Լրահոս
Օրվա լրահոսը

Հայազգի քանդակագործ, որ կերտել է անվանիներին

Մարտ 04,2015 13:00

16 տարի առաջ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ամբողջ աշխարհում նշում էր Պուշկինի ծննդյան 200-ամյակը: Այս տոնը աչքաթող չարվեց նաեւ Բրյուսելում եւ մեծ շուքով նշվեց հնագույն Լակեն թաղամասում: 1999 թվականի սեպտեմբերի 30-ին այստեղ կայացավ Ալեքսանդր Պուշկինի բրոնզե արձանի բացումը: Արձանը Ռուսաստանի Դաշնության կողմից նվիրվեց Բրյուսելին: Արձանի հեղինակը Գեորգի Ֆրանգուլյանն է: Մի իրադարձություն էլ եղավ այդ օրը՝ արձանի շրջակա հրապարակն անվանակոչվեց Պուշկինի անվամբ: Արձանի բացման արարողությանը մասնակցեցին եւ ելույթ ունեցան Բրյուսելի քաղաքապետ Ֆ.Դոննեան, արտաքին գործերի նախարար Լ. Միշելը, Բելգիայում ՌԴ դեսպան Ս. Կիսլյակը:

6-2Քաղաքապետը մասնավորապես նշել է արձանի գեղարվեստական արժեքի մասին, հայտարարելով, որ այն ավելի կամրապնդի Մոսկվայի եւ Բրյուսելի կապերը:
Անտվերպենի կենտրոնական մասում, Klooster- Riemstraat փողոցների անկյունում կանգնած է ռուս ցար Պետրոս Մեծի բրոնզաձույլ արձանը: Հազվադեպ արձաններից է, որի պատվանդանին գրված չէ քանդակագործի անուն-ազգանունը: Այս արձանի վրա երկու տառ կա՝ ՖԳ եւ թիվ՝ 1998: Բելգիական ինտերնետային կայքերում գրված է՝ հեղինակն անհայտ է: Իսկ հեղինակը հայ է՝ Գեորգի Ֆրանգուլյանը: Քանդակագործ, Ռուսաստանի ժողովրդական նկարիչ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, միջազգային մրցույթների դափնեկիր, ճարտարապետների միջազգային ակադեմիայի պրոֆեսոր Գեորգի Ֆրանգուլյանը ծնվել է 1945թ. մայիսի 29-ին Թիֆլիսի հին՝ Սոլոլակի շրջանում: Քանդակագործի խոսքերով. «Ծննդավայրը նշանակալիորեն կանխորոշեց իմ ստեղծագործական մեթոդը եւ կյանքի հանդեպ իմ մոտեցումները: Ես ծնվել ու մեծացել եմ Թբիլիսիում, լեռների մեջ: Այս վայրը ինձ դաստիարակեց ճիշտ ընկալել տարածությունը»:

Ֆրանգուլյանի տատը ճանաչված դաշնակահարուհի էր, եւ տունը արվեստի կենտրոնի էր նման: 1956-ին ընտանիքով տեղափոխվում են Մոսկվա: 1969-ին ավարտում է գեղարվեստի ուսումնարանը (նախկինում՝ Ստրոգանովի դպրոց): 1967 թվականից մշտապես մասնակցել է Ռուսաստանում եւ արտասահմանում կազմակերպվող ցուցահանդեսներին: Նա Հունգարիայում, Լեհաստանում եւ Իտալիայում կազմակերպված գեղարվեստի ցուցահանդեսների հաղթողն է, բազմաթիվ մեդալների ասպետ: Նրա ստեղծագործությունները տեղադրված են Մոսկվայում, Նովոկուզնեցկում, Նովոսիբիրսկում, Կրասնոյարսկում, Սոչիում, Օդեսայում, Մոլդովայում, Ուզբեկստանում, Հունգարիայում, Բուլղարիայում, Իտալիայում եւ Բելգիայում, նաեւ բազմաթիվ ցուցասրահներում եւ անհատական հավաքածուներում:

Նրա կոթողային գործերից են Օկուջավայի արձանը Մոսկվայում եւ Ռուսաստանի դրոշի տեսքով հուշարձանը Բորիս Ելցինի գերեզմանին:

6-9
Քանդակագործի արվեստանոցն առանձնահատուկ հետաքրքրության առարկա է: Այն գտնվում է Արբատից ոչ հեռու, հին շենքում: Այս շենքի հարեւանությամբ են ժամանակին ստեղծագործել Ռեպինը, Սերովը: Արվեստանոցին կից գործում են ձուլարանը, ցուցասրահը: Գեղարվեստի ակադեմիայում կազմակերպված ցուցահանդեսի կատալոգի նախաբանը գրված է քանդակագործի՝ ստեղծագործական կյանքը բնորոշող խոսքերով՝ «Դուք կարող եք ավերել տաճարը, բայց նրա յուրաքանչյուր մասնիկը, միեւնույն է, կրելու է ստեղծագործության գաղափարը»: Ֆրանգուլյանը 1998-ին անհատական ցուցահանդես է բացել Անտվերպենի Katrin Altin, 1999-ին՝ Բրյուսելի Grand Plaza պատկերասրահներում: 1999-ին Ֆրանգուլյանը պարգեւատրվել է Անտվերպենի քաղաքապետարանի մեդալով:

ԳԵՎՈՐԳ ՄԻՆԱՍՅԱՆ
Բելգիա, Անտվերպեն

«ԼՐԱԳԻՐ» ամսաթերթի
գլխավոր խմբագիր

«Առավոտ» օրաթերթ
03.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031