Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանի «Թումո» կենտրոնը տեսնելուց հետո փորձում են նման կենտրոններ ստեղծել Թուրքիայում

Մարտ 04,2015 15:30

«Ձեռներեցների փոխայցելություններ» նախագծի արդյունքներից մեկը՝ թուրք պրոֆեսորն այժմ ֆինանսավորում է փնտրում Թումոյի նման կենտրոններ կառուցելու համար: Իսկ ի՞նչ գործնական օգուտ ստացան հայ ձեռներեցները Թուրքիա այցից: 

Նորությունը մանուշակագույն կովն է

Թուրքիա այցելության վերջին օրերին՝ փետրվարի 27-28-ին, Հայաստանի տեղեկատվականև հաղորդակցության տեխնոլոգիաների պատվիրակությունը Անթալիայում մասնակցեց Startup Turkey միջոցառմանը: Հիշեցնենք, որ այցը կայացել էր «Ձեռներեցների փոխայցելություններ» նախագծի շրջանակում, որը կազմակերպվել է «Հանրային լրագրության ակումբի» եւ «Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի» կողմից՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում:

Այս տարի Startup Turkey-ի բանախոսներից մեկը տեխնոլոգիաների մասին գրող առաջատար լրատվական աղբյուրի՝ TechCrunch-ի խմբագիր Մայք Բաչերն էր: Նա աշխատակցել է այնպիսի պարբերականների, ինչպիսիք են՝ The Financial Times-ը, The Guardian-ը, The Times-ը, The Daily Telegraph-ը եւ այլն, եւ համարվում է ամենաազդեցիկներից մեկը նոր մեդիայի եւ տեխնոլոգիաների ոլորտում:

Turkey_1

Ահա նման պատկառելի փորձառություն ունենալով՝ նա Startup Turkey-ի մասնակիցներին տալիս էր խորհուրդներ, թե ինչպես արժանանալ մամուլի ուշադրությանը: Առանձնացնենք մի քանիսը նրա խորհուրդներից՝ դրանք կարող են պետք գալ նաեւ մեր նորաստեղծ ձեռնարկատերերին: «Նորությունը մանուշակագույն կովն է: Նորությունն այն է, որ մարդն է կծել շանը: Միայն այն, որ դուք նորաստեղծ ձեռնարկություն եք՝ նորություն չէ: Կամ այն փաստը, որ գոյություն ունեք՝ նորություն չէ»,- ասում էր նա ու հուշում, թե ինչպես կարելի է մաս կազմել նորություններին: «Զրույցներն ավելի լավ են, քան մամուլի հաղորդագրությունները»՝ ի հավելումն թվարկում էր ցանկը, թե ինչ փաստեր պետք է շարադրվեն հետաքրքրելու համար: Բացի հայտնելուց, որ ինչ-որ նոր հավելված ես մշակել՝ նաեւ պետք է փոխանցես, թե ինչով է այն ավելի լավը արդեն գոյություն ունեցողներից, խոստանաս, որ դա ԶԼՄ-ի բացառիկն է լինելու, ու տրամադրես լինքեր՝ հավելյալ տեղեկատվության համար: TechCrunch-ի խմբագրի թվարկած ամբողջական ցանկը կարող եք տեսնել լուսանկարում:

Հայերը՝ Startup Turkey-ում

Ի դեպ, TechCrunch-ը դեռ չի անդրադարձել հայկական Triada Studio Games-ի ստեղծած Shadowmatic գլուխկոտրուկ հավելմանը: Եվ հայկական պատվիրակության անդամ Արփինե Գրիգորյանն անմիջապես օգտագործեց այս հնարավորությունը՝ Մայք Բաչերին խաղը ցուցադրելու համար: Նա հավանեց Shadowmatic-ը:

