌԴ զինված ուժերի զորամասերի ու ռազմական այլ մարմինների տարածքում։
Սպանդի ենթարկված Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների շահերը ներկայացնող փաստաբան Երեմ Սարգսյանը, մեր խնդրանքով մեկնաբանելով Պտիցինի հայտարարությունը, չբացառեց, որ այն որոշակի ուղերձներ է պարունակում. «Դատարանի նախագահը այս փուլում այն պաշտոնատար անձը չէ, ով իրավասու է որոշել, թե քրեական գործը որ կողմն է քննելու՝ հայկակա՞ն, թե ռուսական, նա այդ հարցում որեւէ դիրքորոշում հայտնելու իրավասություն չունի առհասարակ»,- ասաց Ե.Սարգսյանը՝ նշելով, որ երկու հնարավոր տարբերակ կա, թե ինչ կարող էր նշանակել դատարանի նախագահի հայտարարությունը. «Առաջինը զուտ տրամաբանական տեսանկյունից նշանակում է, որ այս պահին ռուսական կողմը քննում է քրեական գործը, հետեւաբար՝ եթե գործը ավարտվի ռուսական կողմում, պետք է տարածքային ենթակայության կարգով գործը քննվի Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանում։ Եվ երկրորդ տարբերակը՝ հայտարարության միջոցով փորձ է արվում տարբեր մակարդակի պաշտոնատար անձանց միջոցով նախապատրաստել, տրամադրել, որ ի վերջո՝ այդ գործը քննելու է հենց ռուսական կողմը եւ քննությունը կարող է տեղի ունենալ ոչ թե Գյումրիի ռուսական կայազորի դատարանում, այլ հենց Ռուսաստանի Ռոստով քաղաքում»,- ասաց Երեմ Սարգսյանը:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում