Լրահոս
Օրվա լրահոսը

Մնջախաղի թատրոնը՝ մնջախաղի վարպետի 80-ամյա հոբելյանին

Մարտ 04,2015 13:30

Մնջախաղի էստրադային թատրոնի հիմնադիր Լեոնիդ Ենգիբարյանը մարտի 15-ին կդառնար 80 տարեկան:

Նա ստեղծել է ողբերգական, կատակերգական տեսարաններ, բազմազան կերպարներ ու իրավիճակներ, կիրառել բարդ հնարքներ, որոնք ցուցադրվել են նաեւ կրկեսում: Դեռեւս 1972թ. Երեւանում հիմնվեց Ենգիբարյանի անվան մանկական կրկես-ստուդիան (հիմնադիր եւ ղեկավար՝ Սոս Պետրոսյան), 1995թ. կրկեսի շենքի առջեւ կանգնեցվեց նրա հուշարձանը (քանդակագործ՝ Լեւոն Թոքմաջյան): Երկու տարին մեկ Ծաղկաձորում կազմակերպվում է մնջախաղի միջազգային փառատոն՝ ՀՀ մշակույթի նախարարության, Երեւանի մնջախաղի պետական թատրոնի, Ազգային թատերական ստեղծագործական միավորման եւ Ծաղկաձորի քաղաքապետարանի կողմից: 2010թ. մնջախաղի թատրոնների միջազգային փառատոնը Ծաղկաձորում կոչվեց անվանի ծաղրածու, մնջախաղաց Լեոնիդ Ենգիբարյանի անունով: Իսկ 2012թ., Ծաղկաձորի հերթական փառատոնը մեկնարկեց նրա բրոնզե արձանի բացմամբ:

Jirayr_Dadasyan

«Առավոտը» ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, 2014թ. քառասունամյակը բոլորած Երեւանի պետական մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս են պատրաստվում նշելու մնջախաղի վարպետի 80-ամյա հոբելյանը: «Տարին միանշանակ հայտարարում ենք Ենգիբարյանական: Այս տարվա մեր առաջին ներկայացումը՝ «Շերանիկը» (ռեժիսոր Ժ. Դադասյան), կխաղանք մարտի 12-ին, Պատանի հանդիսատեսի թատրոնում»,- ասաց ռեժիսորը եւ հավելեց, որ այդ բեմադրությամբ մայիսին կմասնակցեն Թբիլիսիում կայանալիք մնջախաղի միջազգային առաջին փառատոնին, իսկ աշնանը՝ Մեքսիկայում անցկացվող «Cervantino» հեղինակավոր միջոցառմանը: Ինչ վերաբերում է հատուկ մաեստրո Ենգիբարյանի հոբելյանին նվիրված որեւէ երեկոյի անցկացմանը, Ժիրայր Դադասյանի ձեւակերպմամբ՝ իր ղեկավարած թատրոնի ավելի քան 10 ներկայացումից բաղկացած խաղացանկն անցյալ տարի համալրվեց եւս մեկով՝ սեփական ռեժիսուրայով ստեղծված «Այծ-ծես» ներկայացմամբ. «Սա շատ հետաքրքիր նախագիծ էր՝ նվիրված մեր թատրոնի 40-ամյա եւ, անշուշտ, ընդառաջ Ենգիբարյանի 80-ամյա հոբելյանին: Առաջին անգամ հատուկ երաժշտություն գրվեց մնջախաղային ներկայացման համար: Հեղինակն է ճանաչված կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը: Ելնելով արձագանքներից, հանդիսատեսին հետաքրքրեց նաեւ սցենարը. այն մարդկանց խմբի մասին է, ովքեր ճահճի մեջ են եւ ելք են փնտրում:

6-1

Կադր՝ «Այծ-ծես» բեմադրությունից:

Դուրս են գալիս բաց ծով նավով: Հուսադրող մի բան կա՝ վերջապես հեռվում լույս է նշմարվում»: Կեսկատակ-կեսլուրջ հարցին՝ իսկ ձեր ղեկավարած թատրոնի շենք ունենալու հարցում լույս նշմարվո՞ւմ է, մեր զրուցակիցը պատասխանեց. «Լույս կա, բայց արեւն այդպես էլ չի երեւում…»: Հետո էլ պարոն Դադասյանը հավաստիացրեց. «Կան առաջարկներ, բայց դրանցից ոչ մեկն ավարտական տեսքի չի բերվում, հետեւաբար որոշումներ չի կայացվում: Ոչինչ, կարեւորը՝ ես ու արտիստներս հավատում ենք, որ մի օր արեւի շողերը շենքի հարցում կկուրացնեն մեզ: Մյուս կողմից՝ մեզ ուղղակի թատրոնի շենք հարկավոր չէ, որն ունենա հանդերձարան, հանդիսասրահ, բեմ, հարդարման սենյակներ եւ այլն: Մնջախաղի թատրոնի համար նախատեսված շենքը պետք է ունենա բազա, որտեղ կատարվեն նաեւ ուսումնասիրություններ հայկական ազգային մնջախաղի ուղղությամբ, որի գոյության փաստերն անսպառ են ե՛ւ մեր մանրանկարչության, ե՛ւ մատենագրության մեջ»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031