Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյանի դստեր եւ խնամու ներկայացուցչի պատասխանը

Մարտ 03,2015 14:56

Բողոքի դեմ բերված պատասխանի համաձայն, կասեցման միջնորդությունը հիմնավոր չէր, ենթակա էր մերժման, քանի որ «Առավոտին» հարցազրույց տված Դավթյանն ու Խաչատրյանը տվյալ հոդվածի հրապարակման պահին արդեն իսկ պետք է ունենային տեղեկատվություն հրապարակելու համար անհրաժեշտ եւ բավարար փաստական հիմքեր, ոչ թե «ապացույցներ հավաքեին հետագայում»:

Վերաքննիչ դատարանի վարույթում է գտնվում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի դստեր՝  Նարինե Սարգսյանի եւ խնամու՝ ԿԲ ֆինանսական վերահսկողության պետ Հրանտ Սուվարյանի օգտին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռի դեմ բերված բողոքը:

Բողոքաբեր կողմը Սուսաննա Դավթյանն է, Լեմբերիկ Խաչատրյանը:

Առաջին ատյանի դատարանում քննության է առնվել պատվի, արժանապատվությանը պատճառված վնասը փոխհատուցելու պահանջի մասին հայցը, եւ երրորդ անձ էր ճանաչվել «Առավոտ» օրաթերթ ՍՊ ընկերությունը:

Վերաքննիչ բողոքի դեմ իր պատասխանն է դատարան ուղարկել ՀՀ փաստաբանների պալատի անդամ, Սարգսյանների ներկայացուցիչ Անահիտ Սարգսյանը::

Ներկայացուցիչը բողոքաբերի առարկությունները, դրանում բերված փաստարկներն անհիմն է համարում:

Ըստ ներկայացուցչի հակափաստարկների, բողոքաբեր կողմը տեղեկացրել էր, որ վարչական դատարանում առկա է եղել թիվ ՎԴ/0499/05/14 վարչական գործը, որտեղ վիճարկվել է Երեւանի քաղաքապետի 22.11.2013թ.5896-Ա որոշումը: Դատարանը  հնարավորություն չի տվել բողոքաբերին, ներկայացնել ապացույցներ, կասեցնել պատվի, արժանապատվության գործով վարույթը, մինչ վարչական դատարանի գործի քննության ավարտը:

Նշյալ վարչական գործով վիճարկվել է քաղաքապետի որոշման իրավաչափության հարցը, մասնավորապես, այն վերաբերել է Արթուր Արիստակեսի Խաչատրյանի, Հրանտ Սուվարյանի եւ Հայկ Վիլիկի Եղոյանի բնակելի տան զբաղեցրած եւ սպասարկման համար անհրաժեշտ 810.0 քմ մակերեսով նրանց ընդհանուր սեփականությունը հանդիսացող հողամասին կից 226.13 քմ մակերեսով հողամասի եւ դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ սեփականության իրավունքի վերականգնմանը:

«Վերոգրյալից պարզ է դառնում, որ սույն քաղաքացիական գործի քննության իրականացման անհնարինություն չի եղել, ինչը հիմք կդառնար կասեցնելու գործի վարույթը:՚ Սույն քրեական գործով քննության է առնվում հայցվորների պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման պահանջը, որը տեղի է ունեցել հրապարակային՝ զանգվածային լրատվամիջոցով, իսկ վարչական կարգով  վիճարկվում է Երեւանի քաղաքապետի որոշման իրավաչափությունը»,-իր պատասխանում նշել էր Ա.Սարգսյանը:

Ի դեպ, հրապարակայնացնել վեճի առարկան ասելով, Ա.Սարգսյանը նկատի ունի «Առավոտ» օրաթերթի եւ www.aravotam-ի փետրվարի 7-ի եւ 8-ի հրապարակումները:

Ըստ Ա.Սարգսյանի, պատասխանողները չպետք է նախկինում հրապարակված տեղեկատվության հիմնավորվածության ապացուցումը փորձեին իրականացնել ապագայում այլ դատարանի միջոցով ընդունվելիք դատական ակտի միջոցով:

Սարգսյանները հղում կատարելով Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի «Լինգեսն ընդդեմ Ավստրիայի» գործին, մեջբերում էին կատարել. «Չափազանց կարեւոր է, որ զանգվածային լրատվամիջոցն իր կողմից տարածած տեղեկատվության արժանահավատությունը ստուգի  մինչ համապատասխան տեղեկության տարածումը, այլ ոչ թե փորձի ապացույցներ «հայթայթել» դատական վեճի ընթացքում»: Վիճարկվող հոդվածներում «Առավոտն» իր ձեռք բերած տեղեկատվությունը ստուգել է հավասարապես կողմերին դիմելով, այլ հարց է՝ «ստուգման» եւ տեղեկատվության «հայթայթման» սահմանները ճշտելը:

Ներկայացուցիչը գտնում է, որ բողոքն այն մասով, որ տվյալ հրապարակումը նպատակ չի հետապնդել արատավորել հայցվորների պատիվն ու արժանապատվությունը, այլ եղել է իրենց շահերը պաշտպանելու ճարահատյալ քայլ, նույնպես անհիմն է, եւ որ դատարանն այդ առումով բազմակողմանի քննություն է կատարել:

 Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031