Ուշագրավ է, թե Sourcio IT Consulting Company-ի փոխնախագահ Պավել Սնխչյանն ինչպես էր ներկայացնում տեսողության ստուգման եւ աչքի առողջության պահպանման իրենց մշակած ծրագիրը: Նա մոտենում էր ակնոցավորներին եւ առաջարկում փորձարկել այն՝ ներկայացնելով, թե ինչ ծրագիր է, ինչ խնդիրներ է լուծում: «Առավոտի» հարցին, թե ի՞նչ արձագանքներ եղան՝ Պավել Սնխչյանը պատասխանեց. «Բոլոր կողմից շատ դրական արձագանքներ եղան»:

Քանի որ Startup Turkey-ն նաեւ ներդրողների հետ գործնական կապեր հաստատելու հնարավորություն է ստեղծում՝ հետաքրքրվեցինք, թե ներդրողների հետ գուցե հնարավո՞ր եղավ այդ ընթացքում ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերել, Պավել Սնխչյանը պատասխանեց, թե խնդիր չունեին «որսալու» հատկապես ներդրողներ. «Պարզապես ուզում էինք մեր ծրագրի մասին տարածել ավելի շատ տեղեկատվություն: Եվ դա իրականում ինքնին կբերի դեպի ներդրողները, քանի որ միայն բարի համբավը շատ մեծ բան արժե, ու մեզ էլ հետագայում ավելի հեշտ կլինի այս կամ այն ներդրողի հետ բանակցել»:
Հարցին, թե այս հանդիպումը հնարավորություն ընձեռե՞ց նոր կապեր հաստատել՝ նա պատասխանեց. «Միանշանակ: Կարելի է ասել առանց չափազանցելու՝ 10-ից ավելի լավ կոնտակտներ ձեռք բերեցի, որոնց հետ պլանավորում ենք հետագայում աշխատել եւ տեսնել, թե ինչ համագործակցության ուղիներ կունենանք»:

Երկու երկրների միջեւ սահմանները վերացնելու համար

Startup Turkey-ի հաղթողների պարգեւատրման արարողությունը վարում էր Ստամբուլի MEF համալսարանի պրոֆեսոր Էրհան Էրկութը, որի հետ «Առավոտի» առանձին հարցազրույցը՝ ստորեւ:

Turkey_2

– Ըստ Ձեզ՝ Հայաստան-Թուրքիա startup-ների ոլորտում հարաբերությունները հեռանկար կամ ապագա ունե՞ն:

– Կարծում եմ՝ այո: Ես կարծում եմ, որ ձեռնարկատիրությունը՝ մասնավորապես, եւ տնտեսությունը՝ ընդհանուր առմամբ սահմաններ չեն ճանաչում: Հետեւաբար մենք, իհարկե, կարող ենք համագործակցությունից օգուտ քաղել, քանի որ համագործակցելով՝ կբարելավենք այս տարածաշրջանի բոլոր երկրների բարօրությունը:

– Բայց արդյոք կարծո՞ւմ եք, որ այս պայմաններում, երբ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան, որեւէ թուրք ներդրող Հայաստանի ինչ-որ նորաստեղծ ձեռնարկությունում կկատարի ներդրում:

– Վստահաբար: Թուրք ներդրողները կառավարության կամ դիվանագիտության կողմից չունեն սահմանափակումներ: Նրանք բիզնեսում են եւ փող են աշխատում: Նրանք կգնան ցանկացած տեղ, որտեղ կարծում են, թե փող կաշխատեն: Եվ որքան գիտեմ, չկան աշխարհի որեւէ երկրում ներդրումներ կատարելու սահմանափակումներ:

– Ձեր կարծիքով՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կապերի բացակայությունը կարո՞ղ է ներազդել նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վրա:

– Ես կարծում եմ, որ սա հարաբերությունները բարելավելու լավագույն վայրն է, որովհետեւ ձեռներեցները, գիտնականները, ներդրողները սահմանափակված չեն նրանով, թե ինչ են մտածում քաղաքական գործիչները կամ կառավարությունները: Նրանք անում են այն, ինչ կարծում են, որ լավագույնն է իրենց եւ հանրության համար: Այնպես որ՝ կարծում եմ, թե համագործակցության մեծ ներուժ կա: Հասանելիության խնդիր կա, օրինակ` դժվար է ճամփորդելը մեր երկրների միջեւ: Բայց կարծում եմ, որ պիտի միասին աշխատենք՝ խնդիրները լուծելու համար:

Միգուցե որոշ թուրք ձեռներեցների ուղարկենք Հայաստան, որոշ հայ ձեռներեցների բերենք Թուրքիա: Մեր լավագույն ձեռներեցներից ոմանց ուղարկում ենք Եվրոպա, ԱՄՆ եւ այլն: Սա իրոք բիզնեսի խաչմերուկ է, եւ կարծում եմ, որ այն մեծ ներուժ ունի՝ բարելավելու հարաբերությունները, որովհետեւ սա սկսելու բնական միջավայր է:

– Հայաստան էիք եկել անցած տարի: Ինչ-որ ծրագիր կա՞ր, որ Ձեզ հետաքրքրեց:

– Ես իրականում շատ տպավորված եմ Հայաստանի ՏՏ կրթական համակարգով: Ես ակնկալում էի ավելի քիչ զարգացած կրթական համակարգ, բայց տպավորված էի՝ պարզելով, որ Հայաստանի արտահանման 3.5%-ը տեղեկատվական տեխնոլոգիաների հիմքով են, իսկ Թուրքիայում այդ թիվը 1%-ից պակաս է:

Ինձ իսկապես շատ տպավորեց «Թումո» կենտրոնը: Ի դեպ, ես Ձեզ մի գաղտնիք ասեմ: Ես հիմա փորձում եմ «Թումոյի» նման մի բան կառուցել Թուրքիայում: Ուզում եմ բարելավել, եթե հնարավոր է… գուցե չասեմ բարելավել, բայց կառուցել որոշ առումով «Թումոյի» նման մի բան, բայց ավելի շատ ինկուբացիոն եւ տեխնոպարկի նման:

Այսպիսով` հիմա ես ֆինանսավորում եմ փնտրում Թուրքիայի տարածքում 15 «Թումո» կենտրոններ կառուցելու համար: Ես դրանք կանվանեմ ձեռնարկատիրական գործարաններ կամ ձեռնարկատիրական դպրոցներ:

Ես նաեւ շատ տպավորվել էի Գյումրի Հէքըթոնից: Չէի հավատում, որ այնտեղ 270 բարձր դասարանների աշակերտներ են աշխատում, ծրագրավորում: Եվ երբ մենք գնացինք նրանց հետ խոսելու, ասացին, որ կարող են մեզ հետ խոսել անգլերեն: Սա չի կարող ակնկալվել Թուրքիայում: Բարձր դասարանների շատ աշակերտներ անգլերեն այնքան լավ չեն խոսում, որ կարողանան շփվել արտասահմանցու հետ:

Այնպես որ, ես կարծում եմ՝ մենք Հայաստանից սովորելու բան ունենք: Ինչ հասկացա, երբ այնտեղ էի, որ թուրքական շուկաների չափերը շատ գրավիչ են հայ ներդրողների համար, եւ ԱՄՆ-ի հայ ձեռնարկատերերի, հայկական սփյուռքի մուտքի հնարավորությունը շատ գրավիչ է թուրք ձեռնարկատերերի համար: Այսպիսով` կա համագործակցության հստակ ներուժ:

Ես կցանկանայի տեսնել ավելի շատ գործընկերային հարաբերություններ Հայաստանի եւ Թուրքիայի ձեռնարկատերերի միջեւ: Այսինքն` եթե թուրքը եւ հայը համագործակցում են նոր բիզնեսում, դա կանվանեք թուրքակա՞ն բիզնես, թե՞ հայկական: Դա ոչ մեկն էլ չէ: Դա բիզնես է: Ես կարծում եմ՝ մենք այսպես պետք է աշխատենք երկու երկրների միջեւ մտավոր խոչընդոտները եւ սահմանները վերացնելու համար:

