Ի հիշատակ Նեմցովի սգո երթում վանկարկում էին`
«ՌԴ-ն առանց Պուտինի», «Չենք մոռանա, չենք ների»
«Դա սպանություն չէր, այլ ցուցադրական գնդակահարություն»
Կարդացեք նաև
Սկզբունքային, անկաշառ, համարձակ քաղաքական գործիչ, ազնիվ, վառ, կենսուրախ անհատականություն եւ պարզապես ազատ մարդ` ռուսաստանցի ընդդիմադիր Բորիս Նեմցովը փետրվարի 27-ին սպանվեց գրեթե Կրեմլի պատերի տակ:
Նեմցովը Բորիս Ելցինի նախագահության տարիներին զբաղեցրել էր Նիժնի Նովգորոդի շրջանի նահանգապետի պաշտոնը, ապա տեղափոխվել էր Մոսկվա, նշանակվել վառելիքի ու էներգետիկայի նախարար, իսկ ավելի ուշ` ՌԴ փոխվարչապետ։ 1999-2003թթ. նա ՌԴ Պետական դումայի պատգամավոր էր, «Համերաշխություն» կուսակցության հիմնադիրներից էր, ՊԱՌՆԱՍ կուսակցության համանախագահը, Ռուսաստանի ընդդիմության համակարգող խորհրդի անդամ էր, հանդես էր գալիս ՌԴ նախագահի դեմ քննադատությամբ, եւ հայտնի է, որ վերջին ամիսներին ընդդիմադիր գործչին մի քանի անգամ սպառնացել են սպանել։ Նեմցովը մի քանի շաբաթ առաջ հարցազրույց էր տվել, որում, մասնավորապես, ասել էր. «Մայրս կտրականապես դեմ է այն ամենին, ինչ կատարվում է Ուկրաինայում: Նա համարում է, որ դրանք աղետ եւ մղձավանջ են: Բայց նրան ավելի շատ Պուտինն է անհանգստացնում: Ամեն անգամ, երբ ես նրան զանգում եմ, ասում է. «Ե՞րբ ես դադարելու քննադատել Պուտինին: Նա քեզ կսպանի»: Իսկ երբ լրագրողը նկատել էր, թե` «հուսանք, որ առողջ բանականությունը կհաղթի, եւ Պուտինը ձեզ չի սպանի», Նեմցովը նշել էր. «Տա Աստված, ես էլ հույս ունեմ»:
Սպանությունից րոպեներ անց արդեն ռուսական իշխանական քարոզչամեքենան տարբեր վարկածներ էր առաջ քաշում՝ սկսած Նեմցովին այդ օրն ուղեկցող ուկրաինուհի երիտասարդ կնոջ շուրջ խորհրդավորություն եւ ինտրիգ ձեւավորելով, մինչեւ օտարերկրյա հատուկ ծառայությունների պատվիրած սպանության վարկածը շրջանառության մեջ դնելով: Սակայն միայն այն փաստը, որ սպանությունը կատարվել էր հենց Կրեմլի հարեւանությամբ, տասնյակ տեսախցիկների տեսահորիզոնում, թերեւս վկայում է այն բանի մասին, որ սպանության պատվիրատուներն ունեցել են նպատակ` ցույց տալ բացահայտ, թե ինչ կարող է կատարվել բոլոր նրանց հետ, ովքեր «Ռուսաստանի դեմ» են: Հատկանշական էր ռուս այլախոհ Վլադիմիր Բուկովսկու տեսակետը` «Ոչ ոք, բացի պուտինյան ռեժիմից, ընդունակ չէ Կրեմլի շրջակայքում գնդակահարություն իրականացնել, որովհետեւ դա ամենաանվտանգ վայրն է որպես հանցագործության վայր»:
«Պետական ահաբեկչություն», «Պուտինը ստեղծել է դժոխային տերմինատորի», «Դա սպանություն չէր, այլ ցուցադրական գնդակահարություն». այս օրերին նման գնահատականներ էին տալիս ռուսաստանցի ակտիվիստները, հասարակական-քաղաքական գործիչներն ու փորձագետները՝ նշելով, որ այս վայրագ սպանության իրականացման նպատակը մեկն է եղել` վախեցնել ռուսաստանցիներին: Մինչդեռ սպանությունից անմիջապես հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը փոխանցեց. «Նախագահը խստորեն դատապարտել է դաժան սպանությունը, այն անվանել պատվիրված հանցագործություն, որը սադրանքի նշաններ ունի»:
Մարտի 1-ին՝ հայտնի հեռուստալրագրող Վլադ Լիստեւի սպանության ճիշտ նույն օրը, ուղիղ 20 տարի անց, երթ էր` ի հիշատակ Բորիս Նեմցովի: Մարտի 1-ին Մոսկվայի Մարինա շրջանում պետք է անցկացվեր ընդդիմության բողոքի երթը, այս երթի կարեւորությունն էր ներկայացնում վերջին օրերին ռուսաստանյան ԶԼՄ-ներին տված հարցազրույցներում Նեմցովը, սակայն նրա սպանությունից հետո ընդդիմությունը որոշեց «Գարնան երթի» փոխարեն Բորիս Նեմցովի հիշատակին նվիրված սգո երթ անցկացնել Մոսկվայի կենտրոնում:
Երթը տպավորիչ էր, նույնիսկ անսպասելիորեն մարդաշատ, 50000-ից մինչեւ 70-80, նույնիսկ 100 հազար մասնակիցների մասին էին խոսում ակտիվիստները: «Ռուսաստանն առանց Պուտինի», «Չենք մոռանա, չենք ների» վանկարկում էին սգո երթի մասնակիցները եւ ուղիղ եթերում լրագրողների հետ զրույցում հուզված նշում, որ անցել են մի սահման, որից հետո պետք է կանգ առնեն ու մտորեն իրենց երկրի ապագայի համար: Խոդորկովսկին արտերկրում է, Նավալնին՝ բանտում, իսկ Վլադ Լիստեւը, Աննա Պոլիտկովսկայան, Բորիս Նեմցովը` սպանված: Ռուսաստանը դատարկվում է ազատ մարդկանցից:
Նեմցովը` Պերմյակովին ՀՀ-ին հանձնելու մասին. «Հետո էլ զարմանում ենք, թե ինչու են մեզ բոլորն ատում»
Բորիս Նեմցովը Հայաստանին առնչվող խնդիրներին պարբերաբար անդրադարձել է, որոնք այսօր կարելի է վերհիշել: Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանություններից հետո Նեմցովն այն բացառիկ ռուսաստանցիներից էր, որը շեշտեց, որ Վալերի Պերմյակովը պետք է հանձնվի Հայաստանի արդարադատությանը: Նեմցովը ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել էր. «Երբ հակամայդանի կրեմլյան շարժումը Գյումրիում հայ ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Պերմյակովին խղճի գերի է հայտարարում, ինչի՞ վրա է հույս դնում` հայ ժողովրդի սիրո՞, թե՞ այն բանի, որ ռուսներին անիծեն նույնիսկ մինչեւ հիմա բարեկամ Հայաստանի քաղաքացիները: Կարծես ռուս կրեմլյան սադրիչները հենց երկրորդի վրա էլ իրենց հույսը դնում են, իսկ Կրեմլում նրանց լուռ հետեւում են… Պերմյակովին չեն հանձնում եւ նրան նույնիսկ խղճի գերի են կոչում… Իսկ հետո մենք զարմանում ենք, թե ինչու են բոլորը մեզ ատում»,- գրել էր Բորիս Նեմցովը:
Անցյալ տարի մայիսին «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում Նեմցովն անդրադառնալով Հայաստանի հասարակության մի հատվածին, որոնք ցավով ընդունեցին ՄՄ-ին միանալու որոշումը, եւ հարցին՝ ի՞նչ կարող էր անել Հայաստանը, որպեսզի պատվով ներկայանար աշխարհին, նկատել էր. «Հայաստանը մանեւրելու մեծ դաշտ չունի: Հայաստանյան տնտեսությունը կապված է եւ կախված ռուսական տնտեսությունից, Հայաստանն աշխարհագրորեն կտրված է հզոր երկրների շուկաներից, ուստի, մեծ հաշվով, ընտրության հնարավորությունը մեծ չէ, եւ կարելի է միայն ցավակցել: Հայաստանն այս իմաստով ընդամենը պուտինիզմի արբանյակն է, որն ընտրության հնարավորություն չունի, ուստի ինձ համար բարդ է խորհուրդներ տալ, թե ինչպես դուրս գալ Պուտինի խնամակալությունից, որովհետեւ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է