Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը հատկապես այս օրերին սկսել է պարբերաբար խախտել հրադադարի ռեժիմը:
Aravot.am-ը Razm.info ռազմական կայքի փորձագետ Վռամ Խոջագորյանից հետաքրքրվեց, թե իր կարծիքով՝ որոնք են լարված իրավիճակի պատճառները: Փորձագետը չցանկացավ իրավիճակը կապել քաղաքական գործընթացների հետ, մասնավորապես՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլու Ադրբեջան այցի հետ:
«Նախորդ լարվածությունից հետո հայկական կողմը կարողացավ իրեն բնորոշ ձեւով՝ բազմաթիվ կորուստներ պատճառելով, պատասխան տալ: Գիտենք, որ այնտեղ շղարշ կա՝ իրենց կորուստների մասին չեն հայտնում, այնուամենայնիվ, կորուստների մասին տեղեկությունները դուրս եկան: Փաստորեն, հայկական կողմի կոշտ պատասխանը ստիպեց, որ իրենց մարտավարությունը վերանայվի, այսինքն՝ հարաբերական դադար վերցրին:
Վերջին 10 օրերի ընթացքում բավական հանդարտ իրավիճակ էր, հասկանում ենք՝ Ադրբեջանին խաղաղ իրավիճակը ձեռնտու չէ, որովհետեւ կորցնող կողմն ինքն է, անընդհատ պետք է իրավիճակը լարված պահի, որպեսզի հրավիրի միջազգային հանրության ուշադրությունը, որովհետեւ այսօր կա Ուկրաինա, Իսլամական պետություն, այսինքն՝ արցախյան հիմնախնդիրը աշխարհին առաջին հերթին չի հետաքրքրում»,- ասաց նա:
Կարդացեք նաև
Նրա խոսքերով՝ ադրբեջանական կողմի համար ուշադրություն գրավելու փորձված եղանակներ են դիվերսիոն հարձակումները եւ հայկական կողմին հնարավորինս մեծ կորուստներ պատճառելը:
Վռամ Խոջագորյանի կանխատեսմամբ՝ առաջիկայում կրկին լարում է նկատվելու. «Չնայած նրան, որ Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է զինծառայողի մահվան մասին, որը իբր թե սրտային անբավարարվածությունից է մահացել, բայց այլընտրանքային աղբյուրներով հայտնի է դարձել երեք մահացած զինվորների մասին՝ ներառյալ այդ չակերտավոր սրտային անբավարարվածությունը: Այսինքն՝ չնայած Ադրբեջանը պաշտոնապես դա չի նշում, բայց հայկական կողմն արդեն իսկ պատասխան գործողությունների է դիմել, այդ թվում նաեւ դիպուկահարների միջոցով: Ըստ այդմ՝ առաջիկա 1-2 օրերի ընթացքում կհասկանանք բավարա՞ր կլինեն այդ կորուստները Ադրբեջանի համար, թե՞՝ ընդհակառակը»:
Փորձագետի կարծիքով՝ հայկական կողմը այս իրավիճակից հաղթող է դուրս գալու. «Ցավալի է, որ տակը մնալու է մեր երիտասարդ զինծառայողների եւ փորձառու սպաների թափած արյունը, ցավոք, նրանց չենք կարող վերադարձնել. Գին պետք է վճարենք դրա համար, բայց վերջնական հաշվով մենք հաղթանակած ենք դուրս գալու այս իրավիճակից: Արդեն հստակ նախադեպ կա, մեր ստորաբաժանումները գիտեն իրենց առջեւ դրված խնդիրը»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