Նախկին ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը ընդդիմությանն ուղղված առաջին նախագահի բնորոշումները համարում է այս ժամանակահատվածի ճիշտ բնութագիր:
«Չգիտեմ՝ ով ինչ է ասել, որ ընդդիմադիրը ինչպես է ընկալել, բայց առաջին նախագահը քաղաքական դաշտի իրական պատկերն է ներկայացրել, թե ինչ ունենք այսօր, ով ինչպես ցանկանում է թող ընկալի»,- Aravot.am-ին ասաց Գուրգեն Եղիազարյանը:
Մեր դիտարկմանը, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի քննադատության հասցեատերերը տպավորություն են ստացել, թե ՀԱԿ-ը պայքարում է ոչ թե իշխանության, այլ ընդդիմության դեմ, պարոն Եղիազարյանը շարունակեց. «Չէի ասի, թե ՀԱԿ-ը ընդդիմության դեմ է պայքարում, դա աբսուրդի ոլորտից է: Այդ ներքին խոսակցությունները միայն մի տեղ են տանում՝ բաժանում, որ հաղթես: Այդ բաժանումը հիմա գնում է, դրան նպաստում է ոչ օրինական իշխանությունը՝ ամեն կերպ այդ կրակի վրա նոր յուղ լցնելով: Իմ կարծիքով, պետք է դադարենք իրար քննադատել ու առաջ շարժվենք»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը:
Մեր հարցին՝ կիսո՞ւմ եք 1-ին նախագահի գնահատականները ընդդիմադիր ուժերի մասին, նա չպատասխանեց. «Չէի ցանկանա մեկնաբանել Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքը: Ես մի կարծիք ունեմ՝ պետք է պայքարենք ու ժամ առաջ ազատվենք այս իշխանություններից»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ ի՞նչ է փոխվել, որ ՀԱԿ անդամները կրկին սկսել են ընդդիմադիրներին քննադատել, ավելի վաղ պնդում էին, որ իրենց թիրախը իշխանությունն է եւ իշխանահաճո ընդդիմությունն է միայն ընդդիմությանը քննադատում, Գուրգեն Եղիազարյանը կրկնեց. «Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքը չեմ մեկնաբանում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