գոյատեւել շրջափակման պայմաններում: Հայերն ամեն դեպքում խելացի են, ուստի կարծում եմ, որ իդեալական տարբերակը կլինի հայկական Ֆինլանդիան: Եթե հայերին հաջողվի դա անել, այսինքն՝ ներքին քաղաքականություն վարել, բարեփոխումներ իրականացնել, ժողովրդավարություն զարգացնել եւ չվիճել Պուտինի հետ: Բայց, իհարկե, դա պետք է լինի հենց հայերի որոշումը: Հիշո՞ւմ եք, նրանք խորհրդային բլոկում էին, բայց միշտ եղել են Եվրոպայի հետ՝ զարգացնելով ժողովրդավարությունը: Զարգացման այս մոդելը կապահովի եւ ներքին զարգացումը, եւ կվերացնի արտաքին սպառնալիքները, այսինքն՝ բռնակցումները, ներխուժումները եւ նման բիրտ գործողությունները Ռուսաստանի կողմից»: Թե ի՞նչ ապագա կունենան եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտները, Նեմցովը նշել էր. «Եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտները, չնայած որեւէ գործոնի, ապագա չունեն՝ մեկ պարզ պատճառով, այն է՝ դիկտատուրաները չեն կարող միավորվել եւ որեւէ դրական միջավայր ձեւավորել, ժողովրդավարական արժեքներ քարոզել:
Եվրոպան ժողովրդավարական չդարձավ այնքան ժամանակ, մինչեւ որ Հունաստանի սեւ գնդապետերի ռեժիմը, ֆրանկների ռեժիմը չտապալվեց, Բալկաններում արատավոր ռեժիմները չտապալվեցին: Եվրոպան դարձավ Եվրոպա, երբ այդ ռեժիմները վերացան, իսկ դիկտատուրաները միտվում են երկաթե վարագույրների, ուստի Պուտինի երազանքը՝ ձեւավորել Եվրասիական միություն, այդպես էլ երազանք կմնա: Այն չի ձեւավորվելու»:
Ավելի վաղ` 2007-ի հունիսին՝ Նեմցովը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում հայ ազատականներին խորհուրդ էր տվել միավորվել` նշելով, որ «բարեփոխականները ամենուր անիծված են», եւ Հայաստանը այս հարցում բացառություն չէ. «Կարծում եմ, որ հայ ժողովուրդը ինչ-որ ժամանակ անց, գուցե դա անմիջապես չի լինի, կգիտակցի ազատական տնտեսական վերափոխումների կարեւորությունը: Հայ բարեփոխականները, որոնք ստեղծեցին մասնավոր դասակարգը, որոնք աջակցեցին մասնավոր ձեռներեցությունը, անիծված են, բայց նրանց գործը ապրում է»: Նա հավելել էր, որ հարեւան երկրներից շատերը ուղղակի կրկնօրինակում են այն, ինչ տեղի է ունենում Ռուսաստանում. «Պուտինի մոտ հիմա բոլորը թշնամի են, նույնիսկ Լուկաշենկոն է թշնամի:
Միակ երկիրը, որի հետ Ռուսաստանը բարեկամական հարաբերություններ ունի, Հայաստանն է: Այդ բարեկամությունը, սակայն, առաջին հերթին բյուրոկրատիայի մակարդակով է, եւ այդ բարեկամությունը, ես կասեի, թութակի կրկնօրինակման բնույթ ունի: Այսինքն` երբ մարդիկ կրկնօրինակում են ոչ թե ամենալավը, այլ ամենավատը… Այն, որ Հայաստանի խորհրդարանում նստած են գործարարները, եւ այն, որ առանց վարչական, իշխանական ռեսուրսի շատ դժվար է բիզնեսով զբաղվել Հայաստանում, ինձ մոտ զարմանք չի առաջացնում: Բայց չի կարելի Ռուսաստանից ընդօրինակել վատագույնը: Ես կարծում եմ, որ բյուրոկրատիայի եւ բիզնեսի սերտաճման կոռումպացված մոդելը Հայաստանը տանում է դեպի հետ», – շարունակել էր Նեմցովը:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.03.2015