– Ըստ Ձեզ՝ հնարավո՞ր է, որ հաջորդ Startup Turkey-ին հայկական պատվիրակությունը կարողանա ներկայացնել իր ծրագրերը:

– Ես չեմ լինի միջոցառումների կազմակերպիչը, բայց իմ խորհուրդը կազմակերպիչներին այն է, որ նրանք ներգրավեն այնքան շատ երկրներ, որքան հնարավոր է: Նման միջոցառումները, ասենք՝ Ստամբուլում, ազգային չեն: Անցած տարի 900 մասնակից է եղել, եւ նրանցից մոտավորապես 400-500-ը արտասահմանից էին՝ հնդիկներ, ամերիկացիներ, ռուսներ, բոլոր ազգություններից:

Ես կուզենայի նաեւ հայերին տեսնել այդ խմբում: Ես տեսա որոշ մարդկանց Իրանից, Հունաստանից, Ռումինիայից, Ռուսաստանից: Ես կուզենայի նաեւ հայերին տեսնել: Կուզենայի ավելի շատ մարդկանց տեսնել ողջ տարածաշրջանից միասին, որովհետեւ ձեռներեցությունը չունի ազգայնական սահմաններ:

Ի՞նչ է լինելու հաջորդ փուլում

Հանրային լրագրության ակումբի ղեկավար Սեդա Մուրադյանից հետաքրքրվեցինք, թե ինչ է հաջորդելու «Ձեռներեցների փոխայցելություններ» նախագծին. «Առաջին անգամ է ընդհանրապես այս ոլորտների միջեւ նմանատիպ փոխանակման ծրագիր արվում: Արդեն պատասխան այցելությամբ հույս ունենք, որ ավելի կամրապնդվեն այն կապերը, որոնք Երեւանում էին ստեղծվել: Մենք՝ կազմակերպիչներս, սա չենք ընկալում որպես կարճաժամկետ ծրագիր, որովհետեւ արդեն այստեղ մեր երկարաժամկետ պլանների մասին ենք պայմանավորվել»:

Արդեն իսկ կան նոր գաղափարներ, մնում է հայթայթել ֆինանսավորում: Նախ՝ ցանկանում են, որ հաջորդ Startup Turkey-ին հայ ձեռներեցները հնարավորություն ունենան ներդրողներին ներկայացնել իրենց ծրագրերը եւ ընդհանրապես հայկական ՏՏ ոլորտի ներուժը. «Եվ ընդհանրապես այս միջոցառումը մենք ընկալում ենք առաջին հերթին որպես կոնտակտներ ձեռք բերելու, ներդրողների հետ ուղիղ շփվելու հնարավորություն: Երկրորդը՝ այս պահին արդեն առաջին այցելությունից հետո ավելի երկարաժամկետ ծրագիր ենք սկսել: Հայաստանից՝ երեք սթարթափ, Թուրքիայից երեք սթարթափ (արդեն ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ) անցնում են չորսամսյա ծրագիր, որն իր մեջ ներառում է առցանց խորհրդատվություն: Այսինքն` Հայաստանից եւ Թուրքիայից փորձագետները օգնում են իրենց թիմերին զարգացնել իրենց գաղափարը ու հասնել արդեն պատրաստի արտադրանքի»:

Ավելի ուշ, ըստ Սեդա Մուրադյանի՝ Հայաստանում այդ բոլոր 6 թիմերը ծրագրերը ներկայացնելու հնարավորություն են ունենալու՝ ներդրողների ներկայությամբ. «Ու արդեն իրենց տաղանդով է պայմանավորված՝ կկարողանա՞ն գրավել այդ ներդրողներին, որոնց հրավիրելու ենք, ներդրումներ կկարողանա՞ն հայթայթել, թե՞ ոչ: Բայց մենք ունենալու ենք 4000 եվրո լավագույն սթարթափ գաղափարի եւ թիմի համար մրցանակ»:

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Անթալիա-Երեւան

«Առավոտ» օրաթերթ
03.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031